Կադրային քաոս

Կադրային քաոս

«Քաղաքացիական պայմանագիր» իշխանական կուսակցությունում, իսկ դա նշանակում է՝ նաև իշխանությունում գործողությունների անտրամաբանականությունը և քայլերի հեղհեղուկությունը հասել են կրիտիկական աստիճանի․ այստեղ չեն գործում նույնիսկ փիլիսոփայության պարզագույն՝ պատճառահետևանքային կապերը։ Բարձր պաշտոններից մարդիկ են ազատվում՝ չգիտես ինչու, բարձր պաշտոնների մարդիկ են նշանակվում՝ չգիտես ինչպես։

Թե ինչու է իշխանությունը որոշել, որ, օրինակ, որևէ պատգամավորի մանդատ վայր դնել տալով և գործադիրում ինչ-որ պաշտոնյա դարձնելով ինքը կառավարման ճգնաժամի չեզոքացման խնդիր է լուծում՝ պարզ չէ։ Դա թերևս մտնում է իշխանության տեսաբան առաջնորդի «սխալների» նորագույն տեսության մեջ, որտեղ սխալն ընկալվում որպես գլխիվայր շրջված ճիշտ, իսկ  ճիշտը՝ սխալ։ Թերևս։ Բայց ամենազավեշտալին այն է, որ իշխանության երևելի դեմքերն  իրենք էլ են վարանում նիկոլական ճիշտ ու սխալի խաչմերուկներում, ավելին՝ նրանք նույնիսկ սեփական կաշվի վրա են դժվարանում որոշել ճիշտն ու սխալը։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, որը դեկտեմբերի 16-ին հրաժարական է տալու, մինչև հիմա գլխի չէ՝ ինչո՛ւ պիտի հրաժարական տա։ Նա դժվարանում է նշել խելքը գլխին թեկուզ մեկ պատճառ։ Դա զարմանալի չէ, որովհետև ժամանակակից Հայաստանում հրաժարականները տրվում են ոչ թե հիմնավոր պատճառներից ելնելով, այլ ընդամենը մեկ մարդու հիվանդագին ցուցումով կամ ցանկությամբ։ Եվ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։

«Ես վաղը պատրաստվում եմ հրաժարականի դիմում ներկայացնել, այդ որոշումն ընդունվել է քաղաքական թիմի ներսում, և փոփոխությունները, որոնք որ տեղի են ունենում, գուցե այդ փոփոխությունը դրա տրամաբանական շարունակությունն է»: Ուշադրություն դարձրեք մարզպետի խոսքում «գուցե» բառի վրա․ այսինքն՝ վերջինիս համար էլ կատարելապես անհայտ է, թե ինչի՞ համար է հրաժարական տալիս։

Այնուհետև, լրագրողի հարցին՝ «Ի՞նչ նկատի ունի` ասելով ստեղծված իրավիճակը հաշվի առնելով է նման որոշում կայացրել», մարզպետն ավելի է անկեղծանում․ «Չեմ կարող ես այդ պատասխանը տալ, այո, որոշվել է թիմի ներսում, որևէ կոնկրետ հանգամանքի հետ կապված չէ»։  

Կադրային քաղաքականության մեջ քաոսը շարունակվում է։ Բայց ամենահետաքրքիրը գործողությունների մեջ պատճառահետևանքային կապերի լիակատար բացակայությունն է։ Դա հստակ երևում է նույն Լոռու դեռ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի օրինակով։ 

Քաոսը շարունակվում է։