Կոռուպցիոն սխեմա

Կոռուպցիոն սխեմա

«Գորշ սխեմա» արտահայտությունն օգտագործվում է հաշվապահության ոլորտում: Այն ենթադրում է եկամուտների և ծախսերի հաշվարկումների այնպիսի մեխանիզմի գործարկում, որի դեպքում մեծացվում են ծախսերը կամ փոքրացվում եկամուտները: Դրա արդյունքում փոքրանում է շահույթը, և, բնականաբար, շատ ավելի փոքր շահութահարկ է մուծվում պետությանը: Ընդ որում, երևույթն առկա է ամենուրեք՝ թե՛ պուտինյան Ռուսաստանում և թե՛ «ժողովրդավարական» արևմտյան երկրներում: Իսկ թե ինչու եմ «ժողովրդավարական» բառը ներկայացրել չակերտավոր՝ հասկանալի կլիներ եթե մեկ-երկու շաբաթ առաջ տեսած լինեիք Նիդերլանդներում ոստիկանական շներով ցուցարարների վրա հարձակվելու կադրերը: Կամ էլ այս օրերին ոստիկանների կողմից բողոքավոր ֆրանսիացիներին մահակներով ծեծելու կադրերը: Դրանով այդ երկիրն, ի դեպ, այն աստիճան նահանջեց ժողովրդավարությունից, որ իրանական իշխանությունները (երկրի ԱԳՆ-ն) հանդես եկան ի պաշտպանություն ֆրանսիական ցուցարարների իրավունքների:

Վերադառնանք գորշ սխեմաներին կամ, ավելի ճիշտ, դրան խիստ նման մեկ այլ երևույթի: Դա հիմնադրամների նվիրատուների գաղտնիության խնդիրն է: Այն անձը, ով առաջին անգամ «երկնել» է նվիրատուների անունը գաղտնի պահելու գաղափարը, երևի առաջնորդվել է բարեգործության ոլորտի հիմնական սկզբունքով, ինչը գնում է դարերի խորքերը՝ հասնելով Հիսուս Քրիստոսին: Որն, ինչպես գիտենք, բարեգործներին խորհուրդ էր տալիս այնպես անել դա, որպեսզի ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում աջը: Այսինքն, անել այնպես, որ հասարակությունից գաղտնի մնա, թե ով է անում բարեգործությունը: Որովհետև այն հենց անողի հոգու համար է, և ոչ թե հասարակության մեջ աչքի ընկնելու համար: Ի դեպ, նման օրինակ վերջերս տեղի ունեցավ Ռուսաստանում: Մոսկվացի մեծահարուստ մեկի մասին միայն հարկային փաստաթղթերից իմացվեց, որ վերջինս լուրջ ֆինանսական օգնություն է տրամադրել ուկրաինական Բախմուտ քաղաքում մարտնչող ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության համար արկեր ձեռք բերելուն: Ոչ հեռավոր ապագայում տարոսը մեզ:

Վերջապես հասանք հիմնադրամներին, որոնց մասին օրենքի հոդվածներից մեկով պահանջվում է տարեկան հաշվետվության ներկայացում ՊԵԿ-ին: Այդ թվում՝ նվիրատուների կատարած ֆինանսավորման չափերի առումով: Օրենքում, սակայն, բացակայում է պահանջ նվիրատուների անունների բացահայտման տեսակետից: Եւ այդ դրույթը կարծես թե 2018 թվականից հետո է հանվել օրենքից: Դրանից օգտվելով՝ «ամենաժողովրդավարական» և «ամենաթափանցիկ» Հայաստանում իշխող կուսակցության կողմից ստեղծված և վարչապետի կնոջ կողմից ղեկավարվող «Իմ քայլը» հիմնադրամը գաղտնի է պահում միլիոնավոր դրամներ նվիրաբերած անձանց անունները: Իշխանափոխությունից հետո, բնականաբար, այդ ամենը գաղտնազերծվելու է, և հասարակությունը վերջապես իմանալու է, թե ովքեր են շռայլ նվիրաբերություններ կատարել հիմնադրամին: Սակայն մինչ այդ, որպես ակտիվ քաղաքացի, ես կարող եմ, չէ՞, ենթադրել, որ դրանց թվում կարող են լինել հայաստանյան գործարարներ: Դա հենց այն գորշ սխեման է, որով գործարարը կարող է գումար «նվիրել» վարչապետի կնոջ հիմնադրամին՝ ակնկալելով «ես քեզ, դու ինձ» սխեմայի գործարկում: Եվ չսխալվելով, այնուհետև արտոնություններ ստանալ կառավարության որոշումով: Բայց այդ սխեման, ի տարբերություն հարկերից խուսափելու խնդրի, ունի կոռուպցիոն ուղղվածություն: Չնայած, եթե հիշում եք, վարչապետի ասելով` Հայաստանում համակարգային կոռուպցիան հաղթահարված է:

Ասվածը նշանակում է, որ վարչապետի ընտանիքի անդամը կամ որևէ ազգակից չպետք է կապ ունենար կուսակցական հիմնադրամի գործունեության հետ: Կամ էլ, ի տարբերություն այլ հիմնադրամների, վարչապետի կնոջ կողմից ղեկավարվող (Հայրապետյան Մխիթարի գործադիր տնօրեն լինելը հաշիվ չէ) հիմնադրամը պետք է «ժողովրդավարական բաստիոնում» թափանցիկության օրինակ ծառայեր: Եվ ամբողջությամբ բացեր հիմնադրամի ֆինանսական հոսքերի վերաբերյալ տեղեկատվությունը: Իսկ ամենաճիշտն այն կլիներ, որ վարչապետի բանասեր տիկինը զբաղվեր զուտ երկրի մշակութային կյանքն ակտիվացնելու ազգանվեր գործով: Իսկ արտերկիր զբոսանքները թողներ, օրինակ, զբոսաշրջիկության խնդիրների արծարծման նպատակով հատուկ դրա համար վաղուց ստեղծված և գործունեություն ծավալող կոմիտեին:

ՀՀ վարչապետի տիկնոջ կողմից ղեկավարվող հիմնադրամի գործունեության ոչ թափանցիկ լինելու մեջ առկա է նաև մեկ այլ խնդիր: Մենք մեկ-մեկ իմանում ենք, որ հիմնադրամի նվիրատուների շարքերում սփյուռքահայեր կան: Իսկ եթե պարզվի, որ հայկական ազգանունների ներքո թաքնված են ադրբեջանցինե՞ր կամ թուրքե՞ր: Չնայած, որքան հասկանում եմ, թուրքի հետ թշնամի չլինելու գաղափարի առկայության դեպքում դա այլևս չի կարող դիտարկվել որպես անվտանգային խնդիր: Բացի այդ, եթե քպկական «ազգընտիրները» խնդիր չեն տեսնում վերջինների հետ համագործակցություն անելու մեջ, ապա ի՞նչ անվտանգային խնդիր: Ինչ մնում է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքից ելնելով նվիրատուների անունները չհրապարակելու իրավունքին, ապա նորմալ իշխանության դեպքում անվտանգային խնդիրը գերադաս կլիներ դրա նկատմամբ: Իսկ եթե այդ պատճառով պակասեր նվիրատուների քանակը, ապա դա մեծ ողբերգություն չէր լինի: Հատկապես, որ մեր երկրում ավելի քան երեք տասնամյակ գործում է այդ առումով բավական թափանցիկ «Հայաստան» հիմնադրամը: