Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել

Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրամանագիր է ստորագրել, որով ընդունել է այդ երկրի կառավարության հրաժարականը։ Երկրի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ասկար Մամինը։

Ըստ Աստանայի հրապարակած պաշտոնական հայտարարության, Նուրսուլթան Նազարբաեւը նշել է, որ կայացվել է պետության համար չափազանց կարեւոր որոշում ու թեեւ սոցիալ-տնտեսական վիճակը կարելի է համարել նորմալ ու կայուն, սակայն ներկա ժամանակների համար դա քիչ է։ Նա դժգոհ է հատկապես այն հանգամանքից, որ ՀՆԱ-ն աճում է հիմնականում հանքահումքային ոլորտի հաշվին։

Եվ բացի այդ էլ, կառավարությունն ու Ազգային բանկն այդպես էլ չեն կարողացել մշակել տնտեսության խթանման համալիր փաթեթ։ Դժգոհությունները կապված են նաեւ կառավարության անդամների՝ հասարակության հետ աշխատել չկարողանալու, մարդկանց խնդիրները լսելու կարողությունից զուրկ լինելու եւ այլ հարցերի հետ, որոնք հասարակության մոտ կարող են ձեւավորել նեգատիվ վերաբերմունք իշխանությունների հանդեպ։