Վաշինգտոնը սկսում է հաղթել

Վաշինգտոնը սկսում է հաղթել

Շաբաթը բավական հետաքրքիր ու ինտրիգային սկսվեց։ Միացյալ Նահանգներում նախօրեին մեկնարկեցին հայ-ամերիկա-ադրբեջանական բանակցությունները՝ ղարաբաղյան հարցի կարգավորման հետ կապված, որոնք կշարունակվեն ողջ շաբաթվա ընթացքում։ Հայաստանի եւ Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումների ֆոնին, ինչ խոսք, նման շրջադարձը հետաքրքիր է ու ինտրիգային։ Ադրբեջանական մամուլի հրապարակումներին եթե հավատանք, ապա ընդունվելու է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզ»։
«Ամերիկայի ձայնն» ավելի զուսպ է գրում, որ բանակցություններն ընթանում են «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» փաստաթղթի շուրջ:

Դատելով ամերիկյան կողմի ազդակներից եւ հրապարակումներից՝ Վաշինգտոնում որոշել են լրջորեն նախաձեռնողականություն հանդես բերել ղարաբաղյան հարցի կարգավորման գործում եւ իրենց վերապահել «Հարավային Կովկասի խաղաղարարի» կոչումը, ինչն ուղղակիորեն կնշանակի Ռուսաստանի դիրքերի զգալի թուլացում տարածաշրջանում, գուցե նաեւ՝ տարածաշրջանից դուրս գալու գործընթացի սկիզբ։ Այս առումով պատահական չեն ո՛չ լուրերն այն մասին, որ Արեւմուտքն ավելացնում է ճնշումը Երեւանի վրա, որ հնարավորինս շուտ ավարտին հասցվի խաղաղության պայմանագրի ստորագրումը, ո՛չ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե Բաքուն շնորհակալ է Վաշինգտոնին, որ Երեւանին վերադարձրել է բանակցային սեղան։
Ուշագրավ է այն, որ ամերիկյան կողմի ակտիվացումը եղավ այն բանից հետո, երբ Ռուսաստանը փոխեց Ղարաբաղում իր խաղաղապահ զորքերի հրամանատարին՝ նշանակելով ռուսական ռազմական վերնախավի կարեւոր դեմքերից մեկին, ով արդեն եղել է Երեւանում եւ մեկնելու է Բաքու։

Արդեն հայտնի է, որ քննարկվող՝ «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» (Agreement on the normalization of relations) անունը կրող փաստաթղթում փորձ է արվելու այնպիսի հունով տանել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որ կողմերը՝ հայերն ու ադրբեջանցիները, կարողանան միասին ապրել, տնտեսական կապեր ստեղծել եւ նույնիսկ ապահովել իրենց հավաքական անվտանգությունը տարածաշրջանում: Ամերիկյան աղբյուրների համաձայն, այդ փաստաթուղթը բավականին կոմպլեքս է լինելու, որտեղ հաշվի են առնվելու նաեւ էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը։ Սա նշանակում է որոշակի մեխանիզմ, որը կոչված է լինելու պաշտպանել Ղարաբաղի հայությանը, սակայն այդ մեխանիզմը որքանով է Ղարաբաղին՝ որպես միավորի, սուբյեկտայնություն տալու կամ կարգավիճակ ապահովելու, դժվար է ասել։ Հնարավոր է, որ առհասարակ նման բան չլինի էլ, ու պարզապես հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման հարցը ֆիքսվի` ադրբեջանական իշխանությունների հովանու ներքո։

Սրան, բնականաբար, Մոսկվան չի նայի մատների արանքով։ Ու պատահական չէ, որ Վաշինգտոնից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են նաեւ Մոսկվայում, ինչը նշանակում է, որ ղարաբաղյան կարգավորման հարցով մրցակցությունը 2 աշխարհաքաղաքական կենտրոնների միջեւ կշարունակվի։