ՔՊ-ն փորձում է զրկել գյուղապետին խոշորացված Ախուրյանում ընտրություններին մասնակցելուց

ՔՊ-ն  փորձում է զրկել գյուղապետին խոշորացված Ախուրյանում ընտրություններին մասնակցելուց

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատի է տվել «Իկիլիկյան դաշինք»-ին՝ պահանջելով անվավեր ճանաչել դաշինքի գրանցումը դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ «Իկիլիկյան դաշինք»-ն առաջադրվել է Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում, եւ ցուցակը գլխավորում է Ազատան համայնքի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը։

Նշենք, որ մինչ այդ «Իկիլիկյան դաշինք»-ն էր դատի տվել թիվ 32 ընտրատարածքային հանձնաժողովին, քանի որ իրենց գրանցումն անվավեր էին ճանաչել։ Վարչական դատարանը  բավարարել էր դաշինքի հայցը՝ վերականգնելով գրանցումը։ Բայց ինչպես երևում է, իշխող կուսակցությունը չի հանգստանում, Ախուրյանում գլխավոր մրցակից տեսնելով հենց Իկիլիկյանին, այժմ էլ իրենք են դատի տվել մրցակցին։ Դատական նիստը կայանալու է այսօր։ Նիստից առաջ hraparak.am-ը զրուցեց Վարդան Իկիլիկյանի հետ՝ պարզելու, թե իրավական ինչ հիմքով է ՔՊ-ն դիմել դատարան։

«Պատճառաբանվում է, թե համայնքների թիվը ուշ ենք ներկայացրել, մենք ներկայացրել էինք 33, հետո եկավ հայտարարություն, որ 35-ն են լինելու, այսինքն՝ 18 թեկնածու պիտի ներկայացնեինք, 14 ենք ներկայացրել, ապակողմնորոշիչ բաներ։ Օրենքով ընտրատարածքայինը մեզ պետք է 48 ժամ տրամադրեր, որպեսզի փաստաթղթերը կարգավորեինք, հանձնաժողովը պարտավոր էր բոլոր փաստաթղթերը մեկ առ մեկ ստուգել, հետո զգուշացնել, որ սխալներ կան, բայց ոչինչ չեն ասել։ Ի դեպ, սկզբում՝ նոյեմբերի 3-ին, փաստաթղթերը ընդունեցին, մեզ գրանցեցին։Հետո նոյեմբերի 7-ին անվավեր ճանաչեցին գրանցումը, դիմեցինք դատարան, վերականգնեցին, հիմա նույն հիմքերով  ՔՊ-ն է նորից մեզ դատի տալիս»,-պատմեց  մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այդ ամենի մեջ քաղաքական հետապնդում է տեսնում։

«Իրենց հերթական վախն են ցույց տալիս։ Ես արդեն 12 տարվա համայնքապետ եմ, եւ այս անգամ էլ որոշեցի ոչ թե որպես անհատ առաջադրվել, քանի որ մեծամասնական ընտրակարգն իրենով թերություն է, այլ հանդես գալ դաշինքով՝ միավորվելով  «Իմ հզոր համայնք» եւ  «Ազատություն» կուսակցությունների հետ։ Նաև հաշվի առնելով, որ ընտրություններին ժողովրդին ոչ այնքան կուսակցություններն են հետաքրքրում, որքան՝ անհատները» ։