«Հրապարակի» լրագրողը՝ Մասիս խոշորացված համայնքի ավագանու թեկնածու

«Հրապարակի» լրագրողը՝ Մասիս խոշորացված համայնքի ավագանու թեկնածու

Դեկտեմբերի 5-ին կայանալու են Մասիս համայնքի ընտրություններ: Հիշեցնենք, որ այստեղ միավորվում է 27 համայնք: Ընտրապայքարի են դուրս եկել «Դավիթ Համբարձումյան» դաշինքը՝ գործող քաղաքապետի գլխավորությամբ, եւ ՔՊ-ն՝ Մասիսի ԵԿՄ ղեկավար Սայեն Հայրապետյանի գլխավորությամբ: «Դավիթ Համբարձումյան» դաշինքով որպես ավագանու թեկնածու առաջադրված է նաեւ «Հրապարակի» լրագրող Նաիրա Վանյանը, ով այս անգամ հարցեր տալու փոխարեն  պատասխանում է հարցերի:

-Տիկին Վանյան, ինչպե՞ս եղավ, որ որոշեցիք մասնակցել այս ընտրապայքարին եւ ինչու՞ հենց այս դաշինքով:

-Մասնագիտության բերումով ես երկար տարիներ լուսաբանել եմ Հայաստանի մարզերը՝ իրենց խնդիրներով: Լավատեղյակ եմ Մասիս քաղաքի ու իր տարածաշրջանի խնդիրներին,նաեւ՝ այս տարածաշրջանում տասնհինգ տարի բնակվելու հանգամանքով: Ես տեսել եմ Մասիսը մինչ Դավիթ Համբարձումյանի՝ քաղաքապետ դառնալը. այն կարծես մեռնող քաղաք լիներ. ոչ մի բարեփոխում չկար, ոչ մի գործ չէր արվում: Երիտասարդ Համբարձումյանը, երբ առաջին անգամ ընտրվեց քաղաքապետ, թեեւ համայնք ղեկավարելու փորձ չուներ, բայց մինչ այդ այլ ոլորտներում զբաղեցրել էր պատասխանատու պաշտոններ, կիրթ է, զարգացած, եւ  քաղաքին նոր շունչ տվեց: Հենց դրանով է պայմանավորված, որ ես համաձայնվեցի լինել այս թիմի կողքին, այս թիմի անդամ, աշխատել նրանց հետ, օգնել: 

-Ժամանակին Դուք միայն դրական հրապարակումներ չէիք անում Դավիթ Համբարձումյանի մասին, ունեցել եք նաեւ քննադատական հրապարակումներ… 

-Իսկ ո՞վ է ասում, որ որեւէ մեկն անսխալական է, ցանկացած պաշտոնյա խոցելի է, չի կարող քննադատելու տեղ չունենա: Բոլորն էլ ունենում են սխալներ, բացթողումներ, նայած, թե ինչ տրամաչափի եւ ինչ բնույթի սխալ է, դա խանգարում է նրա լավ աշխատանքին, թե՝ ոչ: Եվ ո՞վ է ասում, թե՝ ես լինելով նույն դաշինքի ավագանու անդամ, նիստերի ժամանակ չեմ խոսելու, չեմ բարձաձայնելու սխալներից, բացթողումներից: Եվ դա լավ գիտի Համբարձումյանը, ով իր գլխավորած դաշինքում, այսպես ասած՝ հանդուրժել է երկու լրագրողների. մյուսը «Երկիր Մեդիայի» մեր գործընկեր Անի Նահապետյանն Է: Համբարձումյանը ընդունում է առողջ ու կառուցողական քննադատությունը, կարողանում է լսել  այլ կարծիքներ, քննարկել, հետեւութուն անել: Կարծում եմ՝ մեր  համատեղ աշխատանքը արդյունավետ ու կառուցողական կլինի:

-Չե՞ք կարծում, որ սրանով Ձեր անունը կկապվի քաղաքական այն ուժի հետ, որի անդամ է Համբարձումյանը:

-Հասկանում եմ, որ ուժին նկատի ունեք՝ ՀՀԿ-ին: Ոչ, չեմ կարծում, քանի որ «Դավիթ Համբարձումյան» դաշինքը հանդես չի գալիս ՀՀԿ-ով, այստեղ քաղաքական տարբեր ուժեր են, քաղաքական տարբեր տեսակետների մարդիկ: Ես առաջին հերթին հանդես եմ գալիս որպես իմ համայնքի բնակիչ: Իմ լրագրողական տարիներին շատ են եղել տարբեր քաղաքական ուժերի կողմից առաջարկներ՝ դառնալ իրենց քաղաքական թիմի անդամը: Հրաժարվել եմ, չեմ ցանկացել կապված եւ կախված լինել որեւէ քաղաքական թիմից: Ես գերադասում եմ անկախությունը որեւէ մեկից: Իհարկե, որպես քաղաքացի, ես էլ ունեմ իմ քաղաքական կողմնորոշումը, բայց դա չպետք է դառնա կախվածություն այդ ուժից: 

-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր դաշինքի՝ հաղթելու հնարավորությունը:

-Շատ բարձր: Իհարկե, չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, բայց ես տեսնում եմ բնակիչների դրական վերաբերմունքը մեր դաշինքի հանդեպ, քանի որ այստեղ իրենց ոլորտներում հաջողության հասած մարդիկ են՝ բժիշկներ, մանկավարժներ, տարբեր բնագավառներում կայացած մարդիկ, որոնք իրենց գործով, իրենց կենսագրությամբ են հավատ ու վստահություն ներշնչում: Իսկ ընտրողը միշտ վստահում է կայացած, հաջողակ եւ բանիմաց մարդկանց: Որքան էլ ողջ պետական ապարատը աշխատեցնեն մեր դեմ, տարբեր եղանակներով սպառնան մարդկանց, միեւնույն է, քվեախցիկում ընտրողը մնալու է միայնակ եւ կատարելու է սթափ ընտրություն…