Խամաճիկները եւ արտաքին հետախուզությունը

Խամաճիկները եւ արտաքին հետախուզությունը

Արտաքին հետախուզական ծառայություն ունենալը, ինչ խոսք, լավ բան է: Ինչպես ԱԺ փոխխոսնակ Արշակյանն է ասում՝ այդ ծառայությունը պետք է դառնա մեր երկրի աչքն ու ականջը: Հրաշալի կլինի, իհարկե, եթե մենք նախօրոք տեղեկություն ունենանք, թե Ալիեւը երբ է պատրաստվում հարձակվել Հայաստանի վրա կամ փակել Լաչինի միջանցքը, եթե այն մի հրաշքով բացվի: Բայց, մյուս կողմից էլ, այդ ծառայությունն ավելորդ շքեղություն է Հայաստանի, այսօրվա Հայաստանի, իսկ ավելի ստույգ՝ Նիկոլի Հայաստանի համար:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը 2020թ. սեպտեմբերի 27-ին գիտեր, որ Ադրբեջանը պատերազմ է սկսելու: Միայն ժամն էր խառնել մի թեթեւ ու չէր հասցրել զորքը զորանոցներից հանել: Ես ինձնից ոչինչ չեմ հնարում: Գնացեք՝ իրեն հարցրեք ու նաեւ հետաքրքրվեք՝ այ մարդ, դու որտեղի՞ց այդքան բան գիտեիր: Ավելին ասեմ՝ Փաշինյանը գիտեր, որ մենք 44-օրյա պատերազմում պարտվելու ենք: Նա գիտեր, որ նախկինները զենք չեն առել, բանակ չեն պահել, թալանել են, բայց մինչեւ Շուշին չտվեց՝ չհանգստացավ, որովհետեւ դա էլ էր իր անելիքը, եւ նա գիտեր այդ մասին: Է՛լ աղաչանք, է՛լ պաղատանք՝ Նիկոլ, արի՝ մի քանի օր առաջ դադարեցրու պատերազմը: Չէ, բա որ ինձ ասեն դավաճա՞ն: Բայց հո դավաճանը պոզով-պոչով չի՞ լինում: Դավաճանը հո իր ծրագրերը մինչեւ վերջ չի՞ բացահայտում: Նա նախ իր սեւ գործը գլուխ է բերում, հետո սկսում մեղավորներ փնտրել: Բայց ասեմ՝ ինձ չի էլ հետաքրքրում, թե Նիկոլ Փաշինյանը որ երկրի արտաքին հետախուզության ներկայացուցիչ է: Հայաստանում գործակալական ցանցեր շատ երկրներ ունեն: Արարատ Միրզոյանը, օրինակ, ընտրել էր թուրքական ցանցը, Արման Բաբաջանյանը, ինչպես Վիքիլիկսը պարզեց, անգլիական շպիոն էր, Սաֆարյան Ստյոպն ու նրա քրացուն՝ Անահիտ Բախշյանը, ամերիկյան, եւ այսպես շարունակ: Էն էլ ասեմ, որ այս երեւույթի մասին Նիկոլ Փաշինյանն առաջինն է բարձրաձայնել Թեհրանում, երբ նոր էր վարչապետ դարձել: Թե բա՝ Հայաստանում լիքը պաշտոնյաներ կան, որոնք չգիտես թե որ երկրին են ծառայում: Դարձյալ հարց է առաջանում՝ բա Նիկոլը որտեղի՞ց գիտեր այդքան բան, հը՞:

Ես, իհարկե, ՔՊ-շնիկների այս բազմության չափ չեմ տիրապետում արտաքին հետախուզական ծառայության գործունեության մանրամասներին, բայց, լինելով 40 տարվա լրագրող, մի պարզ ճշմարտություն գիտեմ. այդպիսի ծառայություն ստեղծում են սուսուփուս, լռելյայն, որպեսզի այն երկրները, որոնցում փորձում ես լրտեսություն անել, չզգուշանան: Թե չէ՝ բերել, այս հարցը մի էշի հարսանիք եք դարձրել, զուռնա-դհոլով, իրար քրֆելով, բանով: Ու հենց դրանից էլ արդեն զգացվում է, որ մենք երբեք նման ծառայություն չենք կարողանալու ստեղծել: Թղթի վրա՝ գուցե. ծառայության պետ, տեղակալներ, օգնականներ, թիվ 007 ագենտներ, գաղտնի շտաբ-բնակարաններ, թռիչքներ դեպի աշխարհի տարբեր մայրաքաղաքներ, պետական գաղտնիքների տիրապետող արտասահմանցի պաշտոնյաների կանանց անկողիններ… Էս մեկը չէի՞ք լսել: Բա պատմեմ՝ ուրեմն ամեն անգամ, երբ Ջեյմս Բոնդն արթնանում էր հերթական «անծանոթ» կնոջ անկողնում, հետեւյալ նախադասությամբ էր արդարանում սեփական ղեկավարության առաջ. «Ինչե՜ր չես անի Մեծ Բրիտանիայի եւ թագուհու համար»: Ու հիմա մենք այսպիսի կառույց ենք ստեղծում՝ աշխարհին մեզ վրա խնդացնելով: Թե բա՝ սփյուռքահայերը կօգնեն մեզ՝ տեղեկություններ հավաքելու հարցում: Դուք հո գի՞ժ չեք, արա: ՑՌՈւ-ի գործակալին նշանակել եք սփյուռքի հարցերով հանձնակատար եւ ուզում եք, որ սփյուռքը նրա միջոցով ձեզ տեղեկություննե՞ր փոխանցի: Ու էդ մասին էլ դեռ բարձրաձա՞յն եք խոսում:

Որ Անդրանիկ Քոչարյանին թողնենք, ասում է՝ Նեմեսիսը լավ չի, պիտի մենք բացահայտ գործող կառույց ունենանք, որը մեզ համակարգված տեղեկություններ կփոխանցի: Եսիմ, 21-րդ դարն է, գուցեեւ ճիշտ է ասում Անդրանիկ Քոչարյանը: ԱՄՆ-ն, Անգլիան, Գերմանիան, Թուրքիան, Ադրբեջանը վաղուց արդեն այդպիսի կառույցներ ունեն, որոնք գործում են գաղտնի, հաճախ՝ իրենց դեսպանատների հովանոցների տակ: Բայց ինչպե՞ս վարվել, երբ հստակ է, որ Անդրանիկ Քոչարյանին ու ՀՀ իշխանությունների մյուս ներկայացուցիչներին այդ համակարգված տեղեկությունները ոչինչ չեն ասելու եւ, մանավանդ, ոչինչ չեն տալու: Ենթադրենք՝ մի տեղից հանկարծ իմանային, որ Ալիեւի բնապահպանները պատրաստվում են փակել Լաչինի միջանցքը:

Ի՞նչ պետք է անեին Նիկոլ Փաշինյանն ու Անդրանիկ Քոչարյանը: Արարատում կարկուտ է գալիս, բերքը փչացնում՝ վազում, մտնում են ծակերը, որ ոչինչ չանեն գյուղացուն օգնելու համար: Բայց դու տես, թե գլխներից մեծ ինչ գործեր են բռնել՝ արտաքին հետախուզական ծառայություն: Երկրի ու ժողովրդի մաման լացացրել են, եկել են, թե՝ արտաքին հետախուզական ծառայություն ունենանք, որ վիճակը դզվի: Ծառայության պետ էլ թե ում կնշանակեն՝ Աստված գիտի: Քոչարյան Անդոյին դրեք, յա թե չէ՝ Վահագն Ալեքսանյանին: Նրանք, Նիկոլ Փաշինյանից հետո, դավադրությունների տեսության լավագույն մասնագետներն են:

Նիկոլ Փաշինյան ասի՝ հիշեցի: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է ճիշտ, որ խաղաղություն քարոզող երկրի իշխանությունն ի լուր աշխարհի հայտարարի այլ երկրներում զինյալ կառույցներ ստեղծելու մասին: Մեր արտաքին հետախույզները, անշուշտ, լավ զինված են լինելու՝ զաժիգալկա-ատրճանակներ, կրակող գրիչներ, պայթուցիկ ժուչոկներ, դանակներ, պատառաքաղներ, ինչու ոչ՝ ակամա սիրուհու անկողնուց Կենտրոնին օգտակար տեղեկություններ փոխանցող ապահովիչներ՝ .անդոններ:

ՀԳ. Ես երկու ձեռքով կողմ եմ արտաքին հետախուզական ծառայություն ունենալուն, բայց՝ իշխանափոխությունից հետո: