Պաշտոնների բաշխում. քաղաքապետը հանուն հուշագրի, մարզպետը՝ ՏԻՄ ընտրությունների

Պաշտոնների բաշխում. քաղաքապետը հանուն հուշագրի, մարզպետը՝ ՏԻՄ  ընտրությունների

 Երեկ Գյումրու ավագանու արտահերթ նիստին ընտրվեցին երկու փոխքաղաքապետերը, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ էին՝ Արթուր Պապիկյանն ու Դավիթ Առուշանյանը։Հիշեցնենք, որ «Բալասանյան դաշինք» եւ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ստորագրած հուշագրով պայմանավորվածություն ձեռք բերվեց Գյումրու համայնքապետարանում մի շարք առանցքային պաշտոններ զիջել ՔՊ-ին: Ավագանու արտահերթ նիստին ոչ միայն քաղաքապետի տեղակալների անունները հայտարարվեցին, այլև վարչության պետեր եւ մշտական հանձնաժողովների նախագահներ եւ տեղակալներ ընտրվեցին, որը ինչպես սպասվում էր, հավասարապես բաշխվեց «Բալասանյան դաշինք» եւ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև:

4 հանձնաժողովներից 2-ը ղեկավարելու են  «Բալասանյան դաշինքի» ավագանիները, 2-ը՝ ՔՊ-ականները։ Գյումրու ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Բալասանյան դաշինք»-ից Լուսինե Սանոյանը՝ քաղաքապետի նախկին տեղակալ Ռուբեն Սանոյանի դուստրը։Իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նույնպես ղեկավարելու է  «Բալասանյան դաշինք»-ի անդամ Մխիթար Սահակյանը։ Իսկ ահա  մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի  ղեկավարումը հանձնեցին  ՔՊ-ին, որը կգլխավորի  Լիլիթ Մուրադյանը։ Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովն էլ վստահեցին Հարություն Նիկողոսյանին՝ կրկին  ՔՊ-ից։

Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը չթաքցրեց, որ պաշտոնների վերաբաշխումը կնքված հուշագրի համաձայն է։ Ի դեպ, համայնքապետարանի վարչության պետերի մասով դեռևս որևէ որոշում չկա, միայն ակնկալվում է, որ այստեղ  կադրային փոփոխություն դժվար թե տեղի ունենա, քանի որ նորընտիր քաղաքապետը խոստացել է, որ որևէ մեկն աշխատանքից չի հեռացվի, ավելին՝ վերջերս ազատվածներն էլ կվերադառնան իրենց զբաղեցրած պաշտոններին։

Մինչ Գյումրու քաղաքապետարանում պաշտոնների համերաշխ վերաբաշխում է, Շիրակի մարզպետարանում անցանկալի անձինք լուռ հեռանում են ։ Օրինակ՝  ըստ տեղեկությունների, վերջերս աշխատանքից ազատված Շիրակի փոխմարզպետ Հովհաննես Զոհրաբյանն ազատման դիմումը գրել  էր վաղօրոք՝  դեռ Նազելի Բաղդասարյանի նշանակումից օրեր առաջ։ Փոխմարզպետի պաշտոնը դեռևս թափուր է։ Աշխատանքից ազատման որոշմանը պատրաստ էին նաև հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք, քանի որ նորընտիր մարզպետը նախօրոք էր հայտարարել, որ խորհրդականների եւ օգնականների փոփոխություն է նախատեսում ։ Մարզպետի խորհրդականի պաշտոնից առաջինը ազատվեց նախկին մարզպետի մտերիմը՝ Լևոն Անանյանը: Մարզպետարանի փոփոխություններից զատ, ուշագրավը նորանշանակ մարզպետի նոր նշանակումներն են  մարզի մի շարք համայնքներում :

Այն համայնքներում, որտեղ դեկտեմբերի 5-ին կայանալու են ՏԻՄ ընտրություններ, Նազելի Բաղդասարյանը շտապել է համայնքների ղեկավարների նոր պաշտոնակատարներ  կարգել: Փանիկում, Առափիում, Գետքում, Բենիամինում, Հայրենյացում, Սարատակում, Ոսկեհասկում համայնքապետերի ղեկավարների նոր պաշտոնակատարներ է նշանակել: Հասկանալի պատճառներով ընտրություններից առաջ նորանշանակ մարզպետը  ոչ այնքան մարզպետարանի ներսի կադրային փոփոխությունն է կարևորում, որքան՝ համայնքներինը, որտեղ անցկացվող ընտրությունները նրա համար  առաջին քննությունն են հանդիսանալու հարազատ կուսակցության եւ կառավարության առջև:

Ի դեպ, գրել էինք, որ Նազելի Բաղդասարյանին, չնայած  ցանկությանը,  չհաջողվեց եղբորը՝ ՔՊ-ական ավագանու անդամ Արման Բաղդասարյանին,  քաղաքապետի առաջին տեղակալ դարձնել: