Ժողովուրդը կարող է լինել մոլորության մեջ, բայց ոչ՝ մեղավոր

Ժողովուրդը կարող է լինել մոլորության մեջ, բայց ոչ՝ մեղավոր

Նիկոլ Փաշինյանի ռեժիմի դեմ պայքարող ընդդիմության ձախողումների մասին շատ է խոսվել ու բազմաթիվ՝ դիտանկյուններից։ Գլխավոր հարցն այն է, որ ո՛չ խորհրդարանական, ո՛չ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը չկարողացան հանրային, համաժողովրդական պայքար գեներացնել՝ նույնիսկ այնպիսի հուզական, ցավոտ, գոյաբանական սպառնալիք-հիմնախնդրի շուրջ, ինչպիսին 44-օրյա պատերազմն էր, Արցախի կորուստն ու հայաթափումը։ 
Զուգահեռաբար, ականատես ենք լինում, որ 2018-ի հայտնի դեպքերի հետևանքով փողոցից կառավարական օթյակներ տեղափոխված 3000-անոց խմբակը, ինչպես ճիշտ նկատել է գործընկերս, վճռում են երեքհազարամյա հայ ժողովրդի ճակատագիրը՝ խոցելով ու կազմաքանդելով ազգային-պետական բոլոր հիմնասյունները՝ Եկեղեցի, ընտանիք, պատմություն, դպրոց, գիտություն, մշակույթ, ծաղրելով դրանք ու անուրջ համարելով Հայի բազմադարյա դատը, պատմական արդարությունը, Արարատը, զինանշանը, օրհներգը, ամեն - ամեն ինչ... 

Իսկական ասպատակություն, որ բնորոշ է մեր թշնամուն։ Բայց թշնամու հետ սիրախաղի մեջ մտած, նրանից խաղաղություն մուրացող ու մեր վրա ժողովրդավարությունը տղա բերող իշխանությունների, թերևս, գլխավոր առավելությունը հայրենի ընդդիմության նկատմամբ, ժողովրդի հանդեպ վերաբերմունքի մեջ է։ Ճիշտ է, նրանց չարապատկան ու ազգակործան ուղեգիծը կանխատեսելի է, անշեղ, սակայն հիմնական դիրքավորումը, որքան էլ տարօրինակ չհնչի, դեպի ժողովուրդն է։ Ցանկացած քննադատության նրանք հակադարձում են՝ ժողովուրդն է մեզ ընտրել, ժողովուրդն է մեզ մանդատ տվել, ժողովրդին ենք հաշվետու, եթե չուզեն՝ իրենք կվճռեն... 

Ես իշխանությունների գովքով չեմ զբաղվել ու չեմ զբաղվելու։ Այդպես է եղել նախորդ բոլոր իշխանությունների տարիներին և այդպես է հիմա։ Փաստ է, սակայն, որ իշխանությունների երկարակեցության գաղտնիքը հենց ժողովրդին հղում տալու, նրան պատեհ պահին ճիշտ խոսքեր հասցեագրելու մեջ է։ Մի բան, որն էականորեն տարբերվում է ընդդիմության ելակետից։ Նախընթաց քաղաքական գործընթացների ձախողումներից հետո, ներընդդիմադիր երկպառակություններից, փոխադարձ կսմիթներից ու գրոտեսկներից հետո, հավաքական ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ խոսել ժողովրդի հետ՝ մի կողմ թողնելով ժողովրդի անունից ու սրտից խոսելու հնագույն վարքաբանությունը։

Իսկ ի՞նչ է ասում ընդդիմությունը։ Ասում է` մեղավորը ժողովուրդն է։ Բառացի ու անուղղակի նման ակնարկ-մուննաթներ են սպրդում մեր հանրային ու քաղաքական կյանք, խոսույթ։ Մեղավորը ժողովուրդն է, որ չի հասկանում, որ կործանվում է, որ ընտրում է։ Մեղավորը ժողովուրդն է, որ չի հասկանում իշխանությունների թուրքահպատակ ծրագրի անդառնալիությունը, անվտանգային սպառնալիքները։ Մեղավորը ժողովուրդն է, որ դեռ հավատում է Նիկոլին ու նրա թիմակիցներին։ 

Ժողովուրդը կարող է լինել մոլորության մեջ, բայց ոչ՝ մեղավոր։ Մեղավորն ընդդիմությունն է, որ մոլորության մեջ է ու մեղադրում է ժողովրդին