Վիլայեթացո՞ւմ, թե՞ ադրբեջանացում

Վիլայեթացո՞ւմ, թե՞ ադրբեջանացում

Վարչապետի աթոռը պաշտող անձնավորությունը վերջնականապես որոշել է Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթներից մեկը կամ Արևմտյան Զանգեզուր: Բայց որպեսզի այն ընդունելի լինի հայոց ժեխի համար՝ փաթեթավորում է ազատության, անկախության ու ինքնիշխանության գաղափարով: Իսկ որպեսզի վիլայեթացումը կամ ադրբեջանացումն ավելի ախորժելի դարձնի՝ հակադրում է դրան ծայրագավառային (բնականաբար՝ ռուսաստանյան) հնազանդությունը: 

Սրան որպես պատասխան՝ չնայած ծնվել և մեծացել եմ խորհրդային երկրում՝ ես երբեք վարակված չեմ եղել կարոտախտով: Քանի որ դաստիարակվել եմ հատկապես Սարդարապատի հերոսամարտի ոգով: Սակայն ես այնքան գիտակցություն ունեմ, որպեսզի հասկանամ՝ ռուսական ազդեցության գոտում և թուրքական հարևանությամբ գտնվող փոքր ու թույլ պետությունը չպետք է թշնամանա Ռուսաստանի հետ: Քանի որ թշնամանալու դեպքում հարյուրամյա այլընտրանքը թուրքական վիլայեթացումն է: Վերջերս էլ, Նիկոլի ջանքերի շնորհիվ, ավելացավ ադրբեջանացման վտանգը: Այնպես որ՝ դեպի Թուրքիա, եթե խուսափի Արևմտյան Ադրբեջան դառնալու հեռանկարից: Ինչպես երևում է, դա չի գիտակցում նախկինում «դուխով» համարվող Նիկոլը, որ կորցրել է նույնիսկ դրա հիշողությունը: Ու այսօր իրեն երևակայում է գերխելացի քաղաքական ստրատեգ՝ միջազգային հանրության աջակցության հույսով Ռուսաստանին ուղղելով լուրջ մեղադրանքներ: Ու առաջին հայացքից ճշմարիտ մեղադրանքներ է հնչեցնում:

Բայց եթե համադրում ես ոչ իր ներկայացրած կեղծ փաստերը (2014 կամ 2016 թվականներին թշնամու ագրեսիան դիմագրավելու համար Հայաստանը ՀԱՊԿ-ի կարիքը չուներ), այլ իր կողմից կատարված քայլերի հաջորդականությունը, ամեն ինչ ընկնում է իր տեղը: Նա շարունակում է իրականացնել այն, հանուն ինչի միամիտ բազմության միջոցով գրավել է վարչապետի բաղձալի աթոռը: Թեև 2019-ի ամռանը նա Արցախում գոռում էր, որ այն Հայաստան է, սակայն աշնանն արդեն բացահայտվել էր (գոնե լրագրող Նաիրի Հոխիկյանի համար), որ գալիք պատերազմում Հայաստանը պետք է պարտություն կրի: Եվ ծանր մարդկային ու տարածքային կորուստների առաջացրած հոգեբանական շոկի հետևանքով թշնամուն անարգել հանձնի Արցախը: Ծրագիրը Ռուսաստանի շնորհիվ մնաց կիսատ ու այն ամբողջացնելու համար անհրաժեշտ էր Արցախի վերջնական կորուստը: Ինչն էլ ենթադրելու էր ռուսական խաղաղապահ զորախմբի հեռացումը: Ինչ մնում է Գյումրիի ռուսական ռազմակայանին, ապա այն պետք է հեռացվեր ՀՀ-ի վրա իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ կողմից կատարված ագրեսիաների հետևանքով, որոնց կանխարգելմանը չէր մասնակցելու ՀԱՊԿ-ը: Վերջինս էլ մնում էր պասիվ վիճակում, քանի որ ՀՀ զինված ուժերն, իրենց հերթին, չէին փորձում կանխել թշնամու առաջխաղացումը ՀՀ տարածքում: Որովհետև նշված ծրագրի վերջնամասի առաջին արարը Սև լճի կամ Գեղարքունիքի «անմարդաբնակ» տարածքների համար պատերազմից խուսափելն էր: 

Անընդհատ անկախ պետականության և սուվերեն իրավունքի մասին խոսող անձը երկրի ղեկավարներից միակն էր, որ Հայաստանի ինքնիշխանության մակարդակը հասցրեց նվազագույնի: Ու դեռ փորձում է միամիտ զանգվածին համոզել, որ միակ ճշմարիտն իր քաղաքականությունն է: Եվ Հայաստանի միակ թշնամին էլ՝ Ռուսաստանը: Որովհետև, իր ասելով, ՌԴ-ն ոչ միայն չի պաշտպանում արտաքին վտանգներից, այլև խառնվում է Հայաստանի ներքին գործերին: Ենթադրում եմ, որ նկատի ուներ ՀՀ ԱԳՆ-ին  ուղղված ՌԴ դեսպանության նոտան՝ երբ արմատական արևմտամետները շրջափակել էին դեսպանատունը: Իր ասելով, հենց այդ երկրին հեռացնի մեր տարածաշրջանից՝ կամրապնդվի Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարություն, արտաքին ու ներքին անվտանգությունը: Իսկ որպեսզի այն ամրապնդվի՝ միջազգային հանրությունը կոչ է անում անսասան աջակցություն հայտնել իր գործողություններին: Ադրբեջանի հետ էլ կստորագրի  խաղաղության պայմանագիր՝ Խորհրդային Հայաստանի վարչական սահմանները դարձնելով պետականով: Իսկ հայաստանցին էլ վերջապես կապրի գոհ ու երջանիկ՝ ազատ, ինքնիշխան ու անկախ Հայաստանում: Իրականում, ստրուկի կարգավիճակով՝ եթե ընդհանրապես մնա այստեղ:

Եվ ոչ թե Հայաստանում, այլ կա՛մ Ադրբեջանի կազմում՝ Արևմտյան Զանգեզուր անվանման ներքո, և կա՛մ թուրքական հյուսիս-արևելյան ծայրամասային վիլայեթում:
Վերջում էլ արդեն որերորդ անգամ արդարացավ, որ Հռոմի ստատուտի վավերացումն ուղղված է ոչ թե Ռուսաստանի դեմ, այլ նպատակ ունի ապահովել մեր անվտանգությունը: Երևի ճիշտ այնպես, ինչպես 100 տարի առաջվա Վիլսոնյան վավերագիրը կամ Սևրի պայմանագիրը: