Մնջախաղի թատրոնը երբեւէ իր շենքը կունենա՞

Մնջախաղի թատրոնը երբեւէ իր շենքը կունենա՞

Այս տարի լրանում է Երեւանի մնջախաղի պետական թատրոնի 50-ամյակը, բայց թատրոնը սեփական շենք դեռ չունի։ Ավելի կոնկրետ՝ շենքն արդեն կա, բայց շինարարությունը 5 տարի է՝ ձգձգվում է եւ չի ավարտվում։

«Ես՝ ինքս, չեմ կարողանում հասկանալ, թե ինչու մեր փոքրիկ թատրոնի շինարարությունը 5 տարի շարունակ ոչ մի կերպ չի ավարտվում, մնացել են բեմն ու դահլիճը, որը 5 տարի է՝ սարքում-սարքում են, բայց չեն վերջացնում»,- ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։

Թե որն է խնդիրը, Ժ․ Դադասյանը դժվարանում է ասել, քանի որ պատվիրատուն քաղշինն է․ «Այդ հարցերով քաղշինն է զբաղվում։ Մենք հարցնում ենք, մեզ ասում են՝ անում ենք, բայց առաջընթաց առանձնապես չկա․․․»։ Մոտավոր ժամկետ չի՞ ասվել։ «Նախնական պլանով պետք է ավարտվեր դեռ 2020-ի վերջին, 21-ի սկզբին, դրանից հետո ժամկետ այլեւս չի եղել։ Միայն, որպես ցանկություն, ասում են, որ հուսանք՝ այս տարի կլինի, բայց ժամկետ չկա սահմանված, որից կբխեն պարտավորություններ»։   

Այդուհանդերձ, որոշակի առաջընթաց կա շենքի շինարարության մեջ։ «Մենք արդեն տեղափոխվել ենք մեր տարածքի վերանորոգված հատվածը, դա ադմինիստրատիվ մասն է, որն արդեն վերանորոգված է, բայց մենք տեղափոխվել ենք ստիպված, որովհետեւ արդեն Պատանի հանդիսատեսի թատրոնում էլ պետք է շինարարություն սկսվի։ Ամեն դեպքում, մենք տեղափոխվեցինք մեր տուն, թեկուզ կիսակառույց, եւ հիմա փնտրում ենք, թե ներկայացումները որ բեմերում խաղանք։ Արդեն 25 տարի է՝ թրծվել եմ այս գործում, որովհետեւ թատրոնի 50 տարվա գոյության պատմության մեջ, որից միայն 25-ը ես եմ ղեկավարում, կարողացել ենք օրգանիզմը պահպանել՝ այստեղ-այնտեղ խաղալով»,- նշում է Ժ․ Դադասյանը։