«Հրապարակ». Ջալալ Հարությունյանն իր մեղավորությունն ունի, ապակողմնորոշել է զորքին

«Հրապարակ». Ջալալ Հարությունյանն իր մեղավորությունն ունի, ապակողմնորոշել է զորքին

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը մտել է դատարան եւ առաջիկայում քննվելու է Սյունիքի մարզում։ «Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ գործը քննվելու է Սիսիանի դատարանում, այն մակագրված է դատավոր Գարիկ Աբելյանին, առաջին նիստը կայանալու է հունվարի 25-ին։ Մեր տեղեկություններով՝ տնային կալանքի մեջ գտնվող Ջալալ Հարությունյանը ներկայանալու է դատական նիստին։

Հիշեցնենք․ նրան մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի օրերին, մասնավորապես հոկտեմբերի 12-ին, ծառայողական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ 

Գեներալ-լեյտենանտին առաջադրված մեղադրանքը վերաբերում է 2020թ․ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետեւանքով ունեցած կորուստներին։ Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում, նրա փաստաբան Արսեն Սարդարյանը քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացրել։ «Գեներալին մեղսագրում են այնպիսի արարք, որն ակնհայտորեն այլ անձանց տիրույթում է։ Այդ անձինք շրջափակման մեջ ընկած դիվիզիոնի եւ առանձին մարտկոցների ղեկավարներն են, որոնք պատշաճ չեն կազմակերպել դիվիզիոնի պահպանությունն ու պաշտպանությունը։ Նրանք պարտավոր էին տեղում դիտակետեր նշանակել եւ դիտորդներ սահմանել, խրամատներ փորել, զինատեսակները համապատասխան մարտական վիճակում պահել, մարտ վարելուն պատրաստ լինել, շրջանաձեւ պաշտպանություն իրականացնել»,- ասաց Սարդարյանը։ 

Ջալալ Հարությունյանի փաստաբանը պնդում է՝ թվարկված առերեւույթ պահանջներից որեւէ մեկը չեն կատարել, դրա փոխարեն խուճապային տրամադրություններ են սերմանել եւ դիվիզիոնը գցել են անպաշտպան վիճակի մեջ, որը, ըստ նրա, բերել է ծանր իրավիճակի եւ բազմաթիվ զոհերի։ Սարդարյանն անտրամաբանական եւ անհիմն է որակում Ջալալ Հարությունյանին այս ամենի մեջ մեղադրելը։ Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետեւանքով ունեցած կորուստների մասով հարուցված քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի աթոռին Ջալալ Հարությունյանից բացի դիվիզիոնի հրամանատարներից եւս մի քանի հոգի կան, որոնց վերաբերյալ դատարանում քննվող գործ կա։ Հարությունյանի մեղադրանքն անջատվել է քրեական գործից եւ առանձին է ուղարկվել դատարան։ «Ինչ-որ սպաների մասով կա նախաքննական գործ, որի մասին մենք տեղյակ չենք»,- նշեց Սարդարյանը:

Արցախի ՊԲ նախկին հրամանատարի նկատմամբ նախաձեռնվել էր եւս մեկ քրեական վարույթ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, հոկտեմբերի 7-ին Արցախի հարավային թեւի ուղղությամբ հակահարձակում իրականացնելու համար։ Ըստ փաստաբանի՝ Ջալալ Հարությունյանի անմեղությունն այս դրվագով ապացուցվել է, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ «Այս մեղադրանքը նույնքան անհիմն է, որքան նախորդը»,-հավելեց նա։ 
Զոհված զինծառայողների հարազատների պայքարի արդյունքում «Ցորի գործով» մեղադրանք է առաջադրվել ՊԲ զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գեւորգ Գեւորգյանին։ Նրա գործը դատարանում է, հունվարի 22-ին կայանալիք դատական նիստը հետաձգվել է։ Զոհերի հարազատներից Անահիտ Մանասյանը, որ ակտիվ պայքարողներից է, մեզ հետ զրույցում ասաց՝ ծնողները մասնակցելու են Ջալալ Հարությունյանի դատական նիստին։ Մանասյանը պնդում է՝ Ջալալ Հարությունյանն իր մեղավորությունն ունի եւ պատասխանատվություն է կրում Ցորի տղերքի զոհվելու համար։ Երբ ծնողները բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, հստակ նշել են բոլորի մեղավորությունը։ Որեւէ մեկը չի հերքում, որ մյուս սպաներն անմեղ են եղել, բայց Ջալալ Հարությունյանն էլ իր բաժին մեղավորությունն է ունեցել՝ սխալ հրաման տալու եւ ապակողմնորոշելու համար։ Մեզ համար սա անհերքելի փաստ է։ 

Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետեւանքով ունեցած կորուստների վերաբերյալ հարուցված քրեական վարույթով այս պահին միայն մեկ անձ կա կալանավորված՝ Գեւորգ Գեւորգյանը։