Արձանը կանգնեցրեք

Արձանը կանգնեցրեք

Որոշ նախկինների հանդեպ անդուլ, չմարող ատելություն ունեցող Նիկոլ Փաշինյանն ուրիշ նախկինների հանդեպ էլ անհասկանալի սեր է դրսեւորում: Ո՞վ կարող է բացատրել, թե ինչով է պայմանավորված նրա ակնածանքը, ասենք, Շիրակ Թորոսյանի հանդեպ: Ինչպե՞ս է ստացվում, որ նախկինների ամենախելացի ու գրագետ ներկայացուցիչներից մեկը` Արմեն Աշոտյանը, առանց որեւէ լուրջ հիմնավորման, հայտնվում է բանտում, իսկ նույն թիմի անդամ Շիրակ Թորոսյանը բազմում խորհրդարանում եւ հաճախ անբովանդակ ելույթներ ունենում:

Ինչպե՞ս ստացվեց, որ ԲՀԿ-ից Շաքե Իսայանն ու Արման Աբովյանը դարձան այս իշխանությունների քաղաքականության քննադատները, իսկ այդ թիմի ամենաթույլ անդամը` Սերգեյ Բագրատյանը, հայտնվեց ԱԺ-ում: Մեկ այլ Բագրատյան էլ, ով կարող էր օգտակար լինել պետությանը` իր վերլուծություններով, կրեատիվ մտքերով` Հրանտ Բագրատյանը, դատվում է սուր ելույթի համար:

Ինչո՞ւ նախկինների շրջանում բարձր հեղինակություն ունեցող եւ առանձնապես հակաիշխանական վարքով աչքի չընկած մարդիկ դուրս մնացին պետական ծառայությունից, ինչպես, օրինակ, Վարդան Արամյանը, Վաչե Գաբրիելյանը, Արմեն Ամիրյանը, Կարեն Ճշմարիտյանը, իսկ Ատոմ Ջանջուղազյանը, Արմեն Ղուլարյանը եւ Տիգրան Խաչատրյանը մնացին:

Բայց այս բոլոր անունների մեջ կա մեկը, որը պետական պաշտոնյայի երկարակեցության էտալոն կարող է լինել: Վիճակագրական կոմիտեի ղեկավար Ստեփան Մնացականյանը, ճիշտ է, շատ ծեր չէ՝ 67 տարեկան է, բայց ոչ մի կերպ չի տեղավորվում երիտասարդ հեղափոխականների կառավարման տարիքային կոնցեպտի մեջ, չի տեղավորվում նաեւ յուրային լինելու կոնցեպտի մեջ` անկուսակցական է: Նա 1998-ից վիճակագրություն է գրում, նրան բոլոր ժամանակներում մեղադրել են թվեր կեղծելու մեջ, գուցե այստե՞ղ է երկարակեցության գաղտնիքը: