Ամեն ինչ անելու ենք, որ մեր թանգարանը տուն բերենք

Ամեն ինչ անելու ենք, որ մեր թանգարանը տուն բերենք

10 տարվա պատմություն ունեցող Շուշիի գորգերի թանգարանը վերջին 10 ամիսներին ժամանակավոր հանգրվանել է Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում։ Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանը պատերազմի օրերին հասցրել է փրկել ու տարհանել 160 գորգ, բայց Շուշիում մնացել է 120-ը, 100 հատ խեցեղեն` տարբեր հազարամյակների թվագրվող, միջին դարի 600 նմուշ, քարի դարի մոտ 50 նմուշ, բրոնզի դարի 100-200 նմուշ: 

Արցախի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել գորգերի տեղավորման հարցը լուծել Ստեփանակերտում, բայց համապատասխան շենք դեռ չեն կարողանում գտնել, քանի որ շենքային պայմանները սուղ են։ 

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գորգերի թանգարանի շենքի հարցն իր ուշադրության ներքո է․ «Այս պահին մենք կարողանում ենք թանգարանին տեղ տալ, բայց ես չեմ ուզում, որ դա սովորական տեղ լինի։ Ես ուզում եմ կարգին միջավայր, պայմաններ ստեղծենք, որ այդ գորգերը մնան այդտեղ։ Նախնական ուզում էինք հատկացնել մետաքս կոմբինատի հարկերից մեկը, բայց սա ընդամենը քննարկվող տարբերակներից մեկն էր, մենք ուզում ենք, որ առանձին շենքով լինի գորգերի թանգարանը։ Հիմա էլ շենքերի դեֆիցիտը շատ է, չնայած շատ ակտիվ տեմպերով շինարարություն է գնում այստեղ»։

Նախարարն ասաց, որ ուզում են նաեւ թանգարանը պետականացնել, ուղղակի մեծ միջոցներ են պետք․ «Որովհետեւ դա շատ թանկ եւ ազդեցիկ հավաքածու է։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր թանգարանը տուն բերենք, չնայած Երեւանում էլ է իր տանը, բայց ուզում ենք, որ վերադառնա իր տեղը, որտեղ եղել է»։ Հիմա Երեւանում ընթանում է գորգերի անձնագրավորման, գնահատման գործընթացը։ «Էքսպերտիզան ավարտվել է, տեսնենք, թե հընթացս ինչպես կստացվի, բայց անհրաժեշտ ամեն ինչ անելու ենք, որովհետեւ գորգերի թանգարանը մեր դեմքն է»։