Օրե՞նք, թե՞ կամայականություն

Օրե՞նք, թե՞ կամայականություն

Մտածելու ունակություն ունեցող մարդիկ շատ լավ հասկանում են, որ «զոհասեղանին» ոչ թե Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն են, այլ իշխանությունների՝ քաղաքական հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնելու իրավունքի ամրագրման գործընթացը։ Եվ եթե այս ակտն ավարտվեց Նիկոլ Փաշինյանի հաղթանակով, հաջորդ թիրախը կարող է լինել ցանկացած ոք՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունից մինչեւ ՀԿԿ, մեղմ դիրքորոշում ունեցող «Ժառանգությունից» մինչեւ իշխանամետ ՀԱԿ, քանի որ մի օր կարող է պարզվել, որ սրանցից որեւէ մեկի հայտարարությունը, բառը, վարքը իշխանության քիմքին հաճո չէ։ Այս ուղտը մի օր չոքելու է բոլորի դռանը, եթե միահամուռ կերպով չպաշտպանեն օրենքն ու իրավունքը հենց այսօր։ Մարդու իրավունքների ջատագովները շատ լավ հասկանում են, որ եթե ոստիկանությունն այսօր քաշքշում է ԲՀԿ-ական պատգամավորներին եւ տուգանում ԱԱԾ-ի մոտ հավաքված մարդկանց, իսկ բերման ենթարկվածների մեջ է նաեւ Արցախի նախկին ՄԻՊ-ը, վաղը կարող են փողոցից բերման ենթարկել, ասենք, ծխախոտի մնացուկը գետնին գցած քաղաքացուն, իսկ հանցագործներին կսկսեն խոշտանգել ոստիկանության բոլոր բաժիններում՝ առանց վախենալու հանրային կարծիքից ու միջազգային ատյանների արձագանքից։ Այնպես, ինչպես 90-ականների Հայաստանում էր։ Գրագետ մարդիկ հասկանում են, որ եթե ընդդիմության լիդերներից մեկին չապացուցվող մեղադրանք են առաջադրում եւ առոչինչ թղթերի հիման վրա զրկում ազատությունից, վաղը կարող են ցանկացած մեկին ձերբակալել հարեւան մուտքում կատարված գողության համար։ Ուստի իրավունքի գերակայությանը եւ օրենքի տառը պահպանելուն հարկավոր է հասնել ամեն գնով եւ բոլորի նկատմամբ՝ անկախ մեր վերաբերմունքից տվյալ անձի ու նրա գործողությունների հանդեպ։ Անկախ նրանից՝ նա պատգամավոր է, թե ուսուցիչ։