ՀԱՀ նախկին նախագահն ազատ է արձակվել. բանտերը գերբեռնված են

ՀԱՀ նախկին նախագահն ազատ է արձակվել. բանտերը գերբեռնված են

Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նախկին նախագահ Ջեյքոբ Զուման ազատ է արձակվել բանտից։ Պաշտոնյաների խոսքով՝ պատճառը կալանավայրերի գերբեռնվածությունն է, հայտնում է BBC-ն։
Զուման, ով դատապարտվել էր 15 ամսվա ազատազրկման՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, ուրբաթ օրը հանձնվել է իշխանություններին:

81-ամյա Զուման նախկինում պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել բժշկական նկատառումներով, ինչը, իր հերթին, դատարանի կողմից ճանաչվել էր անօրինական։
ՀԱՀ-ի Արդարադատության նախարար Ռոնալդ Լամոլան ասել է, որ Զուման ազատվել է պատիժը կրելուց՝ բանտերի գերբեռնվածության պատճառով։

Նա ընդգրկվել է հասարակության համար ցածր վտանգավորության աստիճան ունեցող հանցագործներին ազատ արձակելու ծրագրում, որը մեկնարկել է ապրիլին։ Այս ընթացքում, ըստ իշխանությունների, դրա միջոցով ազատ է արձակվել 9 հազար մարդ։

Ռոնալդ Լամոլան ընդգծել է, որ որոշումը կայացվել է բանտի ղեկավարության կողմից՝ առանց քաղաքական միջամտության, և որ Զուման որևէ արտոնությունից չի օգտվել։

Բանտերի դեպարտամենտի ներկայացուցիչը BBC-ին ասել է, որ ՀԱՀ-ի բանտարկյալների թիվը այժմ 47%-ով գերազանցում է պաշտոնական հնարավորություններին։