Բանտում պետք է լինի ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլեւ նրա մերձավոր շրջապատի մարդիկ

Բանտում պետք է լինի ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլեւ նրա մերձավոր շրջապատի մարդիկ

Մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանը մի քանի տարի է, ինչ ապրում է Ստրասբուրգում։ Անցած տարիների ընթացքում նա բազմիցս հանդես է եկել քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ։ Նախկին իշխանությունների օրոք, երբ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը մեկնում էր Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ-ի աշխատանքներին, Գեւորգ Մանուկյանը քանիցս ԵԽԽՎ-ի դիմաց կազմակերպել է բողոքի ակցիաներ։ 
Գեւորգ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է արձագանքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մարտի 1-ի երթին մասնակցելու կոչին։ 

«Երթ կազմակերպելը շատ լավ գաղափար է, ողջունելի է, բայց կարևոր է, որ այն  արդյունավետ լինի։ Ի դեպ,  երբ օրեր առաջ ՀՀ վարչապետ, իմ քաղբանտարկյալ ընկեր Նիկոլ  Փաշինյանը հայտարարեց երթի մասին,  շատ ուրախացա և մտածեցի, որ դա պետական մակարդակով է արվում, բայց այսօր մի տեղ կարդացի, որ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարել է, որ մարտի մեկին երթը կազմակերպում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ի դեպ նշեմ, որ էլի լավ է, գովելի է, բայց ես կուզենայի, որ ի վերջո պետական մակարդակով անցկացվեն  Մարտի 1-ի հետ կապված բոլոր միջոցառումները։  Եթե ես սխալ եմ հասկացել տիկին Նազարյանին,  ու այդ երթը իրոք պետական մակարդակով է և տիկին Նազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փորձում է ասոցացնել պետության հետ, ինչպես անում էին նախկինները՝  ՀՀԿ-ն ասոցիացնելով պետության հետ,  դա արդեն շատ վատ է»,- մեզ հետ զրույցում նշեց Գեւորգ Մանուկյանը։ 

Հետաքրքրվեցինք, թե նախկին քաղբանտարկյալն ինչպես է վերաբերում Մարտի 1-ի գործով քննությանը։ 
«Ինչ վերաբերում է Մարտի 1-ի  գործով քննությանը, կարծում եմ,  դեռ ոչ մի քննություն էլ չի սկսվել 2008 թվի մարտի 1-ի  գործով։ Ես դեռ 8 ամիս առաջ դիմել եմ Հատուկ քննչական  ծառայություն՝  այդ գործի բացահայտման համար շատ կարևոր ինֆորմացիա փոխանցելու նպատակով և իմ գործի վերաբացման համար, մոտ մեկ ամիս առաջ էլ իմ գրավոր խնդրանքի հիման վրա, 2008 թվականին իմ և հարազատ քրոջս դեմ հարուցած շինծու քրեական  գործի վերաբացման համար ՀՀ գլխավոր  Դատախազությանն է դիմել ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, բայց էլի ձեն ձուն չկա, հուսով եմ կարձագանքեն ...
Իսկ  բանտում պետք է լինի  ոչ միայն Ռոբերտ  Քոչարյանը,  նաև նրա շատ ու շատ մերձավոր շրջապատի մարդիկ, այդ թվում նաև՝ Լևոն Երանոսյանը,  որը զինվորներին կրակելու հրաման է տվել»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Թավշյա հեղափոխությունից անցել է տասն ամիս, պատրաստվո՞ւմ է Գեւորգ Մանուկյանը վերադառնալ Հայաստան։ 
«Առայժմ չեմ պատրաստվում վերադառնալ Հայրենիք, որովհետև ես ունեմ առողջություն հետ կապված շատ լուրջ խնդիրներ, և այս պահին Հայաստանում պատկան մարմինները չեն երաշխավորում, որ ես Հայաստանում կկարողանամ շարունակել բուժումս։  Հետո էլ դեռ մինչև վերջերս ինձ զանգում ահաբեկում են,  թե բա կբռնեն,  ոտքերս կջարդեն, ասացին իբր ոտք ջարդելու գործով զբաղվում են ՀՀ օրինապահ մարմինները, բայց արդեն մի քանի ամիս է, ինչ ձայն չկա։ 

Կուզենայի վերջում  ավելացնել՝ ես հավատում և վստահում եմ ՀՀ վարչապետ,  իմ քաղբանտարկյալ ընկեր Նիկոլ Փաշինյանին և այսօր իշխանությունների մեջ գտնվող Սասուն Միքայելյանին, Անդրանիկ Քոչարյանին և էլի շատ – շատերին»,- արձագանքեց Գեւորգ Մանուկյանը։