Ողբերգությունը չի կարելի վերածել քաղաքական շուի  

Ողբերգությունը չի կարելի վերածել քաղաքական շուի  

2008 թվականի մարտի 1-ից անցել է 11 տարի։ Անցած տարիների ընթացքում շատ իրադարձություններ եղան, շատերը խոսեցին այս ողբերգությունից, եղան հետաքննություններ, անկախ հետաքննություններ, դատավարություններ, հիմա կրկին հետաքննություն, կրկին սպասվող դատավարություններ: Մենք կարծես հայտնվել ենք կախարդական շրջանում, որից համառորեն դուրս չենք գալիս:  

Մարտի 1-ը պետության, ՀՀ քաղաքացիների ողբերգությունն է, որը չի կարելի շահարկել, որից չի կարելի քաղաքական դիվիդենտներ ստանալ, այն չի կարելի շոուի վերածել: Չի կարելի դիտարկել որպես իշխանություն պահելու միջոց։ Հիշատակի երթով չի կարելի քաղաքական շահ հետապնդել: Երթով հնարավոր չէ սեփական մեղքն ուրիշների վրա բարդել:
Ինչ ունենք այսօր.
    1. Մարտի 1-ի զոհերի ընտանիքները մատնվել են մոռացության եւ նրանց որեւէ փոխհատուցում չի հատկացվել, պետության անունից ներողություն չի խնդրվել:
    2. Մարտի 1-ի ողբերգությունը գործող իշխանություններն օգտագործում են քաղաքական վերժխնդրություն իրականացնելու համար:
    3. Մարտի 1-ի ողբերգությունը բացահայտելու պատրվակով քրեական գործեր են հարուցվել ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ  ռազմական ղեկավարության, պատերազմի հերոսների նկատմամբ: 
    4. Իրականացվում է ընտրովի արդարադատություն, ինչը ծանր հետեւանքներ կարող է ունենալ երկրի համար:
    5. Մարտի 1-ը շահարկելով, իշխանությունները սրում են երկրում առանց այն էլ լարված մթնոլորտը:
2008թ. մարտի 1-ի ողբերգական, արյունալի իրադարձությունները բոլորիս ամոթն ու ողբերգությունն է, եւ այդ էջը պետք է փակել, անցնել առաջ, եւ ամեն ինչ անել նմանատիպ ողբերգությունները բացառելու համար, իսկ դրա համար պետք է. 

    1. Կարճել արհեստածին քրեական գործերը
    2. Հրաժարվել ընտրովի արդարադատությունից եւ քաղաքական վրեժխնդրությունից
    3. Անցնել գործի, լծվել  երկրի խնդիրների լուծմանը։
    4. Երկրում հաստատել համերաշխության եւ  իրավունքի մթնոլորտ

«Ազատ խոսք եւ ազատ միտք» հասարակական կազմակերպություն

Հովակիմ Կյուրեղյան