Գիշատիչների եւ խոտակերների խաղաղ գոյակցությունն անհնար է

Գիշատիչների եւ խոտակերների խաղաղ գոյակցությունն անհնար է

Արդեն երկու օր է՝ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, որի արդյունքում հասունանում է հումանիտար աղետի հեռանկար: Միջանցքով ազատ երթեւեկության ռեժիմը պետք է ապահովեին Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, որոնք արդեն երկու օր է՝ անգործության են մատնված: Կա՛մ Ռուսաստանի իշխանություններն իրենք էլ են շահագրգռված միջանցքի փակ լինելով, որ դրա դիմաց զիջումներ կորզեն Հայաստանից կամ Ադրբեջանից, կա՛մ ուղղակի այնքան ուժ չունեն, որ կանխեն Ադրբեջանի գործողությունները: Օրինակ, վախենում են հակամարտության մեջ մտնել Թուրքիայի հետ: Այլ խնդիր է, թե այս երկու օրվա ընթացքում ինչ է անում Հայաստանի իշխանությունը, ինչ քայլեր է ձեռնարկում՝ պաշտպանելու Արցախը եւ արցախցիներին: Ընդհանուր տպավորությունն այն է, որ Հայաստանի իշխանությունը մատնված է անգործության, քանի որ առնվազն հայտնի չէ, թե ինչ գործողություններ է ծրագրում եւ իրականացնում:

Դեկտեմբերի 12-ին, երբ Ադրբեջանը նոր էր փակել ճանապարհը, հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Որեւէ տեղեկություն այդ հեռախոսազրույցի բովանդակությունից՝ արդյոք Ռուսաստանը մտադի՞ր է ինչ-որ քայլեր ձեռնարկել ճանապարհը բացելու համար, թե՞ շարունակելու է մնալ դիտորդի կարգավիճակում, ի՞նչ պայմաններ է առաջադրում ճանապարհը բացելու համար, թե՞ ընդհանրապես մտադիր է այդ տարածքից հանել իր զինված ուժերը: Հրապարակային մակարդակում ոչ մի տեղեկատվություն չկա:

Երեկ՝ ճանապարհը փակելուց 1 օր անց, Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որտեղ քննարկվել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակման հարցը: Դարձյալ ոչ մի տեղեկություն, թե Հայաստանի իշխանությունն ինչ քայլեր է ձեռնարկելու՝ շրջափակումը վերացնելու համար, կամ՝ ընդհանրապես ձեռնարկելո՞ւ է, թե՞ ոչ:
Եթե մենք որպես հասարակություն Ռուսաստանի խաղաղապահներից ու Ռուսաստանի իշխանություններից որեւէ բացատրություն կամ պատասխան ակնկալելու իրավունք չունենք, քանի որ այդ իշխանության տերը չենք, ապա Հայաստանի իշխանությունների անգործությունը, հազարավոր արցախցի մեր հայրենակիցներին, ՀՀ քաղաքացիներին շրջափակված եւ անօգնական թողնելու ամբողջ պատասխանատվությունը ՀՀ իշխանությունների վրա է:

Նիկոլ Փաշինյանը տեղի ունեցողի վերաբերյալ ունի իր մոտեցումը, եւ հենց դրանով է նա շարժվում: Նա իր մոտեցումը հերթական անգամ եւ շատ մանրամասն շարադրել է Լաչինի միջանցքի շրջափակման օրը՝ գրեթե շրջափակմանը զուգահեռ ելույթ ունենալով Երեւանում կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումում: Իր ելույթում Փաշինյանն ասում է. «Այսօր մենք տեսնում ենք հետեւողական գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իսկապես ցեղասպանություն է կազմակերպում, նախապատրաստում»: Ադրբեջանի մտադրությունների եւ գործողությունների գնահատականը շատ հստակ է: Բայց այդպես կարող է խոսել, նման գնահատական տալ ցանկացած կուսակցության, հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, յուրաքանչյուր քաղաքացի: Իշխանության եւ առավել եւս նրա ղեկավարի խնդիրը պետք է լինի այդ հնարավոր ցեղասպանությունը կանխելուն ուղղված քայլերի ձեռնարկումը եւ ոչ թե սոսկ արձանագրումը: 

Փաշինյանը նշեց նաեւ, թե ինչպես է տեսնում նախապատրաստվող եւ իրականացվող ցեղասպանության կանխումը, ինչն ավելի շատ է մտահոգում, քանի որ հուշում է, որ Հայաստանի իշխանությունն ուղղակի ինստիտուցիոնալ առումով չի տիրապետում իրավիճակին եւ չի գիտակցում, որ կոնկրետ նման մտածողությունը ոչ թե կանխելու, այլ խրախուսելու է ցեղասպանությունը:

Որպես լուծում՝ Փաշինյանն առաջարկում է․ «Տարածաշրջանում նաեւ թշնամությունը պետք է կառավարվի»: Չեմ ուզում մանրամասն մեջբերել Փաշինյանի ամբողջ խոսքը, այն հասանելի է թե՛ տպագիր, թե՛ տեսանյութի ձեւով: Ասածի իմաստն այն է, որ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան պետք է դադարեն իրար թշնամի ընկալել, ոչ միայն պետությունները, այլ նաեւ հասարակությունները եւ գտնեն խաղաղ գոյակցության միջոցներ: Իսկական ուտոպիա, այսինքն՝ մի գաղափար, մի երազանք, որն անիրականանալի է:

Այն նույն ժամանակ, երբ հարյուրավոր ադրբեջանցիներ Ադրբեջանի իշխանությունների կարգադրությամբ, հրահրմամբ փակում են արցախցիների կյանքի ճանապարհը՝ նրանց դատապարտելով արտագաղթի կամ ֆիզիկական ոչնչացման, Փաշինյանը խոսում է թշնամանքի կառավարման մասին: Փաշինյանը՝ որպես պետության ղեկավար, ասում է, որ Հայաստանը՝ որպես պետություն, չի պատրաստվում պաշտպանել Արցախը, Հայաստանը եւ հայ հասարակությանը, դրա փոխարեն փորձելու է բացատրել թշնամուն, որ մեզ ոչնչացնելն այնքան էլ ճիշտ չէ, որ դա այնքան էլ հումանիստական չէ, որովհետեւ կարելի է ապրել նաեւ խաղաղության եւ փոխգործակցության միջավայրում: Փաշինյանն ու իր իշխանությունն արդեն չորսուկես տարուց ավելի փորձում են գնալ բնության կանոններին հակառակ. դաշինք կազմել գիշատիչների`մսակերների եւ խոտակերների միջեւ: Բնության մեջ գիշատիչները եւ խոտակերներն ապրում են սիմբիոզի մեջ, այսինքն՝ փոխգործակցում են․ խոտակերները գիշատիչների համար ծառայում են որպես սննդի աղբյուր, իսկ գիշատիչները, ի վերջո, վերածվում են խոտի եւ կեր դառնում խոտակերներին: Բայց պետությունների եւ հասարակությունների հարաբերություններում այդ սիմբիոզը բացառվում է: Կա՛մ մենք որպես հասարակություն կկարողանանք պաշտպանել մեզ, կա՛մ կուլ կգնանք Ադրբեջանին:

Փաշինյանի իշխանությունն ամենասկզբից էր որդեգրել այս քաղաքականությունը, երբ բանակի մեծագույն ձեռքբերումը համարում էր ելակի՝ բանակ մտնելը, երբ բանակից հեռացվում էին մարտական հմտություն եւ փորձ ունեցող սպաները, եւ նրանց փոխարինում էին առավել կամազուրկներն ու իրեն ենթարկվողները, երբ բանակի թվաքանակն անշեղորեն նվազում էր, իսկ ոստիկանությանը՝ ավելանում: Փաշինյանը Հայաստանը պատրաստում էր ոչ թե պաշտպանության, այլ հանձնվելուն, խոնարհվելուն՝ «խաղաղության օրակարգ» փաթեթավորմամբ: Դրա համար է պետք հնարավորինս շուտ ազատվել Փաշինյանից եւ նրա իշխանությունից, քանի դեռ նա պաշտոնավարում է, խոսել Հայաստանի պաշտպանության կամ անվտանգության մասին՝ ոչ միայն ավելորդ է, այլեւ՝ անիմաստ: Սա առաջին հերթին պետք է հասկանա Հայաստանի տնտեսական եւ քաղաքական էլիտան, որն ամենաշատը կորցնելու բան ունի, եթե, իհարկե, չի հաշտվել այն մտքի հետ, որ «մասը զիջելով՝ կարելի է փրկել ամբողջը» սկզբունքով հնարավոր է լեզու գտնել անգամ թուրքական իշխանությունների հետ:

Ավետիս Բաբաջանյան