Մենք՝ խաղաղության խաչմերուկում

Մենք՝ խաղաղության խաչմերուկում

Փորձենք մի հասարակ բան հասկանալ՝ ինչո՞ւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր չի ստորագրվում: Բոլորն ասում են, որ այդ պայմանագիրը պետք է ստորագրվի. ԱՄՆ-ն ասում է, ԵՄ-ն ասում է, Ռուսաստանն ասում է, Իրանն ասում է, Թուրքիան ասում է, Վրաստանն ասում է, Հայաստանն ասում է, Ադրբեջանն ասում է: Ավելին՝ Հայաստանն ասում է, որ պատրաստ է ստորագրել այդ պայմանագիրը, իսկ Ադրբեջանն էլ հայտարարում է, որ ինքն ավելի պատրաստ է դա ստորագրել: Եվ, ուրեմն, ինչո՞ւ չի ստորագրվում: Տպավորություն է ստեղծվում, որ հավաքվել են աղջիկ ուզելու, բոլորը՝ տղայի կողմը, համաձայն են, աղջկա կողմը համաձայն է, տղան համաձայն է, աղջիկը համաձայն է, բայց գործը գլուխ չի գալիս: Ինչո՞ւ:

Պատճառը, հավանաբար, այն է, որ քաղաքականության մեջ «խաղաղություն» ասվածն այնքան էլ խաղաղություն չէ, եւ ամեն մեկն ուզում է, որ կնքվելիք պայմանագիրն իրեն մի փոքր ավելի ձեռնտու լինի, քան՝ մյուսներին: Բոլորն ուզում են շահած դուրս գալ, բայց թնդանոթները չկրակեն: ԱՄՆ պետդեպը նույնիսկ հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը բխում է թե՛ կողմերի, թե՛ տարածաշրջանի եւ թե՛ աշխարհի շահերից: Իսկ, ինչ է, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւն այդ ամենը չե՞ն հասկանում: Եվ հենց ուզում ես պետդեպի հայտարարությունից հասկանալ, թե որն է ԱՄՆ-ի շահն այս գործում, ամեն ինչ փչանում է: Պարզվում է՝ ԱՄՆ-ն միջինասիական գազի ու նավթի կարիք ունի, ԱՄՆ-ին պետք են ադրբեջանական խողովակաշարերը՝ դրանք դեպի Արեւմուտք տանելու համար: Եվ, իհարկե՝ հնարավորինս էժան գներով: ՌԴ ԱԳՆ-ն օրումեջ հայտարարում է, որ Ռուսաստանի Դաշնությունն ամեն կերպ աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին: Տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նույն բանն են ասում՝ խաղաղություն: Բայց Ռուսաստանն էլ, ԱՄՆ-ի նման, իր շահն է հետապնդում այս հարցում եւ ուզում է միջինասիական էներգակիրների հոսքը դեպի Արեւմուտք ինքը վերահսկել՝ որպես տարածաշրջանային գերտերություն: Եվ անգամ աշխարհաքաղաքական առումով փուչիկի վերածված ԵՄ-ն է իր շահը հետապնդում հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման հարցում: ԵՄ-ին էլ ռուսական գազին այլընտրանք է պետք, որ կարող է գտնել, միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ին հաջողվի վերահսկողություն ունենալ ադրբեջանական եւ միջինասիական գազի պաշարների վրա: Եվ այս ամենի արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք համարյա սիրահարվել են միմյանց, չեն կարողանում մի թուղթ ստորագրել այն մասին, որ իրար վրա չեն հարձակվելու:

Գերտերությունները, բնականաբար, միայն հայտարարություններ անելով չեն սահմանափակվում: Նրանք շատ ակտիվ աշխատում են կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, որ, մի հրաշքով ստորագրվելու դեպքում, խաղաղության պայմանագիրն իրենց համար հնարավորինս շահավետ լինի: ԱՄՆ-ն, օրինակ, Հայաստանի խամաճիկ իշխանություններին լարում է Ռուսաստանի դեմ՝ փող է տալիս, խոստումներ շռայլում, Նիկոլին բզբզում, որ նա խոսք բացի ռուսական բազան Հայաստանից հանելու մասին: Քնած չեն նաեւ Կրեմլում: Այստեղից էլ աշխատում են Ադրբեջանին իրենց մոտ պահել, սիրաշահել՝ Ղարաբա՞ղն էիր ուզում՝ ստացար, Հայաստանից մի քանի գյո՞ւղ է ուզածդ՝ կստանաս, բա քեզ պե՞տք է, որ ընկնես միջուկային գերտերությունների քացու տակ:

Նիկոլին ու Ալիեւին արդեն ոչինչ չի մնում անելու, քան միմյանցից փախչելը: Նիկոլը գնում է Ստրասբուրգ՝ Ալիեւը չի գնում, Ալիեւը գնում է Բիշքեկ՝ Նիկոլը չի գնում: Շառուփորձանքից հեռու, ինչպես ասում են: Ալիեւն ու Նիկոլը լավ են հասկանում, որ եթե թուղթ ստորագրեն առանց գերտերությունների համաձայնության, ապա այդ թուղթը հաջորդ օրն իսկ հավասարազոր կլինի միմյանց նոր պատերազմ հայտարարելուն: Եվ գերտերությունները կրկին կսկսեն կողմերին կոչ անել՝ ձեռնպահ մնալ զինված գործողություններից, կհայտարարեն, որ իրենք անհանգստացած են, գրեթե՝ ցնցված: Ու նաեւ կասեն, որ իրենք ամեն ինչ արեցին, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղություն լինի, բայց, ավաղ, չստացվեց: