ԱԺԿ պոպուլիզմը

ԱԺԿ պոպուլիզմը

ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ «Ժողովրդավարություն» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվել են հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրների թեմայով խորհրդարանական լսումներ: Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովրդավարություն» խմբակցությունը խոսում է «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ գործունեությունից բնակչության որոշ խավերի դժգոհության թեմայով, եւ լսումներն էլ, ըստ պաշտոնական տեղեկատվության, կազմակերպվել են հիմնախնդիրները քննարկելու ու լուծումներ առաջարկելու նպատակով: Բայց, դատելով մամուլի հրապարակումներից, միջոցառումը, մեղմ ասած, չի ստացվել: «Ղարաբաղ տելոկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Օդաբաշյանն իրավացիորեն դժգոհել է, որ նախապես չի տեղեկացվել հարցից եւ խորհուրդ է տվել, որ պատգամավորներն իրենց հուզող հարցերի պատասխանն ստանան ուղղակի հանդիպման ձեւաչափում: Ի վերջո, ԱԺ նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել քննարկումներն ընդմիջելու, տեղեկատվություն ստանալու համար պատգամավորներին հնարավորություն տալու, իսկ հետագայում էլ առկա նյութերի հիման վրա օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու առաջարկությամբ: Այսպիսով լսումները փաստացի տապալվել են:

Եւ այլ ելք չէր էլ կարող լինել, քանի որ դա ոչ այնքան հիմնավորապես պատճառաբանված եւ, մանավանդ, խելամտորեն կազմակերպված միջոցառում էր, որքան զուտ պոպուլիստական քայլ`  հանրության որոշ շրջանակներում քաղաքական հեղինակություն գտնելու նպատակով: Արցախում եկող տարի տեղի են ունենալու նախագահի եւ խորհրդարանական ընտրություններ: Հանրության որոշ ներկայացուցիչներ դժգոհ են «Ղարաբաղ տելեկոմի» մատուցած ծառայությունների սակագներից եւ որակից, եւ ԱԺԿ-ն, թերեւս ինքն էլ որոշ խողովակներով գեներացնելով այդ դժգոհությունը, փորձում է հեղինակություն շահել: Իրականում «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ-ն վերջին տարիներին տասնյակ միլիոնավոր դոլարի ներդրումներ է կատարել, եւ ներկայումս Արցախի ամենահեռավոր բնակավայրերն էլ ապահովված են կայուն բջջային եւ ինտերնետային կապով:

Ինչպես ցույց են տալիս բնակչության շրջանում անցկացված հարցումները, մարդիկ հիմնականում գոհ են կապի որակից եւ սակագներից: Բացի այդ «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ-ն նաեւ բարեգործական լուրջ ծարգրեր է իրականացնում Ստեփանակերտում եւ Արցախի շրջաններում: Մնում է անհասկանալի, թե ինչ մղումներով է ԱԺԿ-ն թիրախ ընտրել Արցախի խոշոր հարկատու հանդիսացող ընկերությանը: Մանավանդ զարմանալի է, որ Ազգային ժողովը, կողմ թողնելով մի այնպիսի հրատապ հարց, ինչպիսին ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներն են, խորհրդարանական լսումների թեմա է ընտրել հեռահաղորդակցության ոլորտը, որտեղ, ինչպես լսումների ժամանակ շատ դիպուկ նկատել է ԱՀ Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանի, խնդիրները գերազանցապես կապված են երկրի չճանաչվածության հետ, հանգամանք, որը ռիսկային է դարձնում բջջային կապի երկրորդ-երրորդ օպերատորի ներգրավումը:

Վիրաբյանը հիշեցրել է, որ ժամանակին ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը նման առաջարկություն է արել Հայաստանում գործունեություն իրականացնող երեք օպերատորի, բայց նրանք հրաժարվել են մտնել արցախյան հեռահաղորդակցության ոլորտ: Իրականությունը սա է, որի համապատկերին ԱԺԿ պոպուլիզմն ուղղակի աչք է ծակում: