Թրամփի ընտրվելը Հայաստանի հարցում կարող է ռիսկային լինել 

Թրամփի ընտրվելը Հայաստանի հարցում կարող է ռիսկային լինել 

Արտաքին քաղաքական զարգացումների մասին զրուցել ենք քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։ 

- Ամերիկյան Fox News-ի նախկին հեռուստամեկնաբան Թաքեր Կառլսոնի՝ Պուտինի հետ հարցազրույցի ժամանակ, ըստ Ձեզ, որեւէ միտք հնչե՞ց Պուտինի կողմից, որը կարող է ազդել աշխարհաքաղաքական գործընթացների վրա։ 

- Շատ դժվար հարց եք տալիս` մեզ համար որեւէ նորություն չկար, որովհետեւ մենք ռուսական ինֆորմացիոն դաշտին լավ ծանոթ ենք, ե՛ւ լեզվական, ե՛ւ այլ արգելքներ չունենք հասկանալու։ Մեզ համար դա այն էր, ինչը ռուսական կողմն անընդհատ կրկնում է։ Այլ բան է, թե Եվրոպական Միությունում, առաջին հերթին Միացյալ Նահանգներում ինչպես դա կընկալի հանրությունը։ Ես կարծում եմ` դա պրոպագանդա էր, թե պրոպագանդա չէր, միակողմանի տեսակետներ էին, թե ոչ, բայց արեւմտյան ունկնդրողի համար դա կարող է բավականին հետաքրքիր լինել՝ մյուս կողմի տեսակետները լսելու առումով։ Կարծում եմ, դա ինչ-որ բան կարող է փոխել, որ միշտ մի ինֆորմացիոն դաշտում են գտնվում, եւ բավականին փակ է այդ ինֆորմացիոն դաշտը ռուսական տեսակետի համար, ինչ-որ ձեւով կարող է որոշ հարցերում փորձեն ավելի խորանալ։ 

- Օրինակ, միակողմանի չդիտարկել ռուս-ուկրաինական պատերա՞զմը։ Դա կարո՞ղ է ինչ-որ նոր հասարակական տրամադրություններ ստեղծելու առիթ դառնալ։ 

- Այո, կարող է, որովհետեւ այնտեղ Պուտինը մի շարք մեղադրանքներ է ներկայացնում Միացյալ Նահանգներին, որ իրենց խաբել են՝ ռուսական սահմաններին ՆԱՏՕ-ի մոտեցման հետ կապված: Որ իրենք միշտ պատրաստ են եղել բանակցությունների՝ իրենց հետ չեն ուզեցել բանակցություններ վարել։ Մենք հասկանում ենք, որ սա ռուսական տեսակետ է, բայց մյուս կողմից ես կարծում եմ՝ դա ինչ-որ ֆոն կարող է ստեղծել՝ ուկրաինական պատերազմն ինչ-որ ձեւի հանգուցալուծման տանելու համար։ 

- Զելենսկին ի վերջո հեռացրեց Զալուժնուն, ով փաստացի իր հիմնական մրցակիցն էր։ Հնարավո՞ր է Զալուժնու հեռացումը պատերազմը հանգուցալուծման տանելու սցենարներից մեկն է։ 

- Ամեն ինչ կախված է նրանից, թե ռազմաճակատում ինչ փոփոխություններ կլինեն։ Եթե ռազմաճակատում փլուզում լինի` ուկրաինական պաշտպանական գծի, բնականաբար, դրա պատասխանատվությունը կկրի հենց Ուկրաինայի նախագահը, եւ Զալուժնու վարկը կբարձրանա։ Եթե հակառակը տեղի ունենա, ապա, բնականաբար, Ուկրաինայի նախագահի վարկը կբարձրանա, ու Զալուժնու վարկանիշը կընկնի։ Ամեն ինչ կախված է ռազմաճակատում փոփոխություններից, եւ եթե հանկարծ ռազմակաճակատի ինչ-որ հատվածում փլուզում լինի, ռուսական զորքերն առաջ գան, դա կլինի Ուկրաինայի նախագահի վերջը։ Եվ, բնականաբար, Զալուժնին կլինի հաջորդ նախագահը․ ամեն ինչ կախված է ռազմաճակատում դեպքերից։ 

- ԱՄՆ-ում եթե Թրամփը նախագահ ընտրվի, ինչ-որ կտրուկ փոփոխություններ՝ թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Թուրքիայի, Իսրայելի հետ հարաբերություններում, կլինե՞ն։ 

- Թրամփի ժամանակ Միացյալ Նահանգները ոչ մի պատերազմ չի սկսել, բայց նրա ժամանակ տեղի ունեցավ հայ-ադրբեջանական պատերազմը, որը չէր կարող լինել առանց ԱՄՆ թույլտվության։ Մյուս կողմից, Թրամփի ժամանակ Չինաստանի հետ հարաբերությունները լարվեցին՝ այդ քաղաքականությունն էր ինքը տանում։ Եվ նաեւ Իրանի հետ միջուկային ծրագրից դուրս գալը Թրամփի ժամանակ էր եւ միակողմանի Իսրայելին աջակցելու քաղաքականություն էր վարում՝ ի տարբերություն Օբամայի, ումից մեծ դժգոհություններ կային Իսրայելում։ Այսինքն, ինքը կարող է ավելի կոշտ տնտեսական քաղաքականություն վարել Չինաստանի դեմ, հնարավոր է Ուկրաինայում պատերազմի սառեցում գնա, բայց մյուս կողմից Թրամփը լավ հարաբերություններ ուներ Էրդողանի հետ, Թրամփի ժամանակ արցախյան պատերազմը սկսվեց, եւ Իսրայելին ինքն ավելի շատ էր աջակցում ու Նեթանյահուի հետ էլ ավելի լավ հարաբերություններ ուներ։ Ինչու եմ սա կրկնում, որովհետեւ կարծում եմ, որ ինչ-որ առումով կարող է ռիսկային լինել Թրամփի ընտրվելը Հայաստանի հարցում։ 

- Ալիեւը հաղթեց ընտրություններում․ ի՞նչ ակնկալել Ադրբեջանից, ի՞նչ հնարավոր քայլերի կարող է նա գնալ։ 

- Նախ կարծում եմ, որ մենք մեթոդոլոգիական առումով սխալ ենք մտածում, երբ կարծում ենք` Ալիեւն ինքնուրույն ու լուրջ քայլերի կարող է դիմել։ Արցախի պատերազմի ժամանակ նրան աջակցում էին, եւ Իսրայելը, Բրիտանիան հիմնական աջակիցներն էին, էլ չեմ խոսում Թուրքիայի մասին, այսինքն՝ պատերազմում այս երկրներն են հիմնականում գործել մեր դեմ, եւ Ռուսաստանը բավականին մի կողմ էր քաշվել՝ իր պատճառներով։ Եվ հետագայում թե Ալիեւն ինչպես կգործի, դա կախված կլինի միջազգային հարաբերություններից, թե Իրանի նկատմամբ ինչ քաղաքականություն կլինի, Թուրքիայի նկատմամբ, ռուս-թուրքական հարաբերություններից է կախված: Թուրքիա-Եվրոպա, Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններից է կախված՝ Իրանի դեմ պատերազմ կսկսվի՞, թե՞ ոչ։ Այս բոլոր ֆոների վրա նոր կարող է որոշվել, թե Ադրբեջանն ինչ քայլերի կգնա կամ ինչ քայլերի չի կարող գնալ, այսինքն՝ մենք չպետք է մտածենք, որ Ալիեւն ինչ-որ որոշումներ է կայացնում։ Սրանք առաջին հերթին Թուրքիայի որոշումներն են` նաեւ կախված միջազգային զարգացումներից։ 

- Միացյալ Նահանգներում եւ եվրոպական երկրներում ընտրությունների ավարտից հետո պարզ կլինե՞ն նոր հավանական զարգացումները։ 

- Կարող է եւ մինչեւ ընտրությունները լինեն։ Մերձավոր Արեւելքի իրադարձություններից է շատ բան կախված։ 

- Իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտ, հութինե՞ր... 

- Այդ կոնֆլիկտը, Իրանի հետ հարաբերություններն Իրանին կներքաշեն մեծ պատերազմի մեջ, թե չեն ներքաշի, Թուրքիան ինչպիսի հարաբերություններ կկառուցի եվրոպական երկրների, ԱՄՆ-ի հետ, Իսրայելի հետ, Ուկրաինայում պատերազմը կսառեցվի, թե չէ՝ այդ բոլորը միասին տարբեր սցենարներ կարող են առաջացնել։