Լավ, իսկ հետո՞…

Լավ, իսկ հետո՞…

Արցախի Ազգային ժողովի փոխխոսնակ Վահրամ Բալայանը ՄԱԿ-ի ամբիոնից «Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ» Նիկոլ Փաշինյանի հնչեցրած բանաձեւը որակել է «իրականության հետ չհամապատասխանող, չաշխատող» եւ ավելացրել, որ «դրա համար պայմաններ չկան» :

Մասնագիտությամբ պատմաբան արցախցի խորհրդարանականը համարում է, որ լավ է ճանաչում թուրքերին եւ չի կարծում, որ «նրանք հեշտ, հանգիստ կնստեն կխոսեն, եւ վերջնական լուծում կապահովվի»:  

Նրա կարծիքով, կարգավորմանը հասնելու համար «նախ պետք է Արցախը, Հայաստանը հզորացնել՝ կարեւորելով բանակի դերը»: Այս մոտեցումը լիովին տեղավորվում է ՀՅԴ, որի Արցախյան կառույցի ԿԿ անդամ է Բալայանը,  «Զարգանանք՝ չզիջելով» կարգախոսի տրամաբանության մեջ: Բայց ինչպե՞ս զարգանալ, հզորացնել Արցախը եւ Հայաստանը՝ ահա հարցերի հարցը, որն ի վերջո հանգում է «առաջինը հա՞վն է եղել, թե՞ ձուն» կազուսին:

Եթե ԼՂ խնդիրը չի կարգավորվում, շարունակվում է Հայաստանի շրջափակումը, իսկ իրադարձությունների անցանկալի զարգացման դեպքում այն կարող է ավելի խորանալ, չի հաղթահարվում տնտեսական մեկուսացումը, խոշոր ներդրումներ չեն արվում, հասարակությունը ոտքի կանգնած՝ պահանջում է չեղարկել Ամուլսարի շահագործման ծրագիրը, ապա ո՞րն է Արցախի եւ Հայաստանի հզորացման ճանապարհը: Սփյուռքի նվիրատվություննե՞րը: Բայց էլ ինչքա՞ն ժամանակ եւ փաստեր են պետք, որպեսզի համոզվենք՝ Սփյուռքի առասպելը վաղուց պսակազերծված է: Ինչպես որ անպտուղ էին Ռոբերտ Քոչարյանի կազմակերպած Հայաստան-Սփյուռք համաժողովները, նույնքան էլ զուտ երազանք է համահայկական բյուջե ձեւավորելու Նիկոլ Փաշինյանի ծրագիրը: Իսկ ապավինել ինչ-որ մի լավագույն ժամանակի հույսի չենք կարող: Իրականությունը չափազանց դաժան եւ հաշվենկատ է: Ադրբեջանի առավելապաշտական մոտեցման  հիմքում տնտեսական, ֆինանսական, ժողովրդագրական եւ այլ ցուցանիշների վրա կատարված հաշվարկն է:

Կա՞ այդ հարաբերակցությունն արմատապես փոխելու հնարավորություն: Անցած մեկուկես տարին վկայում է, որ «թալանածը վերադարձնելու, բանակը գերարդիական սպառազինություններով զինելու» մասին խոսակցությունները նույնն են, ինչ մի ժամանակվա սնապարծությունը, թե «միայն «Ջերմուկով» երկիրը կծաղկեցնենք»:

Տնտեսության կառուցումը, կառավարումը, զարգացումը ենթակա են օբյեկտիվ օրինաչափությունների: Դրանցից առաջինը ինտեգրացիան է: Իսկ ինտերգրված տնտեսություն ունենալու համար պետք է հաղթահարել շրջափակումը եւ մեկուսացումը: Այլ ճանապարհ չկա: Կարելի է չզիջել, բայց այդ դեպքում պետք է մոռանալ զարգացման, առավել եւս՝ հզորացման մասին: Այդպես կարելի է միայն գոյատեւել դարձյալ մի որոշ ժամանակ: Իսկ հետո՞…Շարունակենք հուսալ, որ կգա մի բարեկամ երկրի բանակ եւ կլուծի հարեւանների հետ մեր պատմական վեճե՞րը…