Շահրամանյանի կյանքի գինը

Շահրամանյանի կյանքի գինը

Կա՞ մեկը, որը կասկածում է, որ Հայաստանը տեղյակ չէր, թե Արցախն ինչ էր ստորագրում։ Որ «քառասունքից դուրս չեկած» , ընդամենը մի քանի օրական նախագահն է Արցախը հանձնել։ Նման բան մտածելն  անգամ «քառասունքի մեջ գտնվող» երեխաների ծիծաղը կառաջացնի։ Եվ Արցախի նախագահի հարցազրույցն այդ մասով և ընդհանրական առումով ոչինչ չասող բան էր, այսինքն ո՞վ չգիտեր, որ Հայաստանը տեղյակ է եղել և ինքն է ուղղորդել՝ ստորագրելու այդ փաստաթուղթը։ Շահրամանյանին լսենք․  «Հայաստանը տեղյակ էր Արցախը ինչ է ստորագրում և մենք քննարկում էինք ՀՀ իշխանությունների հետ հնարավոր վտանգները կապված այդ փաստաթղթերի հետ, բայց մեր նպատակը արցախցիների կյանքը փրկելն էր»։

Կարծում եմ «կյանքեր փրկել» բառակապակցությունը լսելուց անմիջապես հիշում եք Նիկոլ Փաշինյանին, որովհետև  «կյանքեր փրկելը» Փաշինյանի բրենդն է։ Հենց միայն այս նախադասությունը վկայում է, որ Շահրամանյանը ոչ թե բառ առ բառ, այլ տառ առ տառ կատարել է Փաշինյանի հրահանգները, որը  ոչ մեկը չի կասկածում դույզն անգամ։ Շահրամանյանի խոստովանությունից  հետո հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչու՞ է Նիկոլ Փաշինյանի հրահանգները կատարող Արայիկ Հարությունյանը հրաժարական տվել։ Ինքը պակա՞ս լավ էր կատարում նրա հրահանգները։ Արայիկը պակա՞ս հնազանդ էր Նիկոլին։ Այստեղ երկու բան կարելի է մտածել։ Կամ Շահրամանյանը անտեղյակ մարդ է եղել և չի հասկացել, որ իր  «գլխին սարքում են» Արցախի հանձնման պրոցեսը, որը գրեթե անհնարին բան է, կամ Շահրամանյանը տեղյակ է եղել, որ իր միջոցով Արցախի հանձնումը ավելի դյուրին են դարձնում և ընդառաջ է գնացել Նիկոլ Փաշինյանին։  

Սամվել Շահրամանյանի նախագահ դառնալուց հետո ժողովուրդը ցնծության մեջ էր, որ Արայիկից ազատվել է, ով Նիկոլ Փաշինյանի կամակատարն էր։ Եկել է մեկը, ով Նիկոլի հրահանգները չի կատարելու և Արցախը կարողանալու է շտկել մեջքը։ Նման խաբեությունը և Նիկոլի հրամանով, որի հետնամասում Ալիևն է թաքնված,  Արցախը դատարկելը եղել է նրա կյանքի գինը։ Եթե նույն բանն աներ Արայիկը, նրա մարմնից փետուրը կմնար, այդ իսկ պատճառով գործը հանձն է առել Շահրամանյանը, որը կարող էր արդարանալ՝ մի քանի օրվա նախագահ եմ եղել։ Շահրամանյանի անհամարձակ խոսքը ու հարցազրույցը դրան են տանում։ Նա ինչպե՞ ս կարող է դեմ խոսել Նիկոլին կամ ՀՀ իշխանություններին, երբ պոչը թաքնված է Նիկոլի ու Ալիևի տակ։  Շահրամանյանի կյանքի գինը Արցախն է եղել՝  արցախցիներին ու բարոյականություն ունեցող հայերին մոլորեցնելը։