ՊՆ փոխնախարարը՝ սահմանին կուտակումների մասին

ՊՆ փոխնախարարը՝ սահմանին կուտակումների մասին

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի 2023թ. սեպտեմբերի 11-ին հերթական նիստը։ Քիչ առաջ լրագրողները ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեցին սահմանին տիրող իրավիճակի մասին։

«Կուտակումների մասին տեղեկատվությունը հայտնել է նաեւ ՊՆ-ն եւ ավելորդ լարումից, մյուս բաներից խուսափելու համար ցանկալի է հետեւել պաշտոնական տեղեկատվությանը, մենք ամեն ինչ հրապարակում ենք»,- ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով ադրբեջանական կողմից սահմանին կուտակվող ռազմական տեխնիկայի վերաբերյալ լրագրողների դիտարկումներին, փոխնախարարը արձագանքեց․ «Ես մասնագիտական առումով չասեմ, այնտեղ պարզ երևում է, հրետանային միջոցներ են կարծես թե, մի շարք ռազմական տեխնիկա է: Այդ մասին խոսվել է: Ավելորդ չեմ ցանկանում մեկ անգամ նույնպես դրա մասին խոսել: Միայն կհորդորեմ մեր տեղեկատվությանը հետևեք, մենք պարբերաբար որոշակի սրումների կամ ընդհուպ փոքր հրաձգային զենքից կրակի դեպքում անմիջապես տեղեկատվություն տրամադրում ենք: ՊՆ-ն իր իրավասության շրջանակներում, բնականաբար, քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու ու ընդհանուր իրավիճակի վրա որեւէ կերպ բացասական ազդեցություն չունենալու իմաստով: Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ էսկալացիայի ռիսկը առկա է, սակայն մենք, որպես պետություն պետք է ձեռնարկենք քայլեր»,- հավելեց նա։