Դավիթ Գրիգորյանի դեմ գործողությունները կապված են Քոչարյանի գործի հետ. Քոչարյանի պաշտպան

Դավիթ Գրիգորյանի դեմ գործողությունները կապված են Քոչարյանի գործի հետ. Քոչարյանի պաշտպան

«Դուք տեսնում եք որ դատախազությունը, Ազգային անվտանգության ծառայությունը,Հատուկ քննչական ծառայությունը լծված են մի գործի, որ հավաքեն նյութեր, որ պարոն Քոչարյանի մեղադրանքը հիմնավորվի»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Նա նշեց՝ իրավական դաշտում նրանք տանուլ են տվել.«Դա է պատճառը, որ իրենք ավելի ու ավելի հաճախ սկսել են դիմել անթույլատրելի մեթոդների։ Տանուլ տալով իրավական դաշտում վարչապետի հետ միասին ստիպված եղան ակցիա ձեռնարկել՝ փակելով դատարանները՝ ահաբեկելով դատավորներին։ ԱԱԾ տնօրենը դատավորի հետ ստիպված բացատրական աշխատանքներ էր տանում, եթե պարոն Քոչարյանին կալանավորելու հիմքեր լինեին, ո՞նց եք կարծում՝ բացատրական աշխատանքներ կտանեի՞ն»։ 

Անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելուն՝ ասաց.«Դավիթ Գրիգորյանի նկատմամբ էս ամեն ինչը ծավալելով՝ մեսիջ չե՞ն ուղարկում մյուս դատավորներին, ովքեր պարոն Քոչարյանի գործը կքննեն։ Այն,որ պարոն Գրիգորյանի դեմ իրականացվող գործողությունները կապված են պարոն Քոչարյանի հետ,որեւէ կասկած չի կարող լինել։ 

Բոլոր իրավաբանները գիտեն, որ եթե անձի վերաբերյալ որոշում է կայացվում, անձը կասկածվում է որեւէ հանցագործության մեջ, այդ անձը մեղադրյալ է։Այդ գործողությունները կարող են կատարվեն ԲԴԽ-ի համաձայնությամբ։ Նախ,որովհետեւ Գրիգորյանը քննում է պարոն Քոչարյանի գործը,մենք չենք կարող չգիտակցել, որ Գրիգորյանի արվածը մեսիջ է մնացած դատավորներին։
Ասվում է՝ չփորձեք որոշում կայացնել պարոն Քոչարյանի օգտին»։ 

Նա նաեւ նշեց, որ 24 օր է՝ ինչ դատարանը չի քննում իրենց գրավի միջնորդությունը. «Դեռեւս հունիսի 27֊ին միջնորդություն ենք ներկայացրել, որ գրավ կիրառվի։ հիմա հուլիսի 20֊ն է, դեռ մեր միջնորդությունը չի քննվել, բայց օրենքն ասում է՝ դրանք պետք է քննվեն անմիջապես։ Ո՞ր երկրի օրենսգրքով է իրականացվում դատավարությունը։ Ասում են՝ Արմեն Դանիելյանը քրգործի նյութերը չի ուղարկում, մենք ստիպված եղանք դիմել բոլոր ատյաններին, մենք խնդրեցինք եւ ասացինք՝ կողմնորոշվեք, թե երբ պիտի քննվի։  Այն բանից հետո, երբ մենք ներկայացրինք միջնորդությունը, առգրավեցին նաեւ մեր միջնորդությունը։ Ինչ֊որ մեկը պետք է ասի,որ սա կապ չունի՞ պարոն Քոչարյանի գործի հետ։ Ինչ տեղի է ունենում դատական համակարգում, կախված է մեկ գործից»։