Պահանջում եմ ապամոնտաժել Փաշինյանի արձանն Իջևանից

Պահանջում եմ ապամոնտաժել Փաշինյանի արձանն Իջևանից

Մարդ չի իմանում ինչ խորհուրդ տա եղբայրական Տավուշի մարզի բնակիչներին, որոնց միակ ապրուստը անտառն է, էն էլ, ինչպես մեծ լոռեցին կասեր՝ հրեն հա, երկնքից կախված: Հառաչանքի պես մի բան դուրս թռավ ներսիցս, երբ իմացա, որ գեներալ Օսիպյանը զորքը տարել է իջեւանցիների վրա, մեր ու մանուկ խառնել իրար, արական սեռի ներկայացուցիչներին տեղաշորից հանել, կնիկ-երեխու աչքի առաջ փռել հատակին, ձեռուոտ ոլորել, մայկա-տռուսիկով տարել անհայտ ուղղությամբ: Ով էլ ղաչաղ է դարձել, ընկել սարերը, դեռ ման են գալիս: Վարչապետ, քեզ իջեւանցի ասողի ինչն եմ ասել…

Վերցրել, Ֆեյսբուքում գրել է, թե՝ լավ ենք արել, բռնել ենք, անտառհատումների վերջը պետք է տանք, իսկ մեղավորներին էլ պետք է պատժենք: Մարդը, փաստորեն, չի իմանում, որ իջեւանցու համար անտառհատումի վերջը տալ՝ նշանակում է նրան սոված թողնել, զրկել մի կտոր հացից, որովհետեւ ուրիշ աշխատանք, տունը պահելու ուրիշ ելք չկա: Ասում է՝ մեղավորներին պատժելու ենք: Չէ, հա: Առաջին մեղավորն ինքն է, երկրորդը՝ Օսիպյանը, երրորդը, եթե չեմ սխալվում, Վանեցյանը: Դե թող պատժի, տեսնեմ ո՞նց է պատժում: Մեկ տասնյակից ավելի ոստիկան է հիվանդանոց ընկել: Ո՞վ է պատասխան տալու: Ո՞վ է նրանց հրաման տվել՝ գիշերվա հազարին մտնել իջեւանցիների տները, դիվադադար անել մարդկանց, թե միջպետական ճանապարհ եմ բացում: Ու փառք Աստծո, որ զոհեր չկան:

Սիրելի իջեւանցիներ, տանձներիդ չդնեք, ամեն ինչ լավ է լինելու: Մեկ վայրկյան անգամ չամաչեք, որ Նիկոլ Փաշինյանն իջեւանցի է: Բոլորի հետ էլ կարող է նման բան պատահել: Պարզապես պետք չէր Փաշինյանի արձանը տեղադրել քաղաքի մուտքի մոտ ու դարձնել սրբատեղի: Վանաձորցիները, ինչ է, չէի՞ն կարող վարչապետ Տիգրան Սարգսյանի արձանը տեղադրել իրենց հրապարակում: Ուզում եմ ասել՝ կյանքը բարդ բան, է եւ չի կարելի շտապողականություն ցուցաբերել նման նուրբ հարցերում: Հասկանում եմ, ձեզ համար դժվար է Փաշինյանի արձանը հանելը, բայց պետք է, հասկանում եք, պետք է դա անել:

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչ նոր ծրագիր են իրականացնում Հայաստանի Հանրապետության բառադի (նկատի ունենք՝ մորուքավոր) իշխանությունները: Այլեւս հայտնի է, որ ՀՀ մարզերում իրավիճակն այնքան լարված է, որ մոտ է փոխվելուն: Մարդիկ հաց չունեն ուտելու Արմավիրում, Արագածոտնում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արարատում, Վայքում, Սյունիքում: Մի թեթեւ Կոտայքում են իրար գալիս, էն էլ շնորհիվ Ծառուկյանի եւ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ոչ իշխանական թեկնածուի հաղթանակի: Փաշինյանի նշանակած մարզպետները վախենում են Երեւանից մարզեր մեկնել եւ, ամենայն հավանականությամբ, կսկսեն իրար հետեւից հրաժարական տալ:

Իջեւանի ոչ թավշյա դեպքերը հուշում են, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է մարզերում իր իշխանությունը վերահաստատել ոստիկանության զորքերով: Պետք լինի՝ բանակն էլ կհանի մարզերի դեմ, միայն թե երկարաձգի ուժի վրա հենված իր անփառունակ իշխանությունը: Իսկ թե ինչու է սկսել Տավուշից, կարծում եմ՝ հարկ չկա լրացուցիչ բացատրության: Փաշինյանը սիրում է նախ յուրայիններին պատժել, որպեսզի մյուսները չմտածեն, թե իրենց կխղճա: Տավուշում, կարծում ենք, դեռ շատ բան չափի մեջ էր: Լոռիում ավելի վատ է լինելու, Շիրակում՝ էլ ավելի վատ եւ այսպես շարունակ:

Մերիտոկրատիայի բնօրրան (Սինգապուր) կատարած այցի ժամանակ Փաշինյանը, պարզվում է, հասկացել է, որ սինգապուրցիները հարստացել են իրենց արժանավոր իշխանությունների եւ ոչ թե ամեն մեկն իր ուղեղում հեղափոխություն անելու շնորհիվ: Եվ, իսկապես, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկատարվեր, եթե Սինգապուրի որեւէ բառադի իշխանություն, առանց աշխատատեղ ստեղծելու, կղզի քաղաք-պետության բնակիչներին արգելեր ծովից ձուկ բռնել:

Բնականաբար՝ հարցը միջպետական ճանապարհ փակելով չէր վերջանա, մանավանդ, որ Սինգապուրը միջպետական ավտոճանապարհներ էլ չունի: Կհավաքեին իրենց բառադի մերիտոկրատներին ու կլցնեին ջուրը, չէ՞: Բայց դու տես, որ հայ մերիտոկրատների առաջնորդը որոշել է իջեւանցիներին ու դիլիջանցիներին արգելել անտառից ցախ հավաքել: Ձուկ որսալու համար վաղը ծովագյուղացիներին, շատ ներողություն, կփռեն Սեւանին, հետո զանգվածային բռնությունները կհասնեն վարդենիսցիներին, որոնք մասնագիտացել են ուրիշի ոսկու հանքերի մշակության ոլորտում… Փաշինյանից գուցե ամենաքիչը տուժեն անասնապահությամբ զբաղվող մարզերը, բայց դա հարցի լուծում չէ: Մեր անասնապահական մարզերում մեծ թիվ են կազմում քաղաքաբնակները, իսկ Գյումրիի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի, Վաղարշապատի, Գորիսի, Կապանի նման քաղաքներում այնքան էլ հարմար չէ ոչխար պահելը:

Այս իրավիճակից ամենալավ ելքը թերեւս Փաշինյանի ինքնակամ հեռանալն է: Ի՞նչ կա որ, կարող է ներողություն խնդրել եւ հանգիստ, ինչպես եկել է, հեռանալ: Մի քիչ կխոսենք, կբամբասենք, վերջը կմոռանանք ամեն ինչ ու կգնանք առաջ: Իսկ ի՞նչ անել, եթե Փաշինյանը չի ուզում հեռանալ եւ ոստիկանութան վայրենի գործողություններով, այն է՝ ատամներով է պահում իր իշխանությունը: Այ, այս դեպքում մտածել է պետք: Միանգամից Փաշինյանի հրաժարականը պահանջելը ճիշտ չէ, կարծում եմ: Փաշինյանն անակնկալի կգա ու չգիտես ինչ հրամաններ կարձակի:

Ավելի լավ է մի փոքր հեռվից գանք եւ որպես մարտավարական քայլ՝ պահանջենք, օրինակ, Օսիպյանի հրաժարականը, որն Իջեւանում ապացուցեց, որ ոստիկանը մերը չէ, այլ՝ Նիկոլինը: Հետո կանցնենք Փաշինյանի սրտի դատավորների հրաժարականները պահանջելուն: Այդ դատավորներին կարելի է նույնիսկ ժողովրդական վեթթինգի ենթարկել՝ Սահմանադրությամբ իրենց վերապահված անկախությունից հրաժարվելու եւ Փաշինյանի հանձնարարականներով դատավճիռներ թխելու համար: Այս եւ նման քայլերով միայն կարելի է Փաշինյանին իջեցնել երկիր եւ հրաժարեցնել: Այլապես նա այսօր հոգով Սինգապուրում է, մտքով՝ Պուտինի հետ, երազներում՝ Թրամփի, իսկ պահվածքով էլ Վանոյին է հիշեցնում՝ ՀՀՇ-ական անտիհումանիզմով հանդերձ:

ՀԳ. Սիրելի իջեւանցիներ, իսկ դուք առայժմ ապամոնտաժեք ձեր քաղաքի մուտքին տեղադրված Փաշինյանի արձանը, որ քայլում է Երեւանի ուղղությամբ: Այնպիսի զգացողություն է՝ իբր մեկը քիչ էր, հիմա էլ երկրորդն է ճանապարհ ընկել դեպի Երեւան: