Կոտրված ապակին փոխե՛լ է պետք

Կոտրված ապակին փոխե՛լ է պետք

2019 թվականի դեկտեմբերի 13-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ դիմադրությունը ջարդելու եմ»։ Սա բաց հայտարարություն էր այն մասին, որ պետական համակարգի գոյությունը հայտնվել է մեկի ձեռքում, որն այն զարգացնելու, ավելի ամրապնդելու, եղածի վրա մի բան  ավելացնելու փոխարեն՝ որոշել էր ջարդել։ Սա նաև վկայում է մի բան։ Որ մենք ունեինք պետական անվտանգային հզոր համակարգ, որը դիմադրում էր Նիկոլ Փաշինյանին ու «իր հեղափոխությանը» և Փաշինյանը որոշել էր ամբողջովին ջարդել պետական համակարգը։ Այս հայտարարությունը բավական է,  որ Նիկոլ Փաշինյանին ընդունենք

ՀՀ պետականության հիմքերը ջարդելու, խարխլելու նպատակով «դրսից  բերված առաջնորդ»։ Հայտարարությանն անմիջապես հետևեց գործողությունները ու, չնայած պետական համակարգի դիմադրողականությանը, նա կարողացավ քայլ առ քայլ իրականացնել պետական համակարգի ջարդումը։ Այսօր արդեն պետական համակարգը գոյատևում է Փաշինյան անձի գերլարված դիմադրողականության, ներարկված իմունիտետի շնորհիվ։ Կա՛ նա, ինչ որ կառույցներ, որոնք պետության հոտ անգամ  չունեն, առայժմ գործում են մի անձի շառավղի ու բարգավաճման  շուրջ։

Պետական համակարգի ջարդումից հետո հաջորդ քայլը պետականության, պետության վերացումն է, որին  քայլ- քայլ գնում է։ Չկա պետական համակարգ, որ դիմադրի, անգամ սուվերեն պետության սահմանները, տարածքները  պաշտպանելու համար,  չկա ներքին  ռեսուրս, հանձնվում են առանց դիմադրության։ Ու եթե դեռ կան մարդիկ, որոնք չեն հավատում, որ գնում ենք ՀՀ պետականության կորստի, ուղղակի թող մտածեն՝ իսկ ո՞վ պիտի կասեցնի մեր պետականության կորուստը, պետական ո՞ր կառույցը։ Կա՞ նման բան, որ դիմադրի Փաշինյանին ու ժողովրդի գլխին աղետ բերած հեղափոխությանը։ Պետական համակարգը ջարդված է ամբողջովին, որը սահմանապահի դեր էր կատարում։ Ջարդված են բոլոր դռները, թշնամուն մնում է ընդամենը ներս մտնել ու վերցնել այն, ինչ խոստացել է պետական համակարգը ջարդողը։ Ու այսօր խոսել խաչմերուկների, ճանապարհների, կածանների, արահետների մասին, ուղղակի  կոտրված պետականության ապակուց փչող միջանցիկ քամի է։ Կոտրված ապակին, դուռը փոխել է պետք ու միանշանակ արագ։ Ուրիշ ելք չկա՝ ահագնացող հողմից պաշտպանվելու համար։