Պատմությունդ գիտես, ուրեմն՝ տեր ես հայրենիքիդ ու համազգային արժեքներին

Պատմությունդ գիտես, ուրեմն՝ տեր ես հայրենիքիդ ու համազգային արժեքներին

Կարեւորելով ազգապահպանության խնդիրները, նաեւ` հայոց լեզուն, գիրն ու գրականությունը՝ Եգիպտոսում ապրող մի խումբ մտավորականների ու հասարակական գործիչների ջանքերով (որոնց թվում էին Առաջին հանրապետության պետական նշանավոր գործիչներ Լեւոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Համո Օհանջանյանը եւ այլք) 1928 թ․ մայիսի 28-ին հիմնադրվում է Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը, որը տասնամյակներ անց` 1991թ․-ին, իր գրասենյակը բացում է նաեւ Հայաստանում՝ դրանով ստանձնելով մայր հայրենիքի եւ սփյուռքի միջեւ մշակութային կամրջի դերակատարումը:

«Համազգայինը ստեղծեցին Լեւոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Համո Օհանջանյանը, անուններ, որոնք 1-ին հանրապետությունն էին կերտել եւ որոնք, պատմական հանգամանքների բերումով, հայրենիքից հեռու էին, բայց դարձյալ ապրում էին հայրենիքի ապագայի տեսլականով ու գաղափարով: Հենց այդ գաղափարի շուրջ էլ 1928թ․-ին ստեղծեցին Համազգայինը,- ասում է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Հայաստանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանն ու շարունակում։-  Պատահական չէ, որ ի սկզբանե Համազգայինը կոչվել է կրթական եւ հրատարակչական ընկերություն, որովհետեւ, ինչպես իրենք են խոստովանում, այդ ժամանակ կրթական ու հրատարակչական գործն էր, որ հայությանն աշխարհի տարբեր երկրներում հայ պիտի պահեր»:

Այս տրամաբանությամբ էլ 1991-ին ստեղծվեց Համազգայինի hայաստանյան գրասենյակը, որի կողքին կանգնած էին մեր ժամանակի երեւելի մտավորականները` Սոս Սարգսյան, Ռազմիկ Դավոյան, Ռուբեն Հովսեփյան, Սարգիս Մուրադյան. «Վերջին հաշվով, նրանք էլ ներշնչված էին Լեւոն Շանթի, Նիկոլ Աղբալյանի գործով, եւ նրանց սկզբունքները փոխանցվել էին նաեւ իրենց: Երեւանի գրասենյակը ստեղծվել է այն կարեւոր սկզբունքի վրա, որ, ի վերջո, հայրենիքն է սնողը եւ հայրենիքն է նպատակ, գործելու ներշնչանք ու տեսլական տալիս: Եթե չլիներ հայրենիքը, անգամ այն ժամանակ, երբ Սովետական Հայաստանը խորհրդայնացվել էր, ապագայի այդ տեսլականը հայ ժողովրդի մեծերը չէին ունենա։ Պատկերացրեք՝ եթե մենք չունենանք այս փոքրիկ հայրենիքը, ի՞նչ իմաստ կունենա Ավստրալիայի պարախումբը կամ երգչախումբը: Այսինքն՝ սեւեռակետը հայրենիքն է, ու հայրենիքով պետք է պայմանավորենք սփյուռքի զարգացման հեռանկարը, որովհետեւ 3-րդ, 4-րդ սերունդը սփյուռքում արդեն ձուլման վտանգի առջեւ է կանգնած: Համազգայինի` սփյուռքում պարախմբեր ու երգչախմբեր պահելու, դպրոցներ եւ ճեմարաններ ստեղծելու, գրքեր հրատարակելու ճիգն ու ջանքն ի վերջո միտված են դրսում հային հայ պահելուն»:

Գրեթե 5 տարի է, ինչ Ռուզան Առաքելյանը ղեկավարում է Համազգայինի Հայաստանի գրասենյակը, հիշում է` դժվար ժամանակ ստանձնեց այս պատասխանատու գործը` երկրում իշխանափոխություն էր տեղի ունեցել, եւ որոշակի իմաստով դժվարացել էր պետական մի շարք կառույցների հետ աշխատանքը:

«Երբ 2019-ին ստանձնեցի Երեւանի գրասենյակի տնօրենի պարտականությունները, մտածում էի, որ մշակութային իմաստով Հայաստանն արդեն բազմաժանր է ու բազմագույն, ունի պետական երգչախմբեր, պարախմբեր, ուստի առաջարկեցի Համազգայինի կենտրոնական վարչությանը, որ թեմատիկ գիտաժողովներ անենք եւ դրանով մեր շուրջ հավաքենք մտավորականությանը: Փառք Աստծո, դա մեզ հաջողվեց, այժմ մենք համագործակցում ենք Ակադեմիայի բոլոր ինստիտուտների հետ, եւ մեր թեմատիկ գիտաժողովներին ներգրավված են գիտության ոլորտի լավագույն մասնագետները: Այս ընթացքում սկսեցինք տպագրել այնպիսի հեղինակների գրքեր, որոնք քիչ ճանաչում ունեն Հայաստանում, օրինակ՝ Մուշեղ Իշխանի, Լեւոն Շանթի մասին գրքեր տպագրեցինք: Երբ 2019-ին՝ Լեւոն Շանթի 150-ամյակի առիթով նախաձեռնեցինք նրա մասին գիրք տպագրել, ես դարձյալ համոզվեցի, որ հայազգի այդ երեւելի անուններին, որոնց անցած ճանապարհն այսօր էլ հնչեղ է ու այսօրեական, Հայաստանում շատ քչերը գիտեն: Այս մղումով էր պայմանավորված, որ մենք ավելի շատ կենտրոնացանք գրականության տպագրության ու այդ անունները հանրահռչակելու գործի վրա, որովհետեւ, երբ ասում ենք` Լեւոն Շանթ. «Հին Աստվածներ», բոլորը մտածում են, որ արդեն նրան գիտեն, բայց Լեւոն Շանթն իր հասարակական, քաղաքական գործունեությամբ շատ խորը հետք է թողել: Այսօր էլ, երբ կարդում ենք նրա հոդվածները, կարծես հենց այսօր գրված լինեն: Հասկանալի է, որ խորհրդային տարիներին ազգային գաղափարախոսությունը կրող այդ գործիչները, որոնք կերտել էին Առաջին հանրապետությունը, արգելված էին, բայց, ցավոք, վերջին 30 տարիների ընթացքում էլ այդ անունները չդարձան մեր կրթական համակարգի ծրագրի մաս»:  

Այդ մտավորականները ստեղծել են ազգային մշակույթ, որը, ըստ Առաքելյանի, ոչ մի կապ չունի քաղաքական նախընտրությունների հետ, բայց այդ մարդկանց անունները դուրս են մնացել միայն այն պատճառով, որ նրանք կուսակցական պատկանելություն են ունեցել. «Լեւոն Շանթ, Հակոբ Օշական, Համաստեղ, Կոստան Զարյան, Վազգեն Շուշանյան, Մուշեղ Իշխան․ այս մարդիկ բազմաթիվ են, որոնց անունները մշտապես դուրս են թողնվել կրթական ծրագրերից ու չեն դարձել հայաստանցու սեփականությունը: Այս բացն ինչ-որ իմաստով փորձում է լրացնել Համազգայինը, որի կազմակերպած գիտաժողովները հենց այդ գործին են ծառայում, որպեսզի այդ ժառանգությունը դառնա ամեն հայի սեփականությունը: Մենք հայոց պատմությունը միայն հաղթանակներով ու պարտություններով ենք սովորում, բայց հայոց պատմությունը կերտել են նաեւ այսպիսի մարդիկ, որոնք գրականության եւ մշակույթի մարդիկ են եղել, հայոց պատմության անիվը շրջելու առաքելություն են ունեցել եւ խորը հետք են թողել սերունդների դաստիարակության հարցում: Այդ անուններով են կրթվել սփյուռքում ապրող տարբեր սերունդներ, որոնց փոխանցվել է նաեւ հայ քաղաքացի դաստիարակելու բանաձեւը, որովհետեւ եթե մենք հայրենիքը պահելու գաղափարի մասին ենք խոսում, պետք է պատկերացնենք նաեւ, թե այդ որ քաղաքացին կարող է հայրենիք պահել եւ նվիրվել հայրենիքին»:
Ժամանակը նոր խնդիրներ ու անելիքներ դրեց Համազգայինի առաջ, հատկապես 44-օրյա պատերազմից հետո. «Ինչպես Չարենցն էր ասում, եթե կուզես երգդ լսեն` ժամանակի շունչը դարձիր, ըստ այդմ՝ մենք ոչ թե պետք է տուրք տանք ժամանակին, այլ խոսենք, քայլենք ժամանակի հետ: Ցավոք, ժամանակը մեզ բերեց 44-օրյա պատերազմ, որտեղ հազարավոր հայորդիներ հերոսացան: Համազգայինի երեւանյան գրասենյակի ծրագրերից մեկը դարձավ՝ անմահացնել մշակույթի եւ գրականության այդ հերոսներին: Դրա համար նախաձեռնեցինք եւ տպագրեցինք պատկերագիրք, որտեղ ներկայացված են 25 հերոսացած նկարիչ, քանդակագործներ` իրենց ստեղծագործություններով: Բացի այդ, տպագրվեց «Հնչող ձայներ» գիրքը, որտեղ դարձյալ ներկայացված են բանաստեղծ եւ արձակագիր հերոս տղաների գործերը: Հիմա մենք Արցախի գրասենյակի հետ համատեղ աշխատում ենք մի պատկերագրքի վրա, որն անդրադառնալու է Արցախի գրավյալ տարածքների հուշարձաններին ու դրանց պատմությանը, քանի որ այլեւս դժվար է ասել, թե ինչ է լինելու դրանց ճակատագիրը: Մենք անընդհատ խոսում ենք քաղաքական իրավունքի մասին, բայց մեր պատմական իրավունքն էլ մեր հուշարձաններն են, որոնք խոսում են մեր հազարամյա պատմության մասին: Հիմա պատմական իրավունք չունենք Նախիջեւանի հուշարձանները ներկայացնելու հարցում, որովհետեւ դրանք այլեւս չկան: Ցավոք, Նախիջեւանի նույն ճակատագիրն է սպասվում այն հուշարձաններին, որոնք արդեն գրավյալ տարածքներում են: Արդեն իսկ լսում ենք, որ այդ տեղերում բավականին հուշարձաններ հողին են հավասարվել: Արցախի մեր գործընկերներն ու համապատասխան մասնագետները, օրինակ, ասում են, որ Հադրութում հուշարձան կա, որն արդեն քարակույտի է վերածվել: Այս պատկերագրքի նպատակը մեր սերունդներին կրթելն է, որովհետեւ պայքարը հենց այդպես է լինում, եթե քո պատմությունը գիտես, պայքարելու ցանկություն է առաջանում հենց այդ պատմության համար: Այսինքն՝ մեր կռիվն էլ սա է` գիրք տպել, միջոցառում անել եւ դրանց միջոցով միտք, գաղափար փոխանցել»:

Համազգայինը գրասենյակ է բացել նաեւ Գյումրիում, որտեղ վերջերս տեղի ունեցավ Վահագն Դավթյանի 100-ամյակին նվիրված գրքի շնորհանդեսը:

Այս տարի Համազգայինն աշխարհով մեկ սփռված իր մասնաճյուղերով տոնելու է հիմնադրման 95-ամյակը, թե ինչ մարտահրավերների առաջ է կանգնած Համազգայինն այսօր, ու ինչ անելիքներ կան ապագայում, Ռ. Առաքելյանն ասում է. «Հիմնական մարտահրավերը, առանց չափազանցնելու, այն է, որ մեզ ոչ թե տառաճանաչ, այլ գրագետ սերունդ է պետք, ի վերջո՝ գրագետ սերունդն է հայրենիքին տեր դառնում եւ հայրենիքի արժեքն իմանում: Նաեւ՝ այդ ժամանակ ես պայքարի ելնում: Գործի բերումով ես շատ տարբեր մարդկանց հետ եմ շփվում, որոնք իրենց մասնագիտության մեջ կայացած մասնագետներ են, բայց կարծում եմ՝ եթե վերը նշածս անուններից շատերին ծանոթ լինեին, գուցե այս միջավայրը, մթնոլորտը չստեղծվեին, եւ պատմական այլ ընթացք ունենայինք: Օրինակ՝ Առաջին հանրապետությունը կերտած այրերը, որոնք նաեւ Համազգայինը ստեղծեցին, այս նույն արատների մասին` հասարակության բեւեռացում եւ այլն, ժամանակին խոսել են: Նույն Լեւոն Շանթն իր հոդվածներից մեկում ասում է, թե ինչքան վնաս է, երբ հայը տարանջատում է իրեն մի ուրիշ հայից»:

95-ամյա Համազգայինն այսօր էլ կենսունակ կառույց է, եւ, ինչպես նկատում է Ռուզան Առաքելյանը, երիտասարդությունն այստեղ մեծ դերակատարում ունի. «Համազգայինն առաջ տանող ուժը երեք սերունդների ներուժի օգտագործումն է»:           

Չնայած նյութական դժվարություններին, գրասենյակի տնօրենը վստահ է՝ Համազգայինը պարտավոր է շարունակել տեր կանգնել իր անվանը` համազգային արժեքներ ստեղծելուն. «Իսկ այդ արժեքների կենտրոնը հայրենիքն է, որի շուրջ ածանցվում են հայ ժողովրդի ավանդույթները, մշակույթը, գրականությունը, բայց նախ այդ արժեքները պետք է ծառայեցնել հայրենիքը պահելուն: Ժամանակները փոխվում են, մարտահրավերները՝ եւս, բայց Համազգայինն էլ իր նպատակներն ու ծրագրերը պայմանավորում է ժամանակի մարտահրավերներով, իսկ դրանք շատ են, անելիքները՝ եւս, եւ ինչքանով հնարավորությունները թույլ տան, Համազգայինն էլ ընդլայնելու է իր գործունեությունը` հայ կրթությունը, պատմությունը, մշակույթը տարածելու ու դրանով հայ սերունդներ դաստիարակելու նպատակով՝ հանուն վաղվա Հայաստանի»:

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ