«Էլիտար» ընդդիմությունը հասարակության հետ անկեղծ չէ

«Էլիտար» ընդդիմությունը հասարակության հետ անկեղծ չէ

Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը բացահայտ պատերազմ սկսեց Արցախի դեմ, իսկ ՀՀ իշխանությունը հասկացրեց, որ չի «խառնվելու»՝ չի պատրաստվում որեւէ կերպ պաշտպանել Արցախը, երեկոյան Երեւանի կենտրոնում հավաքվեցին շատ մարդիկ, որոնք եկել էին պահանջելու Փաշինյանից՝ պաշտպանել թշնամու հրետակոծության ու ագրեսիայի զոհ դարձող Արցախն ու արցախցիներին: Հավաքն ինքնաբուխ էր, զայրացած մարդիկ պատրաստ էին գրոհել Կառավարության շենքի վրա: Ելույթ ունեցան ոչ «էլիտար» ընդդիմության ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, հայ վրիժառու Համբիկ Սասունյանը, մարդիկ, ովքեր սովորաբար հանրահավաքներին չեն խոսում:

Հարթակը բաց էր եւ, կարծես թե, ինքնաբուխ նոր ընդդիմություն էր ձեւավորվում: Հնչում էին նաեւ հստակ ծրագրեր: Բայց որտեղից-որտեղ նորից հայտնվեցին «էլիտար» ընդդիմության ներկայացուցիչները՝ Երեւանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքը գլխավորած Անդրանիկ Թեւանյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Թեւանյանը խոսեց իր դարդերից՝ ավագանու ընտրություններից: Ասացին, խոսեցին, դարդները պատմեցին, նորից խոստացան Փաշինյանին հեռացնել իշխանությունից ու տեր կանգնել Արցախին: Նույնը տեղի ունեցավ նաեւ հաջորդ օրվա հանրահավաքին. ընկեր Իշխանը գոռում էր .«Ար-ցա՛խ, Ար-ցա՛խ» իմանալով, որ Արցախն արդեն հանձնել են կամ մոտ է հանձնմանը, ինչպես ժամանակին հայ դավաճանները հանձնել էին Հալիձորը: Կարծես թե Արցախ գոռալու համար արդեն ուշ է. արդեն պետք է Հայաստանի մարզերի անունները գոռալ: Իսկ Անդանիկ Թեւանյանին խիստ դուր էր եկել, որ իր խոսքերի համար իրեն ծափահարում են: Թե ինչի համար էին ծափահարում, հասկանալի չէր:  Երկրորդ հանրահավաքին Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարը գլխավորելու համար ընդդիմադիր ուժերի հետ խորհրդակցություններ են արել և որոշել են ստեղծել մարմին, որը կկոչվի «Ազգային կոմիտե», բայց չասաց, թե ովքեր են մտնելու դրա կազմի մեջ, նաեւ, որ մշակել են քայլերի և գործողությունների ծրագիր: Մինչդեռ այդ քայլերը պետք է 20 թվի նոյեմբերի 9-ից հետո արված լինեին, կամ այն ժամանակ, երբ ընկեր Իշխանը ընդդիմադիր հանրությանը պտտեցնում էր քաղաքով եւ սպառելով պայքարելու էներգիան` ուղարկում տուն: Ցուցարարներից շատերը` հանրահավաքի ավարտից հետո դժգոհում էին` նրանք մնացին հրապարակում, բախվեցին ոստիկանների հետ, պատրաստ էին լուըրջ պայքարի, սակայն առաջնորդներն արդեն այնտեղ չէին: 

Խնդիրը նրանում չէ, որ այս մարդիկ՝ ընդդիմության առաջնորդները, կարող են գլոբալ հարց լուծել, բայց չեն լուծում: Հարցը միայն Փաշինյանին հեռացնելը եւ նրա ձեռքից իշխանությունը վերցնելը չէ: Խնդիրը նրանում է, որ պարոնայք ընդդիմադիրները չեն խոստովանում «սիրելի հայրենակիցներին», որ անգամ այն դեպքում, եթե Փաշինյանին որեւէ կերպ աթոռից պոկեն եւ վերցնեն իշխանությունը, արդեն ի վիճակի չեն լինի որեւէ բան փոխել… 

Խնդիրը նրանում է, որ Հայաստանը Փաշինյանի ձեռամբ հայտնվել է այնպիսի աշխարհաքաղաքական գործարքների՝ առեւտուրների մեջ, որ Հայաստանի որեւէ նոր ղեկավար ի զորու չէ այս թուլացած երկրով, քանդված բանակով դուրս գալ գեոպոլիտիկ ուժերի դեմ եւ իր օրակարգը թելադրել: Փաշինյանն այնպես է փչացրել հարաբերությունները բոլորի հետ, որ մենք ունենք միայն բացահայտ եւ թաքնված թշնամիներ՝ դաշնակցի դիմակով: Խնդիրը այդ դիմակավոր դաշնակիցների մեջ է: Ռուսաստանն ակնհայտորեն իր մեծ դերն ունեցավ Արցախը Ասդրբեջանին տալու գործում: Ադրբեջանում տոնում են Արցախի գրավումը՝ Բաքվի փողոցներում իրենց հաղթանակը նշում են երեք տերությունների՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի դրոշներով…Իհարկե, թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանն է, իր անհեթեթ հայտարարություններով ու դավաճանական քայլերով: Բայց հիշենք, որ մինչ նրա հայտարարությունը, Ռուսաստանի առաջին դեմքերի մակարդակով, արդեն ճանաչում էին Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ կուլիսների ետեւում շատ ուրախ էին, որ Հայաստանի ղեկին Փաշինյանի նման թույլ ղեկավար է, ում կարելի է պարտադրել շատ բան… 

Արցախի «կտորտանքները» հայկական պահելու համար ՌԴ-ին հարկավոր է մի ոտատեղ, որ իր «խաղաղապահներին» պահի տարածաշրջանում: Հայաստանն այս պահին այլեւս գործոն չէ, այստեղ հարցներն արդեն լուծվում են Էրդողան-Պուտին-Ալիեւ-Արեւմուտք շրջանակներում: Այս մասին լավ գիտեն նաեւ Իշխան Սաղաթելյանը եւ Անդրանիկ Թեւանյանը: Գիտեն, բայց այդ մասին չեն ասում հասարակությանը: Գիտեն նաեւ, որ Փաշինյանին իր տերերը պահելու են այնքան, մինչեւ նա իր սեւ գործն ավարտին հասցնի: Դրանից հետո արդեն նա կհեռացվի իշխանությունից…

Հետեւաբար, ինչպես հասարակությանը զբոսանքի հանեցին Երեւանի փողոցներով, Հայաքվե նախաձեռնելով ժամանակ շահեցին, նույնը հիմա են անում. զսպում են հանրության զայրույթը, տանում են Եռաբլուր, լաց լինում, բողոքում, հայհոյում`մինչեւ Փաշինյանն ավարտի իր սեւ գործը, փույթ չէ, որ իրենք թագավորելու են «ավերակների վրա»: