Ավաղ վարչապետ 

Ավաղ վարչապետ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած նոր ռազմավարությունը, որ շատ բանով հիշեցնում էր նրա ծրագրային դրույթները՝ արձանագրված բոլորովին վերջերս Անվտանգության խորհրդի նիստում ներկայացված ռազմավարության մեջ, անկասկած, շուտով մոռացվելու է՝ այնպես, ինչպես նախորդն է մոռացվել։ Եվ մոռացվել է հիմնավորապես։ Ինչ արած, այս մարդուն ամենուր ուղեկցում է մոռացումը․ նա մոռանում է իր խոստումները, իր խոսքերը, իր պարտավորությունները, իր քաղաքական նախապատվությունները։ Մի բան, այնուամենայնիվ, երբեք չի մոռանում, և ինչը նրա կերպարին ուցեկցում է մշտապես՝ կեղծելը, մանիպուլացնելը։

Այսօր, Մատենադարանում, նա դարձյալ կեղծում էր։ Մատենադարանը մեր ժողովրդի ընկալումներում համարյա սուրբ վայր է, բայց դա չխանգարեց, որ Ն․ Փաշինյանը շարունակի կեղծել։ Եվ արդեն որերորդ անգամ ես անկարող եղա ստիպել ինձ՝ լսելու մինչև վերջ, որովհետև ինձ համար միշտ տհաճ է եղել հետևել մարդու խոսքերին, որոնց չես հավատում, ավելին՝ գիտես, որ ինքն էլ չի հավատում իր ասածներին։

Բայց երեկվա դասախոսությանն այս անդրադարձի առարկան այլ է։

Դասախոսության մի հատվածում Ն․ Փաշինյանն ունկնդիրներին առաջարկեց պատկերացնել, որ ՀՀ անկախությունից հետո անցած շուրջ 30 տարին դարձել է մի օր․ «․․․Պատկերացրեք՝ այդ 30 տարին սեղմում ենք 1 օրվա մեջ», ասաց վարչապետը։ Ն․ Փաշինյանի մտքերի շարունակությունն այնուհետ հետաքրքիր չէ, սակայն հետաքրքիր է, թե այդ մարդն ընդհանրապես, գոնե նվազագույն չափով պատկերացում ունի՞ մեր՝  21-րդ դարի ժ ա մ ա ն ա կ ի մասին, որն ամենևին էլ 20-րդ դարի, առավել ևս 19-րդ կամ նախորդ ոչ մի այլ դարի՝ ընթացքի արագությամբ միևնույն ժամանակը չէ։ Ն․ Փաշինյանն իր ինտելեկտուալ «ժամացույցով» փոքրիշատե զգո՞ւմ է  մեր ժամանակի խելահեղորեն արագացող ընթացքն ու ռիթմերը, որոնք համակել են աշխարհին, ժամանակակից հասարակություններին, կենսական ընկալումներին, գիտական առաջնթացին, տեխնոլոգիական մտքին։ Մարդուն։ Մարդիկ սկսել են ավելի և ավելի «արագ» ապրել։  Արդ, մեր վարչապետն ունի՞ ժամանակի այնպիսի ընկալում, երբ ոչ թե 30 տարին է սեղմված 1 օրվա մեջ, ինչպես իր պատկերացրածն է, այլ 1 օրն է «բացվում» իբրև 30 տարի։ Հետևաբար այս «հաշվարկով» մինչև 2050 թվականը ընկած 30 տարին հավասար է հսկայական մի ժամանակահատվածի, որը նույնիսկ դժվար է պատկերացնել։ Դա համարյա հավիտենականություն է, հետևաբար արժե՞ր, որ վարչապետը ռազմավարություն գրեր․․․ հավիտենականության համար։ Աշխարհի ոչ մի երկրի լուրջ ղեկավար իրեն թույլ չի տա զբաղվել այնպիսի անհնարին գործով, ինչպիսին 30 տարվա հեռահարությամբ ռազմավարություն գրելը։ Այդպիսի մեծ հեռահարություն կարող են վերցնել միայն աշխարհի գլոբալ հիմնախնդիրների լուծումները ծրագրելիս, օրինակ՝ գլոբալ տաքացում, օզոնի շերտ, կենսամիջավայր ևն։

Իսկ այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կոնկրետ երկրի տնտեսությունը, ժողովրդագրական միտումները, էլ չենք ասում՝ մշակույթը, սպորտը և այլն, եթե նույնիսկ ռազմավարական պլանավորման ենթարկվում էլ են, ապա շատ-շատ՝ 3 տարով, Նիկոլի լեզվամտածողությամբ՝ քարը տրաքի՝ 5 տարով։ Ուրեմն, ինչո՞ւ է մեր վարչապետը 30 տարի ձգվելիք հեքիաթ պատմում մարդկանց, եթե վերջիններս իր ոչ մի հեքիաթին այլևս չեն հավատում՝ ցանկացած տևողությամբ։ Նա իսկապե՞ս չի պատկերացնում թվային այն ամբողջ անհեթեթությունը (ՀՆԱ-ն ավելացնել 7 անգամ, երկրի բնակչությունը դարձնել 5 միլիոն և այլն), որ հրապարակում է վարչապետական լրջությամբ։ Նա իրո՞ք այնքան պարզամիտ է, որ կարծում է, թե ՀՆԱ-ի յոթակի աճը կարող է բավարարել 2050 թվականի հայ քաղաքացուն, եթե այդ «թռիչքի» հիմքը և համեմատության եզրը այսօրվա խղճուկ տնտեսական վիճակն է։ Նա իսկապե՞ս լուրջ է, երբ ծրագրում է նույնիսկ անծրագրելի բաներ, օրինակ՝ որ մենք պիտի ունենանք 25 օլիմպիական չեմպիոն, դառնանք ֆուտբոլի աշխարհի առաջնության մեդալակիր (այս մի ռազմավարական թիրախավորման մեջ վարչապետը տարօրինակորեն զգուշավոր է՝ համեստորեն անորոշ «մեդալակիր» է նշում՝ ոսկին չգիտես ում զիջելով), անհատական կարգով  շախմատի աշխարհի չեմպիոն և այլն։ Իր սրտի նախարար Արայիկ Հարությունյանին հիշելով՝ հարցնենք․ դրանք «չափելի՞ վերջնարդյունքներ» են։  Հարցի պատասխանը մենք իհարկե գիտենք, բայց կուզենայինք ստուգել գոնե մեր իշխանավորներից ամենաերևելու  լրջության չափը, ի դեպ, ա՛յն լրջության, որը եթե կորցնում ես, ուղղակի հայտնվում ես ստախոսության, կեղծիքի, պոպուլիզմի դաշտում։ 

Ցավոք, մենք ամեն օր ենք վկայություններ ստանում այն մասին, թե այդ դաշտի ինչպիսի՛ պրոֆեսիոնալ խաղացող է մեր վարչապետը, օր  օրի ավելի հմտացող, սակայն նա մոռացել է, որ իր համար անցանկալի փոփոխություններ է կրել նաև հանդիսատեսը։ Նա այլևս չի հավատում պոպուլիստին։ 

Որ ավաղ նաև վարչապետ է։