Նիկոլաբար...

Նիկոլաբար...

Արտաքին գործերի նախարար Միրզոյան Արարատը հավաքել է Երեւանում հավատարմագրված արտասահմանյան դեսպաններին եւ բողոքել ադրբեջանական զորքի՝ մեր երկրի տարածք ներխուժելու փաստից: Բողոքել է նաեւ հենց դեսպանների երկրներից, որոնք հասցեական դատապարտման փոխարեն մեզ եւ մեր թշնամուն ուղղված՝ «լարվածության թուլացման եւ հետագա էսկալացիայից խուսափելու» կոչեր են անում: ՀՀ վարչապետի պաշտոնը դեռեւս զբաղեցնող Փաշինյան Նիկոլը եւ նրա ուսապարկերն էլ Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու օգնության խնդրանքով դիմում են ռուսական կողմին:

Միաժամանակ, այս տարվա դեկտեմբերի 9-10-ը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռավար կարգով անցկացնելու է ժողովրդավարության հարցերով գագաթնաժողով: Դրան հրավիրվել են շուրջ 90 երկրների կառավարությունների, քաղաքացիական հասարակության եւ մասնավոր հատվածի ղեկավարներ: Հրավիրվածների թվում է նաեւ Հայաստանը, իսկ Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը բացակայում են: Չեն հրավիրվել նաեւ Թուրքիան ու Ադրբեջանը:

Դե, խեղճ Նիկոլ, արի ու գլուխ հանի այս վիճակից: Ադրբեջանական ագրեսիայի դեմ օգնության խնդրանքով դիմում ես ռուսներին, սակայն քեզ՝ որպես երկրի ղեկավարի, հրավիրել են քննարկելու, ենթադրում եմ, ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու խնդիրը: Իսկ քննարկման մասնակիցներն էլ լինելու են այս օրերին ընդամենը լարվածության թուլացման կոչերով բավարարվող արեւմտյան երկրները: Քեզ ո՞վ էր խնդրում, որ 2018-ի գարնանը փողոցով իշխանափոխություն անեիր հենց հին հունական «ագորայի» եւ «ժողովրդի իշխանության» կարգախոսներով:

Ավելի լավ չէ՞ր լինի, եթե ընտրեիր, ասենք, «Ընդդեմ գիրացնող կարագի եւ մեղրի, հանուն առողջարար կանաչեղենի ու սոխի» կարգախոսը: Ու այդ դեպքում մարդիկ կիմանային, թե ինչն է օգտակար իրենց օրգանիզմի համար: Այդ իմացության շնորհիվ էլ քեզ կկարգեին ոչ թե «փրկիչ», այլ «կանաչեղենի ու սոխի» արքա: Իսկ որտեղ փրկիչ, այնտեղ էլ արքա: Հին հրեաներն էին, չէ՞, Հիսուս Փրկչին սկզբում ընկալում որպես հռոմեացիներից իրենց ազատագրող արքա (իրականում՝ մեսիա, սակայն այնուհետեւ մեսիան վերածվելու էր, չէ՞, արքայի): Ու այդ դեպքում հեռավոր ամերիկաներում քեզ չէին էլ հիշի, որ մի հատ էլ հրավիրեին ժողովրդավարության հարցերով գագաթնաժողովին:

Բայց դե՝ Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե անմիջապես գլուխ չհաներ այս վիճակից: Ասում են, որ Նիկոլն արդեն ընդունել է հրավերը: Դե, հո Վաշինգտոն չի՞ մեկնելու, այլ ընդամենը նստելու է հեռուստացույցի առաջ եւ լսելու է խելացի մտքեր ժողովրդավարությունից եւ մարդու իրավունքներից: Լսելու է այն անձանցից, ովքեր իրականում թքած ունեն բազմաթիվ մարդկանց իրավունքների վրա՝ կենտրոնանալով զուտ մեկի վրա: Որովհետեւ այդ մեկը քաղաքականություն է իրագործում: Այնպիսի քաղաքականություն, որը հարիր է իրենց նպատակներին: Իսկ մնացածներն ընդամենը քաղաքականության զոհեր են: Այն քաղաքականության, որն իրագործում են հենց իրենք:

Իսկ ի՞նչ կլինի ռուսական օգնության խնդրանքի հարցը՝ կհարցնեք դուք: Դե, մեր արեւելյան սահմանին այս անգամ էլ լարվածությունը թուլացել է ռուսական միջամտության շնորհիվ: Իսկ զո՞հը, գերի ընկածներն ու անհայտ կորածները... Դե, դրանք Նիկոլի համար՝ եղած-չեղած. բազմահազար զոհերը, հարյուրավոր գերիներն ու անհայտ կորածները չմարսե՞ց, որ այս դեպքում էլ չմարսի: Սակայն մենք այլընտրանք էլ ունենք. դա Նիկոլի հեռացումն է: Ինչը մեզ կազատի հետագայում զոհեր, գերիներ ու անհայտ կորածներ ունենալուց: