Միացյալ Նահանգները պետք է արագ գործի

Միացյալ Նահանգները պետք է արագ գործի

Նախօրեին իրադրությունը ՀՀ արեւելյան սահմանին վերածվեց պատերազմականի: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որն անցյալ դեկտեմբերից ի վեր կատաղության մեջ է ընկնում «ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` հայտնի սկզբունքների հիման վրա» ֆրազից, Մինսկի գործընթացի վերակենդանանալուն ուղիղ համեմատական ավելի ու ավելի է կորցնում իրեն:

Ամիսներ շարունակ բարբաջելուց հետո, թե 2020-ի 44-օրյա պատերազմի արդյունքում ինքը լուծել է ղարաբաղյան խնդիրը, հիմա ինչպե՞ս բացատրի սեփական ժողովրդին, որ Մինսկի խմբի համանախագահները վերստին այցելելու են տարածաշրջան, վերսկսվում է ղարաբաղյան կարգավորման գործընթացը, եւ վերջնական համաձայնագրի համար նշանակություն չունի, թե ում վերահսկողության ներքո են ԼՂՀ-ի շուրջ տարածքները: Այսինքն, հազարավոր զոհեր տալով՝ Ալիեւն ամենեւին էլ խնդիր չի լուծել, եւ ինչպես անցնող տարում, այնպես էլ առաջիկա տարիներին, ականապատ ու անմարդաբնակ տարածքներն այդպիսին էլ մնալու են, այդտեղ ադրբեջանցիներ չեն լինելու:

Քանի որ հայտնի տեխնոլոգիա է՝ հանրությանը մի խնդրից շեղելու համար նոր խնդիր ստեղծելը, Ալիեւը հիմա էլ Հայաստանի հետ սահմանին է պատերազմական իրադրություն ստեղծում: Ի՞նչ պետք է անի Հայաստանը: Իհարկե, ժամ առաջ դիմել Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին եւ ոչ թե խնդրելով, այլ՝ պահանջելով, որ ժամերի ընթացքում բավարար զինուժ տրամադրեն Հայաստանին՝ Ադրբեջանին ետ մղելու, այնուհետ նաեւ անհրաժեշտ առաջխաղացման համար, որով կապահովվի Հայաստանի անվտանգությունը:

Ընդսմին, Ռուսաստանի հինգերորդ շարասյունն ու շոշափուկները Հայաստանում թող քիչ գլուխ ցավեցնեն, թե Հայաստանը պետք է պաշտպանի ինքն իրեն: Եթե Մերձբալթիկայից մինչեւ Գերմանիա, մինչեւ միջուկային արսենալ ունեցող Մեծ Բրիտանիա ու Ֆրանսիա չեն մտածում միայնակ իրենց պաշտպանելու մասին, այլ պայքարում են միասնաբար՝ Պուտինի դեմ լինի, թե ISIS-ի ահաբեկիչների, Հայաստանն ի՞նչ տրամաբանությամբ պետք է դաշնակիցներ չփնտրի եւ իր անվտանգությունը դաշինքների կազմում չկառուցի:

Այլ հարց, որ Ռուսաստանի շոշափուկները հանցագործ կերպով երկիրը քարշ տվեցին դեպի Ռուսաստան եւ ՀԱՊԿ, գցեցին շրջափակման մեջ, զրկեցին ինքնուրույնությունւց, իբր, որովհետեւ ԼՂՀ-ի շուրջ գրաված տարածքներն էին պահում, մինչեւ, ի վերջո, երկիրը կանգնեցրին իրական վտանգում դաշնակիցներից օժանդակություն չստանալու փաստի առջեւ: Դրա համար Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին պետական հանցագործներ կոչելը քիչ է, ինչպես Փաշինյանի պարագայում է դա քիչ: 

Սակայն սրան-նրան ինչ հանցագործ էլ կոչենք, որքան էլ դա ճշգրիտ բնութագիր լինի, իրավիճակը հանգուցալուծելուն չի կարող օգնել: Իրավիճակը հանգուցալուծել կարող են միայն ճիշտ դիվանագիտական քայլերը, այն է՝ նախ ՀԱՊԿ-ին եւ ՌԴ-ին դիմելը, նրանցից բավարար օժանդակություն չստանալու դեպքում, առանց հապաղելու եւ այսուայն կողմ նայելու, ուղղակի հարցը Ֆրանսիայի աջակցությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ մտցնելը: Եթե մայիսին միայն ՄԱԿ-ի ԱԽ դիմելու թեման ասպարեզ բերելը բավարար եղավ, որ Ադրբեջանն էլ, Ռուսաստանն էլ, Թուրքիան էլ մնան իրենց տեղերում, այս անգամ ՌԴ-ից եւ ՀԱՊԿ-ից բավարար օժանդակություն չստանալու եւ Ադրբեջանին Քելաբաջար, Լաչին, Կուբաթլի շրջանների տարածքում էլ ետ չմղելու դեպքում Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ ԱԽ եւ պահանջի ԵԱՀԿ դիտորդներ ու խաղաղապահներ տեղակայել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: 

Հայաստանի անունից Նիկոլ Փաշինյանը մի անգամ դա առաջարկել է մայիսին, ինչը Փաշինյանի արած հազվագյուտ ճիշտ քայլերից էր: Այժմ Հայաստանը կարող է իր դիքորոշումը վերստին բարձաձայնել, բայց դրանից հետո հարկավոր են ԱՄՆ-ի կտրուկ քայլերը: Ճիշտն ասած՝ ամենեւին հասկանալի չէ, թե ԱՄՆ-ն ինչու է հանդուրժում, որ ռուս-թուրքական տանդեմն օրումեջ կամ Էրդողանի շուրթերով, կամ Պուտինի՝ վայրահաչի Հարավային Կովկասը ռուս-թուրքական ազդեցության ուղեծրում պահելու իրենց համատեղ փափագի մասին: Դա մի հանցագործություն է, որ հարյուրամյա պատմություն ունի եւ գրավոր ձեւակերպում է ստացել 1921-ի Մոսկվայի պայմանագրով` իսկական աղետ դառնալով մարդկային քաղաքակրթության, Մերձավոր Արեւելքի եւ Արեւելյան քրիստոնեության համար: Մտածեք միայն, թե որքան աղետներից կխուսափեր աշխարհը, եթե լինեին սեւրյան Հայաստանն ու Հունաստանը:

Հարյուր տարին բավարար ժամանակ է հասկանալու համար, որ եվրոպական քաղաքակրթությունը պետք է ամուր կանգնած լինի Հայկական լեռնաշխարհում, թուրքերի կոչած Արեւելյան Անատոլիայից մինչեւ Հարավային Կովկաս` ի սեր արդարության, քաղաքակրթության եւ Աստծո: Իսկ որեւէ տեղ կանգնելուց առաջ նախ հարկավոր է այդտեղ մուտք գործել: Հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվող խաղաղապահները դրա լավագույն ճանապարհն են: ԱՄՆ-ն պետք է պարզապես գործի անցնի եւ լուծի ԵԱՀԿ խաղաղապահներին Հարավային Կովկաս բերելու հարցը:

Դա շուռ կտա հարյուրամյա խաղատախտակը տարածաշրջանում` աֆտերշոկերը տարածելով մինչեւ Մերձավոր Արեւելք, Միջին Արեւելք ու Արեւելյան Եվրոպա: Հարկավոր է, որ Միացյալ Նահանգները վերջապես գործի եւ գործի առավելագույնս արագ ու կտրուկ: