Սիրիա-Հայաստան՝ զուգահեռներ եւ ուղղահայացներ

Սիրիա-Հայաստան՝ զուգահեռներ եւ ուղղահայացներ

Միակ պետությունը, որ պատերազմից առաջ օրինական ներկայություն ուներ Սիրիայում, Ռուսաստանն էր: Միակ պետությունը, որին օգնություն ցուցաբերելու նպատակով դիմեց Սիրիայի կառավարությունը, դարձյալ Ռուսաստանն էր: Պատերազմի ժամանակ, սակայն, Սիրիայի սուվերեն տարածքում ով ասես չկար՝ կա՛մ ամերիկյան կոալիցիայի ձեւաչափով, կա՛մ «հակաահաբեկչական» պայքարի ելած թուրքական կանոնավոր բանակի տեսքով: Եվ ինչ-որ պահից սկսած՝ պարզվեց, որ արեւմտյան իմպերիալիստական խաժամուժն ու Թուրքիան այդ պատերազմում սկսեցին պայքարել Սիրիայի օրինական կառավարության եւ Ռուսաստանի դեմ: Կրկնեմ՝ Սիրիայում օրինական ներկայություն ուներ միայն Ռուսաստանը, եւ միակ երկիրը, որին Սիրիայի կառավարությունը դիմել էր ահաբեկչության դեմ պայքարում օգնության խնդրանքով՝ Ռուսաստանն էր:

Փորձենք այս իրավիճակը պրոյեկտել Հայաստանի վրա: Հայաստանում փաստաթղթավորված, զանազան պայմանագրերով եւ փոխադարձ պարտավորություններով ամրագրված օրինական ռազմական ներկայություն ունի միայն Ռուսաստանը, բայց, ի տարբերություն Սիրիայի, Հայաստանը չունի Ասադի կառավարության նման ազգային կառավարություն: Մեր ունեցածն արեւմտա-սորոսական, իսկ որոշ տվյալներով էլ՝ թրքամետ տիկնիկների հավաքածու է, որին իշխանության բերելով՝ Արեւմուտքը փորձեց ուղղել Սիրիայում թույլ տված սխալը: Դժվար չէ գուշակել, թե ինչպես կավարտվեր սիրիական պատերազմը, եթե Արեւմուտքը նախապես Ասադին եւ նրա ազգային կառավարությանը կարողանար հեռացնել իշխանությունից: Հայաստանում Արեւմուտքին եւ Թուրքիային հաջողվեց դա անել 2018թ., այսպես կոչված, թավշյա խեղկատակության շնորհիվ եւ այդկերպ, փաստորեն, իր ճանապարհից հեռացնել եւս մեկ խոչընդոտ, այն է՝ ՀՀ «օրինավոր ընտրված» կառավարության կողմից Ռուսաստանին դիմելու խնդիրը:

ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ճիշտ է, հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը՝ Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածք ներխուժումը կանխելու խնդրանքով: Բայց քաջ գիտակցելով, որ եթերում հնչեցվող իր խոսքերը պաշտոնական դիմում չեն կարող համարվել, նա միեւնույն ժամանակ հավելեց, որ գրավոր դիմելու ընթացակարգերն են հիմա կատարվում: Ժամեր անց, սակայն, ռուսական կողմը դեսպանի մակարդակով հայտարարեց, որ գրավոր դիմում ՀՀ-ի կողմից չի եղել: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Հայաստանի համար օրհասական պահին անգամ, Արեւմուտքը, Թուրքիան եւ նրանց «քաջ զինվոր» Ադրբեջանը կարողացան մեկ ամբողջ օր ՀՀ իշխանություններին ստիպել՝ օգնության խնդրանքով պաշտոնապես չդիմել Ռուսաստանին: Արեւմուտքը, Թուրքիան եւ նրանց «քաջ զինվոր» Ադրբեջանը, շատ լավ են հիշում 44-օրյա պատերազմի վերջին օրերը եւ այն, թե ինչ տեղի ունեցավ Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայումից հետո: Նույնը թույլ տալ Հայաստանում, կնշանակի ջուրը լցնել Ռուսաստանին Հարավային Կովկասից «վտարելուն» ուղղված Արեւմուտքի տիտանական ջանքերը եւ ստիպված լինել երկարուձիգ բանակցությունների նստել Արցախի Հանրապետության հետագա կարգավիճակի հարցով:

ՀՀ իշխանություններին, պետք է խոստովանել, հաջողվեց զանազան մուտիլովկաների գնով դիմել-չդիմել Ռուսաստանին: Լսելով իշխանական պատգամավորների մենախոսությունները ՀՀ ԱԺ ամբիոնից՝ ակամա Տերյանին հիշեցի. Տղերք, «Դուք այնպես եք դիմում, ասես թե չեք դիմում…»: Բա Լուլուն ո՜նց էր հուզվել… «Վստահեցնում եմ, որ Հայաստանն առաջինը օգնության կհասներ Ռուսաստանին, եթե Ռուսաստանը հայտնվեր այս վիճակում»: Լուլու, Լուլու… «Հազար ու մի գիշերների» հեքիաթն ի՞նչ է այն հեքիաթի դեմ, թե Հայաստանն էլի ինչեր է արել առաջինը:

Հայաստանը չէ՞ր, որ առաջինը կրակեց ՀԱՊԿ-ի վրա՝ աշխարհով մեկ խայտառակելով այդ կառույցը, Հայաստանը չէ՞ր, որ առաջինը Ռուսաստանի դեմ պայման դրեց ադապտացվել Հայաստանում առկա հեղափոխական իրողություններին, Հայաստանի խոտան վարչապետը չէ՞ր, որ առաջին անգամ ՌԴ նախագահին դիմավորեց որպես շարքային համայնքապետի… Ո՞ր մեկը պատմեմ, Լուլու: Եվ Լուլուի նման շատերը խոսեցին ամբիոնից ու հաթաթա տվեցին Ռուսաստանին, որ եթե չօգնի… Իսկ հեռավոր Սինգապուրից հեռախոսով ի՞նչ ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին: ՔՊ-ականների ելույթներից կարող եմ, չէ՞, ենթադրել, որ նա տառացիորեն հետեւյալն է ասել Նիկոլին՝ հանկարծ չդիմես Ռուսաստանին, թե չէ Լոնդոնն ու Վաշինգտոնը գլուխդ կպոկեն: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն էլ գիտակցում է, որ Ռուսաստանին պաշտոնապես դիմելուց հետո ինքն այլեւս պետք չի լինելու Արեւմուտքին, Թուրքիային եւ Ադրբեջանին, բայց մյուս կողմից էլ թիկունքին զգում է Հայաստանի ներքին ընդվզման տաք շունչը, որ կարող է վերածվել հրդեհի՝ սրբել-տանել իրեն ու խամաճիկների իր խունտան, որ 44-օրյա պատերազմից հետո չոչնչացավ նույն Արեւմուտքի, Թուրքիայի եւ Ադրբեջանի գործադրած ջանքերի շնորհիվ: 

Երեկ առավոտից ՀՀ ԱԳՆ-ի մոտ ասեղ գցելու տեղ չկար: Օտարերկրյա դեսպաններին էին հավաքել՝ հավանաբար իրավիճակը ներկայացնելու եւ խնդրելու, որ նրանց երկրները հանդես գան Ադրբեջանին դատապարտող հայտարարություններով: Երեկ Փաշինյանը գնաց ԱԺ: Մուտիլովկան շարունակվում է: Մի քիչ էլ ձգեք այն, եւ, ինչպես Արցախում եղավ, Հայաստանից էլ կմնա մոտ 2.5 հազար քառակուսի կիլոմետր տարածք՝ որպես ռուս խաղաղապահների պոլիգոն: