Առաջիկայում կլուծվի դատավորների աշխատավարձերի բարձրացման և թոշակի հարցը. Գագիկ Ջհանգիրյան

Առաջիկայում կլուծվի դատավորների աշխատավարձերի բարձրացման և թոշակի հարցը. Գագիկ Ջհանգիրյան

Դատական դեպարտամենտի աշխատակազմը քաղաքացիական ծառայությունից անցում կկատարի դատական ծառայության` տեղեկացնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
Այս մասին Արագածոտնի մարզում դատարանի նորանշանակ նախագահ Գոհարիկ Խաչատրյանին ներկայացնելիս հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը: «Մենք վերադառնում ենք հին համակարգին, որը ոչ միայն հնարավորություն կտա ավելի ճիշտ կազմակերպել մեր աշխատակազմերի աշխատանքները, այլ նաև կհանգեցնի դատարանների աշխատակազմերի աշխատավարձերի բարձրացմանը»,-նշեց Ջհանգիրյանը:
Սա, սակայն, սպասվող միակ փոփոխությունը չէ: Առաջիկայում կլուծվի նաև դատավորների աշխատավարձերի բարձրացման և թոշակի հարցը: «Սոցիալական ապահովության հարցը կլուծենք և ոչ միայն դատավորների, այլ նաև քննչական և դատախազական մարմինների աշխատակիցների: Ավելին ասեմ՝ գիտեք, որ հիմա ՍԴ-ում քննարկվում է Հակակոռուպցիոն դատարանի սահմանադրականության հարցը: Նախագծում նշված է այդ դատարանների դատավորների ավելի բարձր վարձատրության հարցը, որն էլ հենց վիճարկվում է:
Ուզում եմ տեղեկացնել, որ աշնանը մենք կունենանք նախագիծ, որով դատավորների աշխատավարձերն էլ կբարձրանան: Եթե չհավասարվի Հակակոռուպցիոն դատարանի դատավորների աշխատավարձերին, ապա չնչին չափով ցածր կլինի»,- ասաց Ջհանգիրյանը:
Խորհրդի նախագահի պաշտոնակատարն այցելեց Սպիտակի, Թալինի, Մարալիկի, Ապարանի նստավայրեր, տեղում ծանոթացավ ինչպես շենքային պայմաններին, այնպես էլ աշխատակիցների խնդիրներին:
Հաջորդ հանդիպումը Շիրակի մարզում էր: Այստեղ դատարանի նոր նախագահ է նշանակվել Գոռ Հարությունյանը: ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն այցելեց Գյումրու և Մարալիկի նստավայրեր: Մարզում դատարանների շենքային պայմանների վերաբերյալ բողոքները փոքրաթիվ էին. փոխարենը` աշխատակազմը համալրելու, դատարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու, դատավորների քանակն ավելացնելու մասին հարցեր բարձրացվեցին: Քննարկում ծավալվեց նաև համակարգչի միջոցով գործերի բաշխման ծրագրի թերությունների և սպասվող փոփոխությունների շուրջ:
Գագիկ Ջհանգիրյանը մարզային այցի ընթացքում դատարանների կազմերին ներկայացրեց նաև Կարգադրիչների ծառայության նորանշանակ ղեկավար, գնդապետ Սուրեն Բաղդասարյանին: Խորհրդի նախագահի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ քննարկվում է Կարգադրիչների ծառայության աշխատակիցների լիազորությունների ընդլայնման հարցը՝ դատարանների անվտանգային խնդիրները լուծելու համար: