Տիրան Խաչատրյանը հրաժարվել է ընդդեմ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հայցերից

Տիրան Խաչատրյանը հրաժարվել է ընդդեմ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հայցերից

Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ լեյտենատ Տիրան Խաչատրյանը հրաժարվել է ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած վարչական հայցից, որով Խաչատրյանը պահանջել էր ճանաչել Արշակ Կարապետյանին իրավուքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումով հայցվոր Տիրան Խաչատրյանը խնդրել է ճանաչել Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը:

29.10.2021թ. հրավիրված նախնական դատական նիստի ժամանակ հայցվորի ներկայացուցիչը դատարանին է ներկայացրել հայցվոր Տիրան Խաչատրյանի կողմից ՀՀ վարչական դատարանին հասցեագրված դիմում, որով վերջինս հայտնել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի կողմից ՆՀ-185-Ա հրամանագրով Արշակ Կարապետյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից, առաջնորդվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ և 108-րդ հոդվածների պահանջներով, հրաժարվում է թիվ ՎԴ/3829/05/21 վարչական գործով ներկայացված հայցից և դրանով ներկայացված բոլոր պահանջներից:

Ուսումնասիրելով վարչական գործի նյութերը՝ դատարանը եզրակացրել է, որ սույն վարչական գործի վարույթն ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը հրաժարվել է հայցից (…):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն` մինչև դատաքննության ավարտը հայցվորն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության լրիվ կամ մասնակի հրաժարվելու իր պահանջներից։ Այդ դեպքում վարչական դատարանը կայացնում է որոշում գործի վարույթը կարճելու մասին այն պահանջի մասով, որից հրաժարվել է հայցվորը»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը զբաղեցրած պաշտոնից ազատել էր Արցախի հերոս Տիրան Խաչատրյանին, նրա փոխարեն նշանակելով ներկայիս պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին, Խաչատրյանը վարչական դատարանում վիճարկել էր նշանակման և իր ազատման օրինաչափությունը։