Արարատ Միրզոյանը խուսափում է նորից պնդել Դավիթ Տոնոյանի մասին իր ասածները

Արարատ Միրզոյանը խուսափում է նորից պնդել Դավիթ Տոնոյանի մասին իր ասածները

Երբ այս իշխանություններն օրեր առաջ կալանավորեցին պաշտպանության նախկին նախարար, Փաշինյանի երբեմնի վստահելի թիմակից Դավիթ Տոնոյանին, մենք հիշեցինք, թե ինչպիսի փառաբանող խոսքեր էին հղում նրա հասցեին ՔՊ-ականները 2018-ին՝ իշխանության գալուց օրեր առաջ կամ նոր եկած ժամանակ։ Օրինակ՝ ԱԺ նախկին նախագահ, այժմ՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2018 թվականի ապրիլի 26-ին, երբ դեռ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր էր, ֆեյսբուքյան իր էջում այն ժամանակ ԱԻ, հետագայում պաշտպանության նախարար նշանակված Դավիթ Տոնոյանի վերաբերյալ մի գովաբանող գրառում էր կատարել՝ նրան անվանելով պարկեշտ, ազնիվ եւ պրոֆեսիոնալ անձնավորություն։

«Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը՝ ներկայիս ԱԻ նախարարը։ Պրն Տոնոյանն իսկական պրոֆեսիոնալ է, պարկեշտ անձնավորություն է, երբեք չի եղել որեւէ կոռուպցիոն սկանդալի հերոս։ Վստահ եմ՝ նրա ղեկավարությամբ մեր բանակն արագ կարդիականացվի եւ մշտապես կծառայի իր միակ գործառույթին՝ մեր սահմանների պաշտպանությանը՝ երբեք չխառնվելով քաղաքականությանը։ Կարծում եմ՝ պրն Տոնոյանը կշարունակի ծառայել մեր հայրենիքին այդ նոր կարգավիճակով։ Եվ, առհասարակ, ազնիվ եւ պրոֆեսիոնալ մարդիկ պետք է շարունակեն աշխատել»,- գրել էր Միրզոյանը։

Մենք հարց էինք ուղղել ԱԳ նախարարություն՝ հետաքրքրվելով, թե պարոն Միրզոյանն այսօր է՞լ նույն կարծիքին է Դավիթ Տոնոյանի վերաբերյալ, մասնավորապես՝ շարունակո՞ւմ է պնդել, որ նա պարկեշտ, ազնիվ եւ պրոֆեսիոնալ անձնավորություն է եւ երբեք չի եղել կոռուպցիոն սկանդալի մեջ։ Հետաքրքրվել էինք նաեւ՝ ինչպե՞ս է գնահատում Տոնոյանի նկատմամբ այսօր իրականացվող քրեական հետապնդումը, եւ արդյոք Տոնոյանին նշանակած թիմը քաղաքական պատասխանատվություն չպե՞տք է կրի իր նշանակած նախարարի մասնակցությամբ եւ իրենց իշխանության օրոք նման խոշոր չափերի հափշտակության եւ չարաշահումների համար, եթե դրանք հաստատվեն։

Մի քանի օր մտածելուց հետո նախարարության խոսնակ Վահան Հունանյանը մեզ ուղարկեց իր անունից գրված մի պատասխան, որով պարզ դարձավ, որ Արարատ Միրզոյանը խուսափում է պատասխանել մեր հարցմանը՝ թաքնվելով ինչ-որ օրենքի կետերի հետեւում։

Նրանք հղում են կատարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին՝ բառացիորեն նշելով հետեւյալը․ «Օրենքի իմաստով տեղեկություն է անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երեւույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներ՝ անկախ դրանց տնօրինման ձեւից կամ նյութական կրիչից, իսկ տեղեկատվություն տնօրինող՝ տեղեկություններ ունեցող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական հիմնարկներ, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններ, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպություններ եւ դրանց պաշտոնատար անձինք»։

Մի քիչ անհասկանալի, նույնիսկ գրագիտության ու քերականության կանոններին հակասող այս ձեւակերպումից, իհարկե, լավ չի հասկացվում, թե ինչ են ցանկացել ասել այս երկար-բարակ նախադասությամբ՝ «տեղեկություն է անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության․․․․ ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպություններ եւ դրանց պաշտոնատար անձինք»։ Սա, մեղմ ասած, անգրագիտություն է։ Նախկինում ԱԳՆ-ից նման անհեթեթ ձեւակերպումներով պատասխաններ չէինք ստանում։ Ինչեւէ, շարունակելով «հիմնավորումները»՝ Վահան Հունանյանը վերջում եզրակացրել է․ «Ձեր կողմից հայցվող տեղեկությունը դուրս է վերոգրյալ իրավական ակտի կարգավորման առարկայի շրջանակներից, քանզի այն օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալ չէ, չի վերաբերում պաշտոնատար անձի գործունեությանը եւ չի հայցվում օրենքի իմաստով տեղեկատվություն տնօրինող պաշտոնատար անձից»։

Կարճ ասած՝ ցանկացել են ասել, որ մեր հարցն ԱԳ նախարարի գործառույթներից դուրս է։ Բայց մենք մեր հարցերն Արարատ Միրզոյանին որպես ԱԳ նախարարի չէինք ուղղել, այլ իբրեւ քաղաքական թիմի անդամի եւ որպես նաեւ ԱԳ նախարարի՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի, հետեւաբար, իր քաղաքական բնույթի հայտարարությունները մեկնաբանելը լիովին «օրինական է»։ Նույն հաջողությամբ մենք կարող ենք վաղը Արարատ Միրզոյանին որեւէ առիթով հանդիպել եւ նույն հարցն ուղղել, նորից ասելու է՝ դա իր գործառույթներից չի բխում, ուստի չի՞ պատասխանում։ Այսինքն, եթե մարդը ժամանակին մի բան է ասել, հետո, երբ պաշտոն է ստանում, իր ասածներն արժեզրկվո՞ւմ են, նա պատասխանատվություն չի՞ կրում իր նախկին ասածների համար։ Թե՞ հիմա այլեւս նպատակահարմար չէ կրկնել նույն գովեստի խոսքերը՝ ուղղված արդեն կալանավոր ու մեղադրյալ Տոնոյանի հասցեին, քանզի «վերեւներից» կզայրանան։