«Ընդդիմադիրների» դիմակազերծում

«Ընդդիմադիրների» դիմակազերծում

Ինչպես Հայաստանի խոշորացված շատ համայնքերում, մայրաքաղաքում էլ ՔՊ-ն, ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը, պարտություն կրեց: Չնայած գործի էին դրվել վարչական ռեսուրսները, մի բնակարանի վրա մի քանի տասնյակ մարդ գրանցելով եւ քվերարկության բերելով, քրեաօլիգարխիայի ակտիվ միջամտությամբ, «Ջիմմիներին», Երեւանի ընտրող դարձնելով, սակայն ՔՊ-ն չստացավ այնքան քվե, որ կարողանա առանց որեւէ ուժի օգնության Ավինյանին կարգել քաղաքապետ: Կուլիսների ետեւում լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանն ավելի շատ աշխատել է «Հանրապետություն» կուսակցության եւ Հայկ Մարությանի համար ձայներ ապահովելու համար, քան՝ Ավինյանի: Պատճառը՝ Ավինյանից ունեցած քաղաքական վախն ու խանդն է` վերջինս հարաբերություններ ունի նախկին իշխանությունների, օլիգարխների հետ եւ նրա շրջապատի ընդլայնումը խիստ մտահոգում է Փաշինյանին: Եւ Փաշինյանն, ըստ այդ լուրերի, վախենում է, որ մի օր իր աթոռը կարող է տակից հանեն, եւ այդ հանողը լինի հենց իշխանության ներսից՝ ի դեմս Ավինյանի: Այսինքն, պալատական հեղաշրջման տարբերակը միշտ կենսունակ է

Իսկ Արամ Սարգսյանն ու Հայկ Մարությանն ինքնուրույն չունեն այն վարկանիշը, որ դառնան գործոն եւ վտանգ սպառնան Փաշինյանի իշխանությանը: Երբ Մարությանն ընտրվեց Երեւանի քաղաքապետ, ընտրվեց բացառապես «հեղափոխական» էյֆորիայի արդյունքում՝ որպես Փաշինյանի հերթական «ուսապարկ»: Նա երբեւէ ինքնուրույն քաղաքական «արժեք» չի ներկայացրել իրենից, չի փայլել լավ աշխատանքով, իր նախընտրական խոստումները գրեթե չի կատարել:  Նրա մասին բացասական հիշողություններ էլ կան` հենց միայն իր չեխ կնոջ դերակատարումը քաղաքապետարանում: Նա պաշտոն ստանալուն պես սկսեց Երեւանի բյուջեն շռայլել պարգեւավճարների վրա, անգամ՝ համավարակի ժամանակ եւ հիասթափեցրեց երեւանցուն: Ուստի, անակնկալ էր նաեւ նրա ղեկավարած «Ազգային առաջընթաց» կուսակցության ստացած 43.765 քվեն: Իսկ այս կուսակցության անունը երեւանցուն ոչինչ չի ասում: Սա հաստատում է այն կասկածները, որ Փաշինյանը ՔՊ-ին պարտությունից ապահովագրելու համար ապահովել է ՔՊ-ի «դուստր ձեռնարկությունների»՝  Արամ Սարգսյանի եւ Հայկ Մարությանի ներկայությունը քաղաքապետարանում: Ասվածի ապացույցը եղան ետընտրական իրողությունները, որոնք դիմակազերծեցին բոլորին: Ընտրողը տեսավ, թե ով ինչի համար էր դուրս եկել ընտրապայքարի: 

Առաջինը ընդդիմադիր կոալիցիա կազմելու առաջարկով հանդես եկավ  Դոգը`«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ առաջարկելով Հայկ Մարությանին ու Անդրանիկ Թևանյանին միավորվել ու տապալել ՔՊ-ական իշխանությանը, սակայն դրա համար պահանջելով քաղաքապետարանի վերահսկողական գործառույթները հանձնել իրեն։ Այն, որ Վարդան Ղուկասյանն իր լայվերում անցնում է թույլատրելիության բոլոր սահմանները՝ խոսում վերջին կեղտոտ հայհոյանքներով, մտնում մարդկանց ընտանիքներ, թիրախավորում  կանանց ու երեխաներին, գիտենք բոլորս: Նորմալ մարդը մեկ անգամ նրա լայվը լսելուց հետո երկրորդ անգամ չի ցանկանա լսել այդ ոչ «էսթետիկ» ելույթները: Բայց նրա առաջարկը` հակաիշխանական կոալիցիա ստեղծելու մասին էր, իսկ քաղաքապետարանի բյուջեն սեփականը համարող քաղաքապետերից ոչ մեկը դրան չէր համաձայնի, որ Դոգ-ի ձեռքում հայտնվեն վերահսկողական գործառույթներ եւ նա հասանելիություն ունենա փաստաթղթային մեծ արխիվի ու այն ամենին, ինչ կատարվում է քաղաքապետարանի կուլիսներում: Այս կառոյցում մեծ փողեր կան եւ այն շատերին է գայթակղում, ուստի բնական է, որ Հայկ Մարությանի ձեռք չէր տա Ղուկասյանի առաջարկը: Եւ նա ասաց` ինձ ընտրեք քաղաքապետ, դուք մնացեք ընդդիմադիր, ես ինչ կանեմ՝ կանեմ: Մարությանի ելույթի ետեւում միանգամից երեւացին իշխանության ականջները. նա ընդդիմադիր կոչեց Փաշինյանի գրապանային՝ «Հանրապետություն» կուսակցությանը, բայց չցանկացավ միանալ իշխանափոխության թեզին, չմտնել որեւէ պարտավորվածության տակ: Դեռ մի բան էլ ասաց՝ չե՞ք ուզում, թող նոր ընտրություններ լինեն: Իսկ նոր ընտրություններում, ինքն ըստ ամենայնի արդեն բացահայտ կգործի ՔՊ-ի հետ, իշխանությունն էլ ավելի ուժգին գործի կդնի վարչական ռեսուրսները: «Մայր Հայաստան» դաշինքի Երեւանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանն էր պատրաստ միանալ Դոգին` պայմանով, որ թեկնածուն կիսի ամբողջական իշխանափոխության իրենց ծրագիրը: 
 

Հ․Գ․ Մինչ երեւանցիները եւ քաղաքական դաշտը սպասում էր, թե ինչ արդյունք կտա երեք ուժերի միավորումը, կկայանա այն, թե ոչ, իշխանութնը դիմեց ամնեաէժան եւ հեշտ քայլին՝ վերահաշվարին: Բայց իշխանափոխության վտանգի պահին, նրան օգնության հասան իր «կիրթ ու կառուցողական» բարեկամները. թշնամին ռմբակոծում է Ստեփանակերտը…