Եվլախի բանակցություններն ինչ դեր են խաղալու Արցախի հարցում

Եվլախի բանակցություններն ինչ դեր են խաղալու Արցախի հարցում

Նախօրեին Ադրբեջանի Եվլախ քաղաքում Բաքվի եւ Ստեփանակերտի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած երեք ժամանոց բանակցություններն ընթացան դռնփակ ռեժիմով։ Բանակցություններից հետո համատեղ հայտարարություն չհնչեց։ Միայն ռուսական մամուլում ռուս-թուրքական Աղդամի մոնիթորինգային կենտրոնի ներկայացուցիչներից մեկին հղմամբ` փոքր տեղեկատվություն հրապարակվեց, որ բանակցություններն ընթացել են բարեհաճ մթնոլորտում։ Ադրբեջանական կողմն էլ արձանագրեց, որ մեկ հանդիպմամբ բոլոր խնդիրները կարգավորել հնարավոր չէ, սակայն կարեւոր է, որ գործընթացը մեկնարկեց։

«Հրապարակը» գրել էր, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են հիմնականում հումանիտար հարցեր՝ դիակները հանձնելու, գուցե գերիներին վերադարձնելու, անհետ կորածներին գտնելու հետ կապված։ Իրավիճակի ողջ ծանրությունն ու ողբերգականությունը հաշվի առնելով հանդերձ, սրանից կարելի է որոշ դրական նոտաներ արձանագրել: Նախ, որ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ սկսվեցին բանակցություններ, թեկուզեւ` ռուսական կողմի մասնակցությամբ, սակայն նման բանակցություններ տեղի ունենալու փաստն ինքնին կարեւոր է, քանի որ տեւական ժամանակ է` Արցախից նման առաջարկներ էին հնչում, իսկ ադրբեջանական կողմը կա՛մ անընդունելի պահանջներ էր դնում, օրինակ, բանակցությունների համար սպիտակ դրոշով գնալ իրենց դուռը, կա՛մ՝ Բաքվում հանդիպել, կա՛մ էլ, առհասարակ, հրաժարվում էր Ստեփանակերտի վարչակարգի հետ հանդիպելուց։ Իհարկե, լավ կլիներ, որ այդ բանակցությունները տեղի ունենային խաղաղ պայմաններում եւ ոչ թե Բաքվի՝ Ստեփանակերտին ուժային-ռազմական հարկադրման եղանակով, սակայն ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք։

Ինչու ենք այս հանգամանքի վրա հատկապես ծանրանում, որովհետեւ երկխոսությունը հնարավոր կարող էր լինել միայն ԼՂ հայության հանրային ու պետական գործիչների մասնակցությամբ, եւ երկխոսության բացակայությունը նշանակում է պատերազմ, ագրեսիա, բռնություն։ Փաստորեն, Բաքվի եւ Ստեփանակերտի վարչակարգի միջեւ տեղի ունեցան բանակցություններ, ինչը նաեւ նշանակում է Արցախի օրինական ընտրված իշխանությունների ճանաչում եւ նրանց հետ հաշվի նստել։

Եվլախի բանակցություններով, ըստ էության, արցախյան խնդիրն առանձնացվեց հայ-ադրբեջանական հակամարտությունից եւ դարձավ առանձին միավոր, որտեղ Հայաստանն այլեւս մասնակցություն չունի։ Սա կարեւոր հանգրվան է, սակայն նաեւ՝ որոշակիորեն ռիսկային, քանի որ հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը հաշվի առնելով, միշտ հնարավոր է, որ գործընթացը հայտնվի աշխարհաքաղաքական տարբեր հակամետ բեւեռների դաշտում եւ դառնա վերջիններիս առճակատման թատերաբեմերից մեկը։

Այս առումով կարեւոր է, որ բանակցությունների առաջին ռաունդում ձեւավորված ֆորմատը՝ ռուս-արցախա-ադրբեջանական, պահպանվի, քանի որ «գետնի վրա» ռուսական կողմն ավելի մեծ ներգրավվածություն ունի խնդրում, քան, ասենք, Արեւմուտքը, որքան էլ որ վերջինս ողջունի եվլախյան բանակցությունները։ Նույնը պետք է ասել նաեւ

Երեւանի եւ Բաքվի միջեւ հաշտության պայմանագրի կնքման առնչությամբ։
Եվլախյան բանակցություններից հետո կողմերի տրամադրություններից ու հայտարարություններից դատելով, կարելի է ասել, որ մեկնարկել է բավականին ծավալուն եւ տեւական գործընթաց, որի ընթացքում մշակվելու, վերամշակվելու եւ լրամշակվելու են բազմաթիվ հարցեր, միջոցառումներ, փաթեթներ՝ կապված Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ փոխհարաբերությունների կարգավորման հետ (թեկուզեւ դրանք Բաքուն պաշտոնապես անվանում է վերաինտեգրացիա)։

Սա նշանակում է, որ երեկվա բանակցություններով արցախյան հարցում նոր շրջադարձ տեղի ունեցավ, եւ, ինչը հատկապես կարեւոր է, Մոսկվան նոր շրջադարձի եւ նոր գործընթացի մեկնարկի առնչությամբ դեռ իր վճռորոշ խոսքը չի ասել։ Սպասելի է, որ կասի։