Կգտնվի՞ մեկը, որին հարցնես՝ ո՞նց ես, ասի՝ լավ եմ

Կգտնվի՞ մեկը, որին հարցնես՝ ո՞նց ես, ասի՝ լավ եմ

Եթե ուշադիր հետևենք, կտեսնենք, որ ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների՝ ինքը բազմակի ռեկորդակիր է։ Ռեկորդներ է սահմանել ծովում, ցամաքում ու տիեզերքում։ Ու անընդհատ էլ՝  ամեն օր կամ օրումեջ, կառավարության նիստում կամ նման մի ընկերական շրջապատում հայտարարում է, որ ՀՀ պատմության համար նոր ռեկորդ է սահմանել։ Մեր ականջը արդեն սովորել է նրա օդային, ցամաքային, տիեզերական ռեկորդների աննախադեպությանը ու ցավալի արձանագրում է նկատվում, որ ժողովուրդն արդեն անտարբեր է նրա աննախադեպ ռեկորդային ցուցանիշներին։ Հեքիաթի նման ավելի մեծ սուտ ասելու  իրավիճակ է ստեղծվել։ Ասենք Նիկոլը ժողովրդին ասում է․

-Մի մեծ դագանակ ունեմ, որ էստեղից մեկնեմ, ձեր հաղթանակները հետ կբերեմ։ Ձեր տարածքները էդ դագանակի ծերով կվերցնեմ  ու հետ կբերեմ։ Բայց դագանակս չեմ օգտագործում, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան էլ հետը կգան։ 

Կպատահի՛,- պատասխանում է ժողովուրդը։ 

Ժողովուրդը էլ նրա հետ գլուխ չի դնում, ինչ ասում, չի զարմանում, գիտի, որ հորինում է, հեքիաթ է ։
Կամ ասենք Նիկոլը մամլո ասուլիսին ասում է․ 

-Ներողությո՛ւն, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ հայկական տիեզերական արբանյակներից մեկում էի,  շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու, որ անձրևը ինձ ընտրած ժողովրդի վրա չթափվի։  

- Հա՛, լավ ես արել,- համաձայնվում են լրագրողները,- բայց լավ չէիր կարկատել, էս առավոտ էլ մի քիչ անձրև թափվեց։
Մոտովորապես այս իրավիճակն է Նիկոլի «թագավորության շրջանում»։ Երբ նա հայտարարություն է անում կամ ելույթ է ունենում, մարդիկ իրար զարմացած հարցնում են՝ էդ ո՞ր երկրի մասին է խոսում։ Սերժ Սարգսյանը ժամանակին Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցի դահլիճում հումորանման մի պատմություն էր ներկայացրել, որը շատ լավ Նիկոլի շրջանն է բնութագրում․ 

«Մեկը Լոս-Անջելեսից զանգահարում է Երևան, ասում՝ բարև, ինչպե՞ս եք: Ասում են՝ շնորհակալություն, լավ ենք: Օվկիանոսից այն կողմ զարմանում են՝ կարո՞ղ է սխալ ենք ընկել, դա Երևանը չէ»:

Հիմա հայ ժողովուրդին Նիկոլն այս վիճակին է հասցրել։ Կգտնվի՞ մեկը, որին հարցնես՝ ո՞նց ես, ասի՝ լավ եմ։ Ում հարցնում ես, ասում է՝ այսքան աղետից ու ողբերգությունից հետո ո՞նց պիտի լինեմ։ Մենակ  Նիկոլն է իր խմբակով  ասում, որ աննախադեպ լավ են, աննախադեպ աճ ու բարգավաճում են ապահովում։