Կատարելով ցուցադրական գործողություններ՝ չկրկնենք 1988-ի սխալը

Կատարելով ցուցադրական գործողություններ՝ չկրկնենք 1988-ի սխալը

Հայաստանը շրջապատող ժողովուրդների եւ դրանց ղեկավարների մոտ խելագարության իսկական նոպա է սկսվել: Հայաստանում էլ այն կահագնանար, եթե 1988-ի հակամարտությունը չավարտվեր տասնյակ հազարավոր հայերի զոհերով ու կես միլիոնից ավելի ադրբեջանահայերի գաղթականացմամբ, նաեւ՝ մեր երկրի տնտեսության ոչնչացմամբ: Այդ նոպան հետեւանքն է մոլորակի վրա ընթացող պատերազմի: Պատերազմում են Բնությունն ու մարդկությունը: Եվ այդ պատերազմի զոհը կարող է դառնալ նաեւ Հայաստանը: 

Մարդկությունը բազմացել՝ արդեն անցել է 7 միլիարդի սահմանը եւ արագորեն մոտենում է 8 միլիարդին: Բնությունը ցանկանում է կանգնեցնել այդ աճը: Մյուս կենդանի արարածների պարագայում, երբ կերի եւ այդ կենդանիների քանակը չի համապատասխանում միմյանց, դա կատարվում է մի քանի ձեւով. տարածվում են վարակիչ հիվանդություններ, բազմանում են տվյալ կենդանիներին ոչնչացնող գիշատիչները, զարգանում է չբերությունը, սկսվում են զանգվածային խելագարություններ․ ծովերում ապրողներն իրենց կյանքին վերջակետ են դնում՝ նետվելով ցամաք, ցամաքում ապրողներն այլ ձեւերով են իրենց զոհում՝ մինչեւ որ դրանց քանակը սկսում է համապատասխանել Բնության պահանջներին: 

Մարդկությունն «աներես» դուրս եկավ: Գիտնականներն արձանագրել են, որ տղամարդկանց սաղմնահեղուկի մեջ սպերմատոզոիդների քանակը նվազել է: Բայց մարդկությունը սովորել է բավարարվել ընդամենը մի քանիսով եւ դրանց օգնությամբ ստանալ նոր սերունդ: Կորոնավիրուսի պանդեմիան հաղթահարվեց: Կերի պակասը լրացվում է քիմիայի եւ կենսաբանության ոլորտներում ունեցած գյուտերի օգնությամբ: Դուք չգիտեք, թե ինչպիսի գեներ կան ձեր կերածի մեջ, ինչպիսի քիմիական նյութերով են դրանք մշակված, որ միայն դուք եք կարողանում դրանով սնվել: Իսկ միկրոբները, սնկերը կամ մակաբույծները չեն կարողանում մոտենալ դրան: Եվ որն է եղել տվյալ ուտելիքի իսկական համը՝ մինչ համային հավելումներով դրանց մշակումը: Այնպես որ, Բնությանը մնացել է խելագարեցնելով պատերազմներ հրահրելը, ինչը նույնպես դժվարացել է զանգվածային ոչնչացման զենքերի գյուտից հետո: Այն երկրների ղեկավարները, որոնք ունեն նման զենքեր, այլեւս չեն պատերազմում միմյանց դեմ: Նրանք իրենց հաշիվները պարզում են այլ երկրների տարածքներում՝ այդտեղ բնակվող ժողովուրդների միջոցով: 

Կորոնավիրուսի պանդեմիան հաղթահարելուց հետո ահագնացավ խելագարությունը, եւ նույնիսկ եղբայրական համարվող ժողովուրդներն սկսեցին իրար անխնա ոչնչացնել: 

Ինչպես արդեն նշեցի, Հայաստանը շրջապատող ժողովուրդների եւ դրանց ղեկավարների մոտ խելագարության իսկական նոպա է սկսվել: Եվ Հայաստանը նույնպես կդառնար դրա զոհը, եթե չլինեին 1988-ի ողբերգական հետեւանքները: Մենք նույնիսկ չենք կարողանում աշխարհին ասել, պարծենալ, որ 1988-ի մեր ընդվզման շնորհիվ էր նաեւ, որ Արեւելյան Եվրոպայի ժողովուրդներն ազատագրվեցին, Սովետմիության հանրապետություններն անկախացան, եւ վերջին շուրջ 2 տասնամյակի ընթացքում աշխարհում խիստ քչացան պատերազմներն ու ահաբեկչությունները: Չենք կարող ասել, որովհետեւ մեր գլխավոր դաշնակցի ղեկավարները դա համարում են մեծագույն ողբերգություն: Բայց նրանք հո չե՞ն մոռացել, նրանք հո գիտե՞ն դա, եւ բացառված չէ, որ վրեժխնդիր լինելու ցանկություն ունեն: Մինչդեռ իրական ողբերգությունը մերն էր: Այն, որ մեր հուզականության, անհամբերության եւ անփորձության պատճառով մենք չվախեցանք այն վտանգներից, ինչից երկյուղում էր ողջ աշխարհը: Նույնիսկ Միացյալ Նահանգները՝ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ: Մինչդեռ հայաստանցիները մյուսների նման չսպասեցին դեպքերի բնական ավարտին եւ ստացան պատերազմներ, տասնյակ հազարավոր զոհեր, հարյուր հազարավոր գաղթածներ, Հայաստանը լքած միլիոնից ավելի բնակչություն, տնտեսության ոչնչացում: 

Հիմա նույնպիսի իրավիճակ է, ինչպես 1988-ին էր: Արդեն իսկ պարզ է, որ 1-2 տարուց հետո աշխարհակարգը փոխվելու է: Հետեւաբար, խելամիտ չէ դեպքերից առաջ ընկնելն ու ցուցադրական քայլերով մեր գլխին ավելի շատ ու ավելի ահավոր փորձանքներ բերելը, քան առանց այդ էլ կան: Պետք է գործել զգուշավոր ու հաշվարկված քայլերով: Բայց կան տաքգլուխներ, որոնք պահանջում են ցուցադրական գործողություններ անել՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից, խզել պայմանագրեր: Այդ քայլերը կարող են համարվել մեզ առավել խիստ եւ շուտափույթ պատժելու, վրեժխնդիր լինելու շարժառիթ եւ դրա «արդարացում»: Մինչդեռ, ինչպես արդեն ասվեց, 1-2 տարուց հետո այդ ամենը կկատարվի ինքնըստինքյան՝ առանց փորձանքների ու ողբերգությունների: Բացի այդ, քանի որ մեր դաշնակիցները չեն կատարում իրենց պարտավորությունները, մենք էլ առանց ավելորդ աղմուկի կարող ենք չկատարել մերը: Թող իրե՜նք մեզ հեռացնեն վերը նշված կազմակերպություններից ու չեղարկեն պայմանագրերը: Ինչ վերաբերում է այն փաստարկին, թե մենք չենք կարողանում զինվել առանց այդ կազմակերպություններից դուրս գալու եւ պայմանագրերը խզելու, դա այդպես չէ: Մենք արդեն իսկ զենք ենք գնում Հնդկաստանից ու Ֆրանսիայից: Բացի այդ, Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության պատճառով աշխարհում այսօր զենքի եւ զինամթերքի խիստ պակաս կա, որի հաղթահարման համար կպահանջվի մի քանի տարի: Այդ ընթացքում կփոխվի աշխարհակարգը, եւ կարեւորն այն է, որ մենք լինենք ուշադիր ու չհայտնվենք պարտվածների ճամբարում:

Գրիգոր Էմին-Տերյան