Նիկոլն այլեւս պարտության պատասխանատուն չէ

Նիկոլն այլեւս պարտության պատասխանատուն չէ

«Ուզում եմ որպես ՀՀ վարչապետ հասնել մի արդյունքի, որ մեր ապագա սերունդներին թողնեմ Հայաստանի Հանրապետության «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական»»՝ գրված է ՀՀ քաղաքացի Փաշինյան Նիկոլի ֆեյսբուքյան էջում: Դա նախորդ օրը մոլդովահայ համայնքում արտասանված դատողությունն է: Այն ուներ նաև փոքրիկ մի լրացում՝ «Սա կարևոր հանգամանք է»։ Առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ օդի տատանում լինելուց վիրտուալ կրիչի վրա անցնելու ընթացքում այդ դատողությունը կորցրել է իր բնութագրիչ մասը: Իրականում տեղի է ունեցել ճիշտ հակառակը: Սկզբում որպես կարևոր բնութագրված դատողությունը վերածվել է վարչապետ կոչեցյալ անձի պաշտոնավարման առանցքային նպատակի ձևակերպման:

Ասեմ, որ սա այն հազվադեպ դեպքերից է, երբ ես համաձայն եմ նրա հետ: Համաձայն եմ թե՛ դատողության կարևոր լինելու և թե՛ պաշտոնավարման նպատակի առումներով: Եթե հաշվի առնենք, որ այդ անձը փողոցային բողոքի ուժով վարչապետ կարգվեց այնպիսի մի երկրում, որի իշխանությունը ոչ մի վկայականի կարիք չուներ: Եվ ոչ էլ մնացած աշխարհն էր մտածում, որ այդ երկիրը կարող է նման թղթի կարիք ունենալ: Սակայն «դուխով» և «փրկիչ» Նիկոլի գլխավոր հրամանատարությամբ խայտառակ պարտությունից հետո առաջացավ նման թղթի կարիքը: Որովհետև նա, նախ, պարտվեց Արցախյան երրորդ պատերազմում՝ հանձնելով Արցախի Սահմանադրությամբ ամրագրված տարածքները: Երկրորդ, պարտվեց պատերազմից հետո՝ տարածքներ հանձնելով բուն Հայաստանի Հանրապետությունից: Դա՝ մեկ, և երկրորդ՝ թշնամուն մատուցեց ընդհանրապես Արցախի կարգավիճակի բանալին: Կամ, ավելի ճիշտ, Ղարաբաղյան կարգավորման հնարավորությունը: Այն հանգամանքը, հանուն որի սկսվել էր մեր ազգային զարթոնքը 1988 թվականին: Եվ հանուն ինչի մեր ժողովուրդը զրկանքներ էր կրել ու հաղթել պատերազմում: Եվ հարգանք վաստակել ողջ աշխարհում: 

Իհարկե, ՀՀ քաղաքացի Փաշինյան Նիկոլը վերն ասվածը դժվար թե գիտակցի: Կարող եմ ենթադրել, որ մեղքերն այլոց վրա բարդելը նոր մակարդակի է հասցվել: Ժամանակին ինքը թիվ մեկ պատասխանատուն էր, բայց ոչ մեղավորը: Այսօր արդեն իր վրայից գցում է նաև  պատասխանատվության մեղքը: Քանի որ, իր ասելով, 2020 թվականի 44-օրյա պատերազմն ընդամենը 2016 թվականի քառօրյայի շարունակությունն էր: Կրկնվեմ՝ պատասխանատվությունից ամբողջովին խուսափելու նպատակին է միտված տխմարագույն այս մտքի շրջանառումը: Իսկ վաղն էլ այս անհեթեությունն էլ, ենթադրաբար, ավելի կմանրամասնեցվի՝ քառօրյայի ժամանակ ադրբեջանական բանակը հետախուզեց Արցախի պաշտպանության թույլ կողմերը: Եվ ձեռք բերված ինֆորմացիան օգտագործեց 44-օրյայի ընթացքում՝ դրան գումարած բազմաթին այլ, իրենից չկախված, գործոնները: Ոնց ասվում է՝ սա դեմագոգիայի վերջն է: Ու վստահաբար՝ «խեղճ Նիկոլի» կողմից ինքնապաշտպանվելու հերթական հիմնավորումը: 

Սակայն ողջ խնդիրն այն է, որ դա մեր պետությանը ոչինչ չի տալու՝ ճիշտ այնպես, ինչպես Նիկոլի «կադաստրային վկայականը» չի կանգնեցնելու թշնամուն: Եվ, վերջինս, բնականաբար, փորձելու է շահել ավելին: Ու դա հասկանում է նաև ինքը, բայց գործելու այլ տարբերակ չունի: Եվ հույսը դրել է՝ ներսում՝ տմար դատողությունների վրա, դրսում՝ որևէ պետության պրոտեկտորատի վրա: Իսկ նորմալ պետության նորմալ ղեկավարության վարքագիծը, այն է՝ հույսը դնել առաջին հերթին սեփական բանակի ու սեփական ժողովրդի վրա, մեզանում կորսված է: Եվ այդպիսին կմնա այնքան ժամանակ, որքան որ մենք թույլ կգտնվենք: Ավելի թույլ, քան ինքն է թշնամու առաջ: Իսկ վերջում, եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես հիմա է, կհարցնենք ինքներս մեզ՝ ինչո՞ւ այդպես պատահեց: Եվ որպեսզի խուսափենք դրանից ՝ մենք չունենք այլընտրանք, քան Նիկոլին՝ «նիկոլիզմով» հանդերձ, պատմության աղբարկղ նետելն է: Ու այդ դեպքում հանգիստ իրական աղբարկղ կնետենք նաև Նիկոլի «կադաստրի թուղթը»: