«Բրյուսովի» գործով վարույթներից մեկի հիմքում Կարեն Թռչունյանի դիմումն է

«Բրյուսովի» գործով վարույթներից մեկի հիմքում Կարեն Թռչունյանի դիմումն է

Արդեն գրել ենք, որ դեկտեմբերի 9-ին կայացած Բրյուսովի համալսարանի ռեկտորի ընտրություններից շաբաթներ անց իշխանությունը կասկածի տակ դրեց ռեկտորի ընտրության օրինականությունը, որին հաջորդեց դատախազության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ քրեական վարույթներ են հարուցվել՝ «Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության եւ հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ»։ 

Ինչպես գրել ենք, քրեական վարույթներից մեկը հարուցվել էր ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ ԿԳՄՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի դիմումի հիման վրա, ով մեզ հետ զրույցում ասել էր, որ վարույթը հարուցվել է ոչ թե իր, այլ իրենց հանձնաժողովի անունից ուղարկված գրության հիման վրա: Մինչդեռ հանձնաժողովի անդամ, ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանը ոչ միայն կասկածի տակ դրեց այդ փաստը, նշելով որ որեւէ քննարկում չի եղել այդ հարցի շուրջ, այլեւ նկատեց, որ հանձնաժողովի նախագահը ոչ իրավական, ոչ բարոյական իրավունք չուներ ողջ հանձնաժողովի անունից նման հայտարարություն անելու, երբ հանձնաժողովի ընդդիմադիր անդամները տեղյակ չեն եղել արձանագրության տեքստին։ «Նա դրա իրավունքը չուներ եւ իր լիազորությունները գերազանցող հայտարարություն է արել։ Ստացվում է՝ դա արվել է հանձնաժողովի միայն իշխանական պատգամավորների կողմից»,-նշել էր նա։ 

Մենք տեղեկացանք, որ քրեական վարույթներից մեկն էլ՝ «հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի» մասով հարուցվել է ԿԳՄՍ արդեն նախկին փոխնախարար՝ Կարեն Թռչունյանի դիմումի հիման վրա։ Բայց այս փաստն առնվազն զարմանալի է, քանի որ Կ․ Թռչունյանը հոգաբարձուների խորհրդի անդամ չէ եւ ներկա չի եղել նիստին, ուստի չէր կարող տեղյակ լինել, թե ինչ է կատարվել ռեկտորի ընտրության ժամանակ, ուր մնաց թե ֆիքսեր՝ «հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերը»։ Ու դա հատկապես այն պարագայում, որ հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ ԿԳՄՍ արդեն գործող նախարար Ժաննա Անդրեասյանը, որպես հոգաբարձուների խորհրդի եւ ձեւավորված հաշվիչ հանձնաժողովի նախագահ չի արձանագրել ոչ մի խախտում, ավելին՝ ընտրություններից հետո հայտարարել ու արձանագրել է, որ ձայների մեծամասնությամբ ռեկտոր է ընտրվել Կարինե Հարությունյանը։ 

Կարեն Թռչունյանի հետ կապ հաստատել չստացվեց, քանի որ նրա հեռախոսահամարն անհասանելի էր, բայց որոշ խոսակցությունների համաձայն, օրերս ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից նրա ազատումը պատահական չէր եւ կապված էր այս 2 բուհերում՝ Բրյուսովի համալսարանում եւ Գեղարվեստի ակադեմիայում տեղի ունեցած ռեկտորի ընտրությունների հետ։ Թռչունյանն, ասում են, չի արդարացրել «վերեւից» իր հետ կապած հույսերը։