Վերջին հույսը՝ Մհերի դուռ

Վերջին հույսը՝ Մհերի դուռ

Սասունցի Դավիթն իր հոր բերդը նորոգելու համար գնաց, հսկա ժայռերը պոկեց եւ, իրար վրա դնելով, ահասարսուռ պարիսպ կառուցեց: Սասունցիները, բնականաբար, բերանները բաց հետեւում էին, թե ինչ է անում Դավիթը: Իսկ Դավիթն առանձնապես պերճախոս չէր: Մի բան էր միայն ասում՝ սա այսպես տի շինվի… Ոչ մեկի հետ չէր խորհրդակցում Դավիթը: Նրա բախտը բերել էր՝ խորհրդատուներ, առավել եւս՝ հակաճառողներ ու քննադատողներ էլ չկային: Իսկ կարո՞ղ էր որեւէ մեկը քննադատել առյուծ Մհերի առյուծ որդուն: Բերանները բաց՝ նայում էին միայն:
Թե բա՝ դեմոքրսի… Մեր օրերում մի մարդ բերանը չբացի, մի քայլ չանի՝ իսկույն խորհրդատուների բանակ է հավաքվում՝ էս ծուռ է, էն սխալ է, էն մյուսը վտանգավոր է, դա այդպես չի շինվի, պետք է այսպես շինվի… Էդ մարդուն, բառիս բուն իմաստով՝ շինում-թողում են: Եվ այնքան ժամանակ, քանի դեռ այդ մարդը ձեռքը թափ չի տվել ու հեռացել: Դիցուք՝ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլին պետք էր հեռացնել: Բոլորն էին այդպես կարծում՝ ՀՀ առաջին նախագահից սկսած, մինչեւ վերջինը՝ Արմեն Սարգսյանը: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը, եկեղեցին, Գիտությունների ակադեմիան, Գրողների միությունը, անգամ առանձին թատերական կոլեկտիվներ… Բոլորը: Բայց այն պահին, երբ ի հայտ եկավ հեռացնողը, բոլորն սկսեցին խորհուրդներ տալ, թե հայրենիքն այդպես չեն փրկում, պետք է ուսումնասիրել հայրենիք փրկելու միջազգային փորձը, դա այնքան զգուշորեն պետք է անել, որ Նիկոլը չվախենա ու չթարսվի…

ՀՀ ԶՈւ ԳՇ-ն առաջ եկավ, Նիկոլին բաց տեքստով ասաց, որ դու սպառնալիք ես Հայաստանի անվտանգությանը: Դրանից հետո էլ ԳՇ-ին սկսեցին խորհուրդներ տալ, թե հեղաշրջումը վատ բան է, միջազգային հանրությունը մեզ չի հասկանա: Մարդիկ հավաքվեցին, գնացին նախագահի մոտ, որ նախագահը որոշի այդ հարցը: Ու մինչեւ նախագահը կորոշեր, կողքից այնքան խորհուրդ տվողներ եղան, որ նա որոշեց ԳՇ պետին գործից հանելու որոշումը ստորագրել: Մի խոսքով՝ խառնեցին, խառնշտեցին ու վերջում եկան այն եզրակացության, որ հայրենիքը պետք է փրկվի ընտրություններով: Դա 2021 թվի հունիսին էր՝ Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական առաջին ներխուժումից մեկ ամիս անց:

ՀՀ բոլոր գյուղացիները կհաստատեն, որ երբ մոզին ձմռան ցրտին գոմից հանում ես, նա էլի ետ է վազում, մտնում գոմ, որտեղ օդը գաղջ է ու տաք: Պատերազմից նոր դուրս եկած մեր ժողովուրդն էդ մոզու պես գնաց, էլի Նիկոլ ընտրեց՝ ակամա սաստկացնելով ոչ միայն Հայաստանի գլխին կախված սպառնալիքները, այլեւ Նիկոլին հեռացնելու հրամայականը: Հասանք սեպտեմբեր, 44-օրյա պատերազմի «տարին տվինք», ու նորից փողոցը լցվեց: Օդը լիքն էր Նիկոլին հեռացնելու պահանջով: Հեռացնողը դարձյալ հրապարակ եկավ, ասաց՝ դիմադրենք, ստիպենք Նիկոլին՝ հեռանալ: Մի քիչ հայհոյեցին, մի քիչ դիմադրեցին, ու մեկ էլ տեսանք, որ խորհրդատուների բանակը ծովացել է դիմադրողների շուրջը, թե բա՝ դուք սխալ եք դիմադրում, ճիշտն ԱԺ դարպասները կոտրելն է, Նիկոլի պատգամավորներին քարերով ու ձվերով ծեծելը… Թարսի պես էլ ՀՀ նախագահն այդ ժամանակ արդեն փախել էր, թե գնային, մի անգամ էլ հարցնեին՝ հը՞, ի՞նչ ես ասում, հիմա հեղաշրջո՞ւմ ենք, թե՞ չենք հեղաշրջում: Թուրքիան ու Ադրբեջանն էլ էն կողմից էին մատ թափ տալիս, թե՝ մեր Նիկոլին բան չասեք: Դիմադրողներն էին անգամ շփոթվել՝ հեղաշրջե՞նք, թե՞ մի նոր փորձանք կգա երկրի գլխին:

Հրապարակներն ինչպես լցվում, այդպես էլ դատարկվում էին, իսկ մինչեւ հաջորդ լցվելը երկար ժամանակ էր անցնում: Եվ ամեն անգամ Դավիթը չէր գալիս, որ ասեր՝ Նիկոլն այսպես տի հեռացվի, ու հեռացներ նրան: Իսկ թե ինչպես Դավիթը կհեռացներ Նիկոլին, կարծում եմ՝ բոլորը գիտեն: Երկու կես կաներ՝ մի կեսը կուղարկեր Անկարա, մյուսը՝ Բաքու: Այլապես այս օրերին, երբ հերթական փրկչին ենք սպասում, անգամ փորձեր անում մեր միջից նոր փրկիչ գտնելու, ժամեժամ նոր խորհուրդ տվողներ են հրապարակ գալիս: Անցյալ օրը մեկն ասել էր՝ մինչեւ Երեւանում արժանապատվության դրոշ չբարձրացնենք, Նիկոլը չի հեռանա, Ալիեւն էլ մեզնից չի վախենա: Մի պահ պատկերացրեք մեզ՝ արժանապատվության դրոշ բարձրացրած: Երեւանում, որի ավագանու ընտրությունները մի քանի օր առաջ են ավարտվել, ու գիտենք ինչպես: Ծիծաղելի՞ է: Իհարկե: Էնքան խորհուրդ տվեցինք Երեւանը Նիկոլից ու ՔՊ-ից փրկողներին, որ նրանք արդեն տարած հաղթանակը չկարողացան ռեալիզացնել: Իսկ պատկերացնո՞ւմ եք, որ մեկնումեկը Արգիշտի Ա-ին խորհուրդ տար՝ Էրեբունին այնպես չշինել, որ մեր թշնամիները սարսափեին: Արգիշտին այդ խորհուրդ տվողին կթաղեր ամրոցի պարիսպների մեջ:

Ասելս ի՞նչ է: Նիկոլն ինքնուրույն չի հեռանալու: Քավ լիցի, ես սնոտիապաշտ չեմ, բայց կարծում եմ, որ մեզ գերբնական ուժեր են պետք՝ նրան հեռացնելու համար: Այո, նրան պետք է հեռացնել (չեմ ուզում ավելի վատ բառ օգտագործել), չնայելով՝ ուզո՞ւմ է հեռանալ, թե՞ ոչ: Գերբնական ուժ ասվածն էլ ուրիշ բան չհասկանաք՝ Պուտին, Բայդեն, Մակրոն, Շոլց, Էրդողան, Ալիեւ եւ այլն: Դուք Դավթի Մհեր որդուն հիշո՞ւմ եք, էն, որ ասում էր՝ մինչեւ ցորենը չդառնա հանց ընկույզ, դուրս չեմ գա: Ուրեմն պետք է գնանք Ագռավաքար՝ Մհերի դուռ, ու գլխներիս եկածը պատմենք նրան, թե այսպես ու այսպես, մեր բերդը ներքին թշնամին քանդել է, մեր Մատղավանքը կրկին մատնավանք է դարձել, արի տես՝ ինչ ես անում: Ու նաեւ խոստանանք նրան, որ մեր խորհուրդներով չենք խանգարի:

ՀԳ. Բայց Մհերը կգա՞: Եսիմ, ծուռ սասունցի է, մեկ էլ տեսար՝ հակառակվեց՝ դուք ո՞վ եք, արա, որ եկել, բան եք խնդրում: Ռադ եղեք ստեղից, Արցախ հանձնողներ, ես ձեզ չեմ ճանաչում… Ամեն դեպքում, ըստ ավանդության, Մհերը մի օր դուրս է գալու «Ագռավու քարից» եւ ազատելու է «հայու աշխարհը» թշնամու չար ուժերից: Օրինակ՝ Նիկոլից: