Ինչպես հետաձգվեց Ադրբեջանի հարձակումը

Ինչպես հետաձգվեց Ադրբեջանի հարձակումը

Դեմոկրատների վարչակազմն ԱՄՆ-ում իր ամենալավ օրերը չի ապրում: Ռուս-ուկրաինական պատերազմը, կարելի է ասել, մնացել է ԱՄՆ-ի ուսերին: Եվրոպան փող չի տալիս, եվրոպական տանկերն ու կրակային տեխնիկան ժամերի ընթացքում ոչնչացվում են ռուսական զենքերից, ՆԱՏՕ-ում կատարյալ խառնաշփոթ է՝ այդ կառույցի անդամ երկրների շահերի բախման պատճառով: ԱՄՆ պետքարտուղարը վազքի մեջ է, չգիտի՝ որտեղ հասցնի: Պետք է փրկել վարչակազմի դեմքը, իսկ առջեւում ընտրություններ են: Ռուսաստանի դեմ պատերազմի երկրորդ ճակատ բացելու փոխարեն ԱՄՆ-ն երեք ճակատ ստացավ՝ Ուկրաինա, Ադրբեջան եւ Իսրայել: Բողոքի միլիոնանոց ցույցերի ուրվականն է շրջում ԱՄՆ-ում: ԱՄՆ հարկատուները հասկանում են, թե իրենց վրա ինչ կարող է նստել դեմոկրատ Բայդենի՝ ոչնչով չարդարացված ինքնավստահությունը:

Այս իրավիճակից ԱՄՆ-ին կարող էր փրկել նշված ճակատներից մեկում հաջողության արձանագրումը: Ըստ Բլինքենի՝ լավ կլիներ, որ Ադրբեջանը հարձակվեր Հայաստանի վրա եւ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» Իրանին կտրեր դեպի Եվրոպա տանող միակ ճանապարհից: Բայդենն այդ մասին մինչեւ Մերձավոր Արեւելք թռչելն ակնարկեց սենատորներին, բայց նրա «քաղաքավարի» ակնարկը, մեղմ ասած, լավ չընդունվեց Վաշինգտոնում, ինչից հետո «Ամերիկայի ձայն»-երն իրար հետեւից պարզաբանումներ տվեցին, թե Բլինքենը նման բան չի ասել, այլ ուղղակի ուզեցել է նախազգուշացնել մեզ հնարավոր նոր պատերազմի մասին: Բա եղա՞վ, ասում էին ամերիկյան ռադիոկայանները, Բլինքենը կողմ է կովկասյան տարածաշրջանում երկարատեւ եւ կայուն խաղաղությանը: Թող մեզնից ավելի կողմ չլինի հարգելի Բլինքենը, բայց այնպես չէ, որ նրա նախազգուշացումը պատճառ դարձավ, որ Ադրբեջանը չհարձակվի Հայաստանի վրա: Ադրբեջանին դրա համար լուրջ դաշնակիցներ են պետք, իսկ նրա ամենալուրջ դաշնակիցներն այս օրերին չափազանց զբաղված են սեփական խնդիրներով: Ու դեռ պարզ չէ, թե ինչով կավարտվի նրանց զբաղվածությունը, երբ իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ ամբողջությամբ ներքաշվեն Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը, որոնք ոչ միայն «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը չեն ողջունում, այլեւ ՆԱՏՕ-ի որեւէ առաջխաղացում՝ դեպի իրենց սահմաններ:

Որտե՞ղ է սխալվել Բլինքենը: Նա հաշվի չի առել այն պարզ իրողությունը, որ ռուս-թուրքական գործարքը բավականին հեռու է գնացել, եւ Թուրքիան վաղուց է, ինչ սեփական խաղն է խաղում Արեւմուտքի հետ: Թուրքիան դեմ չէ «Զանգեզուրի միջանցքին», բայց Թուրքիան նաեւ լավ հասկանում է, որ այդ միջանցքն իրեն տալ կարող են ոչ թե ԱՄՆ-ն ու աշխարհաքաղաքական փուչիկի վերածված ԵՄ-ն, այլ տարածաշրջանային գերտերություններ Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը:

Ողջ աշխարհը տեսավ, թե ինչպես է Ադրբեջանի նախագահը հրճվում Ստեփանակերտում: Դա հաղթած պետության ղեկավարի հրճվանք չէր: Ո՛չ Հիտլերն է Փարիզում այդպես տրտինգ տվել, ո՛չ էլ Նապոլեոնը՝ Մոսկվայում: Եթե խնդրին մոտենանք զուտ քաղաքական տեսանկյունից, ապա Հիտլերն ու Նապոլեոնն օտար մայրաքաղաքներ էին գրավել, իսկ Ալիեւն ընդամենը մտել էր «իր երկրի տարածքային ամբողջականության» սահմաններում գտնվող քաղաքներից մեկը՝ «Խանքենդի», որտեղ այդ օրը ոչ ոք չկար: Բլինքենը, վստահ եմ, տեսավ Ալիեւի ուրախության կադրերը եւ հասկացավ, որ ԱՄՆ-ն վերջնականապես կորցրել է Ադրբեջանը: Ադրբեջանին ուրիշներն ուղղակի առել են՝ օգտվելով Հայաստանի իշխանությունների անճարակությունից: Մնաք բարով, միլիարդավոր դոլարների ներդրումներ: Դրանցով Ադրբեջանում կառուցված խողովակաշարերը, իհարկե, կշարունակեն գործել, բայց այն ամենը, որ կհոսի այդ խողովակաշարերով, կվերահսկեն բոլորովին այլ գերտերություններ:

Կհաջողվի՞ ԱՄՆ վարչակազմին մինչեւ ընտրություններ խաղաղեցնել Մերձավոր Արեւելքը եւ փոքրիշատե կայունություն հաստատել պաղեստինա-իսրայելական ճակատում: Բլինքենին այս հարցում ես հաջողություն եմ մաղթում, բայց դրա համար նա չպետք է կրկնի Օբամայի սխալը, որ թույլ տրվեց Սիրիայում՝ ամերիկյան կոալիցիա, զինված միջամտություն, քիմիական զենքի կեղծ մեղադրանքներ, Թուրքիայի՝ որպես ժանդարմի, ներքաշում հակամարտության մեջ: Նախ՝ ԱՄՆ շուրջ կոալիցիան է այս դեպքում միֆ, եւ ապա՝ Թուրքիայի ներքաշումն է վտանգավոր: Չես կարող ասել, թե այս անգամ Թուրքիան ինչական ինքնաթիռ կխփի՝ ամերիկյա՞ն, թե՞ իսրայելական: