ԱԱԾ պայքարը՝ ապօրինի միգրացիայի դեմ. կարեւորը պատճառի վերացումն է, ոչ թե հետեւանքի բացահայտումը

ԱԱԾ պայքարը՝ ապօրինի միգրացիայի դեմ. կարեւորը պատճառի վերացումն է, ոչ թե հետեւանքի բացահայտումը

Օրերս Ազգային անվտանգության ծառայությունը հպարտորեն հայտարարեց, որ բացահայտել եւ կանխել է ապօրինի միգրացիայի հերթական դեպքը: «ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության եւ քննչական գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ, որտեղ ամենակարեւոր դետալը «հերթականն» էր․ ապօրինի միգրացիայի կազմակերպման դեպքերը բազմաթիվ են, սա ընդամենը հերթականն է: 

Առանց ԱԱԾ բացահայտման էլ Հայաստանում գրեթե բոլորին հայտնի է, որ գործում են անհատներ ու խմբեր, որոնք կազմակերպում են մարդկանց մեկնումը ԵՄ երկրներ, իսկ ավելի հաճախ՝ Միացյալ Նահանգներ: Միացյալ Նահանգներում ապրող հայերը պատմում են, թե ամեն տարի, ամեն ամիս ինչ արագությամբ է ավելանում իրենց շրջապատում ապրող հայերի քանակը՝ ի հաշիվ Հայաստանից մեկնողների: Տարեկան մի քանի տասնյակ հազար հայ է մեկնում եւ որպես փախստական՝ հանձնվում Միացյալ Նահանգների միգրացիոն մարմիններին: Մեքսիկայի հյուրանոցներն ու հյուրատները լցված են ՀՀ քաղաքացիներով, ովքեր սպասում են Մեքսիկայի սահմանն ապօրինաբար հատելու եւ ԱՄՆ-ում հայտնվելու իրենց հերթին:

Միացյալ Նահանգներ հասնելու համար վճարվող գումարները հասնում են աստղաբաշխական թվերի՝ 25-35 հազար դոլար՝ մեկ անձի համար: Եթե մեկնում է ամբողջ ընտանիքը, ապա գումարի չափը բազմապատկվում է ընտանիքի անդամների թվով եւ դառնում մի ամբողջ կարողություն: Մարդկանց ԱՄՆ են տանում Մեքսիկայով, անցնում են միգրացիոն ճամբարներով: Բայց չնայած մեծ ծախսերին, բոլոր դժվարություններին եւ նույնիսկ արժանապատվության նվաստացումներին, տասնյակ հազարավոր հայեր պատրաստ են անցնել դրա միջով, միայն թե փրկվեն Փաշինյանի ստեղծած «նոր Հայաստանից»: 

Իհարկե, «հին» կամ նախափաշինյանական Հայաստանում եւս կար ապօրինի միգրացիա, բայց այն այս աստիճան մեծ չէր, վճարվելիք գումարն էլ տասնապատիկ ավելի փոքր էր: Օրինակ, ԵՄ երկրներ գաղթելու համար անհրաժեշտ շենգենյան մուտքի արտոնագրի համար վճարը 2-3 հազար դոլար էր: Բայց որքան մեծ է Հայաստանում մնալու վտանգը, այնքան մեծ է ցանկությունը՝ օր առաջ լքելու երկիրը, այնքան մեծ է փրկության համար պահանջվող եւ վճարվող գումարի չափը: Հայաստանում ապօրինի միգրացիայի թվերն անհամեմատ ավելի մեծ կլինեին, եթե գումարի չափն այդքան մեծ չլիներ: 30-35 հազար դոլար կարող են վճարել միայն Երեւանի եւ հարակից մի քանի քաղաքների բնակիչները, որտեղ անշարժ գույքը թանկ է, մարդիկ կարող են իրենց տունուտեղը վաճառել եւ վճարել իրենց փրկագնի գումարը: Սա իսկապես փրկագին է, որովհետեւ մարդիկ փախչում են Հայաստանից ոչ այնքան լավ կյանքի, սոցիալական ավելի ապահով պայմանների, որքան փրկության համար: Մարդիկ համոզված են, որ Փաշինյանի իշխանության երկարաձգումը վտանգում է իրենց, իրենց երեխաների ու հարազատների կյանքը: Քանի դեռ Փաշինյանը զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը, որեւէ մեկը չունի կյանքի եւ սեփական ունեցվածքի ապահովության զգացում: Քանի որ համատեղ ուժերով հնարավոր չի լինում ազատվել Փաշինյանից, ինչը կապահովի հայ հասարակության հավաքական փրկությունը, յուրաքանչյուրը մտածում եւ գործում է սեփական փրկությունն ապահովելու համար:

Ստեղծված իրավիճակում ի՞նչ է անում Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը: Այդ ծառայության աշխատակիցները կալանավորում եւ քրեական գործեր են հարուցում այն մարդկանց նկատմամբ, ովքեր զբաղված են ապօրինի միգրացիա կազմակերպելով, ավելի պարզ՝ օգնում են մարդկանց՝ փրկվելու փաշինյանական ռեժիմից: Թվում է, թե ԱԱԾ աշխատակիցները գործում են օրենքի շրջանակներում, պաշտպանում են օրենքը: Բայց ԱԱԾ գործողությունները տրամաբանական կլինեին, եթե Հայաստան պետությունը, իշխանությունները ապահովեին քաղաքացիների կյանքի անվտանգությունը, գույքի ապահովությունը, եթե մարդկանց մոտ հավատ լիներ, որ վաղն ադրբեջանական բանակը չի տիրանա իրենց հողերին, ուղիղ նշանառության տակ չի վերցնի իրենց բնակարանները, իրենց ընտանիքի գոյությունը չի վտանգվի:

Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքը ոչ թե այդ խմբերն են, որոնք կազմակերպում են ապօրինի միգրացիան, այլ՝ այն իրավիճակը, երբ մարդը չի ցանկանում ապրել իր երկրում, երբ մարդն իր երկրում իրեն ապահով ու պաշտպանված չի զգում: Քանի դեռ տասնյակ ու հարյուր հազարավոր մարդիկ ուզում են փախչել սեփական երկրից, երբ մարդիկ իրենց փրկությունը տեսնում են Հայաստանից դուրս, ապօրինի միգրացիա լինելու է, լինելու են այդ միգրացիան կազմակերպող անհատներ եւ խմբեր: ԱԱԾ-ն երկրի անվտանգությանը սպառնացող պատճառի դեմ պայքարելու փոխարեն զբաղված է հետեւանքների դեմ պայքարով: Իսկ պատճառը Հայաստանի իշխանությունն ապօրինի եւ հակասահմանադրական ճանապարհով բռնազավթած փաշինյանական վարչախումբն է, որի գոյությունը եւ գործունեությունը Հայաստանի ազգային անվտանգությանն ուղղված ամենամեծ սպառնալիքն է:

Քանի դեռ ԱԱԾ-ն ծառայում է փաշինյանական իշխանությանը, իրականացնում է այդ իշխանության պաշտպանության գործառույթը, նա եւս նպաստում է Հայաստանի ազգային անվտանգության թուլացմանը, Հայաստանի դատարկմանը եւ ոչնչացմանը: Իսկ ապօրինի միգրացիայով զբաղվողներին կալանավորելով կամ Հայաստանից փախչողների դեմն առնելով՝ ԱԱԾ-ն ավելի շուտ վերածվում է բանտապահների խմբի, որոնք փորձում են ամեն ինչ անել, որ փաշինյանական ռեժիմի զոհերը չկարողանան փախչել նրա ստեղծած համակենտրոնացման ճամբարից կամ դա անեն՝ ավելի թանկ վճարելով:

Ավետիս Բաբաջանյան