162 աշխատակից մնում է օդում 

162 աշխատակից մնում է  օդում 

Մենք արդեն գրել ենք, որ «Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների փակման արդյունքում կրտսեր խմբի աշխատակիցները մնալու են գործազուրկ։  Մինչդեռ նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարում էր, որ կրճատման տակ հայտնված աշխատակիցներից 70-ը կտեղափոխվեն այլ հիմնարկներ աշխատանքի, 50-ը` պրոբացիայի ծառայություն, իսկ մնացածը կմնան կադրերի ռեզերվում։

Մենք հարցում էինք ուղարկել, թե այդ 2 հիմնարկում կրտսեր խմբի քանի աշխատող կա, քանիսն են մնալու գործազուրկ, ինչ սկզբունքով են նրանցից անձանց ընտրելու այլ ՔԿՀ-ներում աշխատանքի համար։

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների հաստիքային միավորները մինչև 2022 թվականի հունվարի 1-ը կրճատվելու են և, ըստ անհրաժեշտության, վերաբաշխվելու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության այլ քրեակատարողական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության միջև, իսկ Հիմնարկների գործունեության դադարեցման արդյունքում զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողները օրենքով սահմանված դեպքերում և կարգով գրանցվելու են կադրերի համապատասխան ռեզերվում:

Հատկանշական է, որ «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողները: Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում չեն գրանցվում: Վերոնշյալ իրավանորմի ուսումնասիրությունից կարելի է գալ այն եզրահանգման, որ Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար կադրերի ռեզերվում գրանցման երաշխիքներ նախատեսված չեն, և, ըստ էության, վերջիններիս հետ աշխատանքային հարաբերությունները դադարում են»։

Ըստ նախարարության պատասխանի՝ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում ներկայումս առկա է կրտսեր խմբի պաշտոնների 67 հաստիքային միավոր, որից թափուր են 11-ը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում՝ 107 հաստիքային միավոր, որից թափուր է 1-ը․ «Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին հնարավորություն կտրվի դիմելու և անհրաժեշտ չափանիշներին համապատասխանելու դեպքում աշխատանքի անցնելու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության այլ քրեակատարողական հիմնարկներում` հաշվի առնելով որոշմամբ նախատեսված Հիմնակների գործունեության դադարեցման արդյունքում կրճատված հաստիքներնը, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության այլ քրեակատարողական հիմնարկներ վերաբաշխելու կառուցակարգը, ինչպես նաև քրեակատարողական համակարգում 136 թափուր հաստիքային միավորի առկայությունը:

Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ գործունեությունը դադարեցնող Հիմնարկների կադրային ներուժն այլ քրեակատարողական հիմնարկների կարիքների լուծմանն ուղղելիս և ընտրություն կատարելիս հաշվի կառնվեն ծառայողների (աշխատակիցների) ծառայության ստաժը, կարգապահական պրակտիկան, բարեվարքությունը, տարիքը, կրթությունը, բնակության վայրը և անձնական գործի այլ տվյալներ»։

Այսինքն, ստացվում է, որ երկու ՔԿՀ-ներում այս պահին, ընդհանուր առմամբ, 162 կրտսեր աշխատող կա, եւ քանի դեռ նրանք այլ ՔԿՀ-ներում աշխատանքի չեն անցել, մնալու են գործազուրկ։

Նշենք, որ ՔԿԾ պետը մեզ հետ զրույցում չէր բացառել այդ խմբի որոշ աշխատակիցների անաշխատանք մնալու հանգամանքը։