Կորոնավիրուսը հաղթահարածի հետ եմ զրուցում
Ասում էին՝ լրագրողները կորոնավիրուսի մասին չպիտի խոսեն, որ խուճապ չառաջացնեն, իրենց լսածը, իմացածը չպիտի հաղորդեն։ Այդպես էլ անում ենք, բայց եկ ու տես, որ խուճապը, միևնույն է, կա։ Հայտնի դեպքի մասին խոսեմ, որն արդեն բարձրաձայնվել է՝ Գյումրիում տեղի ունեցածը։ Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած 66-ամյա Կ․ Լ․-ն, որը 13 օր շարունակ ինքնամեկուսացման մեջ էր գտնվում, փորձել էր վերջ դնել կյանքին՝ կարծելով, թե վարակվել է կորոնավիրուսով։ Նա քացախաթթվի էսենցիա էր խմել։ Բարեբախտաբար, շնորհիվ բժիշկների, դեպքը լավ ավարտ է ունեցել։, փրկել են նրա կյանքը։
Թեստը ցույց է տվել, որ նա վարակված չէ։
Եզակի չեն նման դեպքերը, որոնք աչք ու ականջից հեռու մարդիկ տանում են լռիկ ու խորը անհանգստությամբ։ Ես ընդամենը բարձրաձայնեցի հայտնին։ Ո՞վ է առաջացնում խուճապը, կասե՞ք․․․
Երեկ կորոնավիրուսը հաղթահարած մեկի հետ (հեռախոսով) զրուցում էի ու գիտե՞ք ինչ էր ասում։
-Ես անցա դժոխքի բոլոր քավարաններով։ Խնդիրը կորոնավիրուսը չէ, այլ հոգեբանական այն գրոհները, որ քեզ ճնշում է, ու դու դրան պատրաստ չես։ Ես հաղթահարեցի կորոնավիրուսը, ու անկեղծ, դա դժվար չէր, բայց թե նա ինչ ազդեցություն թողեց իմ հոգեկան աշխարհի վրա, աննկարագրելի է։ Երևի հնարավոր չէ պատմել։
- Ի՞նչ էիք զգում,- հարցնում եմ։
- Ահավոր մենակություն, որ դատապարտված եմ։ Մահից չէի վախենում, այլ նրանից, որ մի բան լինելուց չեմ կարողանալու հրաժեշտ տալ իմ հարազատներին։ Մտածում էի, որ մայրս ու հարազատներս վախենալու են անգամ ինձ մոտենան, ու ես լքված հեռանալու եմ աշխարհից։ Կախտահանեն իմ գերեզմանի տարածքը, ինչպես ուրիշներինն են անում ու ցույց տալիս, ու մերոնք կվախենան գալ անգամ իմ գերեզմանին։
Նորից եմ հարցնում՝ ո՞վ է առաջացնում այդ խուճապը։
Դուրս եմ եկել այդ շրջանից, բայց հոգիս հանգիստ չէ։ Մի տեսակ ընկճվածություն ու խորը, շատ խորը ցավ եմ զգում։ Բառերով չեմ կարող ասել՝ ինչ ցավ է դա։ Կյանքը, որ ինձ համար միշտ պայծառ գույներով է, կորցրել է իր գույները։ Ոնց որ մի գույն գոյություն ունի՝ գորշը։ Փակվել եմ տան մեջ, դա ոչինչ, բայց իմ մեջ եմ փակվել, ինձնից դեռ վախենում են, չնայած արդեն բուժվել եմ։ Մի տեսակ ինձ մեղավոր են զգում։
Ծանր զրույց էր, բայց ուսանելի։ Մեր երկրում, չգիտեմ, կորոնավիրուսի դեմ պայքարում, ընդգրկվա՞ծ են հոգեբանները, ոչ թե ձևականորեն, այլ բուժող բժշկի հավասար հիմունքներով։ Անծանոթ, խորհրդավոր այդ վիրուսից հոգեբանորեն պաշտպանելու հիվանդին, ինչու չէ, նաև առողջ մարդուն, որ վիրուսի ահից չդիմի այլ քայլի կամ հոգեբանական ծանր տրավմայի չենթարկվի։ Մեկուսացումն ինքնին պատժի ձև է՝ հոգեբանակամ առումով։ Փրկե՜նք մարդու հոգին, որ չասի՝ կրծքիս տակ ինչ որ բան ցավում է, չգիտեմ՝ դա ինչ է։
Կարծիքներ