Բողոքող կողմ մնալու ենք մենք՝ քանի դեռ…

Բողոքող կողմ մնալու ենք մենք՝ քանի դեռ…

Մ. թ. ա. 1-ին դարի հռոմեացի փիլիսոփա, հռետոր, քաղաքական-պետական գործիչ Մարկ Ցիցերոնին է պատկանում «Վատ խաղաղությունն ավելի լավ է բարի պատերազմից» ասույթը: Ենթադրում եմ, որ դա ասվել է Հին Հռոմի ներքաղաքական կյանքի առումով, քանի որ ասույթի հեղինակը վայրիվերումներով հարուստ այդ ժամանակաշրջանի ակտիվ գործիչներից էր: Եվ այդ պատճառով էլ 63 տարեկանում զրկվել է կյանքից՝ գլխատվելով Երկրորդ եռապետության անդամների հրամանով: Ավելի ուշ այդ ասույթը հիմնականում օգտագործվել է ոչ թե ներպետական, այլ միջպետական հարաբերությունների առումով: Այսօր այն դարձել է Հայաստանի գործող իշխանության հավատո հանգանակը: Ինչը բնական է, քանի որ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո «մեծարգո վարչապետ» Փաշինյանի հրամանատարությամբ նոր պատերազմը բերելու է հայոց պետության կործանմանը: 

Իսկ պատերազմի վտանգը գիտակցվում է նաև վարչապետի աթոռից կառչած անձի կողմից: Ու այդ պատճառով էլ վերջինս շարունակաբար համաձայնում է թշնամի երկրի ղեկավարի պահանջներին: Բայց մեկ-մեկ կողի է ընկնում, ու դրանից զարմացած Իլհամը սպառնալիքների հերթական խմբաքանակն է մեզ հրամցնում: Դա, իհարկե, կարելի կլիներ ընդհատել, եթե արժանապատվության սաղմեր ունենար ինքը: Կամ էլ իր կողմից խորհրդարան բերված ահելներն ու ջահելները: Եվ կամ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարությունը, որ երեք տարի առաջ այս օրերին պաշտոնը լքելու վերջնագիր էր ներկայացնում պարտության խորհրդանիշ գլխավոր հրամանատարին: Սակայն Արցախյան առաջին պատերազմի ավարտից երկու-երեք տասնամյակ անց պարզվեց, որ արժանապատվություն ասվածը, դժբախտաբար, լքել է հայոց ռազմաքաղաքական էլիտան:
Սակայն որքան էլ ճշմարտացի լինի հին հռոմեացու ասույթը՝ այն, այնուամենայնիվ, չի կարող դիտարկվել որպես համապարփակ՝ գործածելի բոլոր դեպքերի առումով: Օրինակ, այն դեպքերի, երբ նախկինում համաձայնեցված դրույթները թշնամին կրկին փորձում է դարձնել քննարկման առարկա: Եվ որքան էլ ես ու ինձ նմանները դեմ լինենք Հայաստանի գործող իշխանությանը՝ Նիկոլով սկսած ու նիկոլական վերջին վարչության պետով վերջացրած, մեզ համար ընդունելի չի կարող լինել թշնամի երկրի ղեկավարության վարքագիծը: Դրանով ենք մենք տարբերվում 100 տարի առաջվա բոլշևիկներից և երեկվա նիկոլայկան նեոբոլշևիկներից, որ «դուխով» շարժում նախաձեռնելով ու Սերժ մերժելով՝ խաբեցին հասարակությանը և իշխանություն գրավեցին: Իսկ վերջնարդյունքում էլ խեղճացան թշնամու առջև. «Արցախը Հայաստան է» ասելով՝ Արցախը զիջեցին թշնամուն ու հայաթափեցին այն: 

Քանի դեռ թշնամու ախորժակը չի բավարարվել, իսկ այն բավարարվելու նշաններ ցույց չի տալիս, նիկոլականի (տվյալ դեպքում ԱԺ պատգամավոր Խանդանյան Սարգսի) պնդումը, որ «համաձայնեցված հոդվածների շուրջ համաձայնությունները պետք է պահպանվեն», իրատեսական չէ: Քանի որ դա նշանակում է պայման դնել, իսկ պայման դնողը տվյալ դեպքում թշնամին է: Ինչ մնում է երկրորդ պնդմանը, թե «շատ կարևոր է, որ փաստաթղթի շուրջ բանակցությունները տեղի ունենան ոչ թե օնլայն ռեժիմով, այլ դեմ առ դեմ», ապա այն զուրկ է որևէ իմաստից։ Որովհետև ոչ թե շատ կարևոր է, այլ ընդամենը տեխնիկապես հարմար է բանակցելու առումով: Շատ կարևոր կլիներ երկու հավասարազոր ուժի ներկայացուցիչների բանակցությունում: Իսկ երբ կողմերից մեկը պարտված է և, դրանից բացի, խելքով ու հնարամտությամբ զիջում է թշնամուն, ապա ինչ ձևաչափով էլ ընթանան բանակցությունները, պայմաններ թելադրողը մնալու է Ադրբեջանը: Իսկ այդ պայմաններն ընդունող կամ մերժող, այն է՝ բողոքող կողմ, բնականաբար, մնալու է Հայաստանը:

Եվ վերջապես՝ ադրբեջանական պայմաններով տարածաշրջանում կայունություն կհաստատվի միայն այն դեպքում, երբ Հայաստանը, որպես պետություն, վերանա: Մնացած բոլոր դեպքերում այս երկու երկրների փոխհարաբերությունները լինելու են լարված: Իսկ լարվածության աղբյուրն էլ լինելու է Ադրբեջանը: Եվ դրա դեմ ոչինչ չեն անելու արևմտյան երկրները, որ մեծ հաշվով թքած ունեն Հայաստանի վրա: Հարցի միակ լուծումը «մեծարգո վարչապետ» Փաշինյանին հրաժարական պարտադրելն է և իրապես զրոյական կետից բանակցություններ սկսելը: Իսկ որպես դրա երաշխավորություն՝ բանակն առավելագույնս կարճ ժամկետում վերափոխելն է՝ սպառազինություն ձեռք բերելով ու ռազմական ոգի ներարկելով: Երկրոդ գործոնի առումով էլ առաջին քայլը պետք է լինի Արցախյան հաղթական պատերազմի հերոսների նկատմամբ հետապնդումները դադարեցնելը: Ու 44-օրյա պատերազմի պարտության իրական մեղավորին պատասխանատվության ենթարկելը: