Որ չասեն՝ դավաճան է

Որ չասեն՝ դավաճան է

Հինգ տարի շարունակ ամեն վատ բանի մեղքն ուրիշների վրա դնող, ամեն լավ բանի համար (եթե, իհարկե, լավ բան եղել է) իրեն պատասխանատու հռչակող Նիկոլ Փաշինյանը սկսել է ավելի հազվադեպ տալ նախկինների անունը: Թերեւս հասկանում է, որ եթե առաջին 4-5 տարիներին այդ «փաստարկն» աշխատող էր, ապա 5-րդ տարվանից հետո կարող է ճիշտ հակառակն աշխատել: Առհասարակ` այլ միավորների, անձանց, պետությունների վրա մեղքը բարդելու փորձերն ավելի ու ավելի քիչ են հաջողվում, եւ անգամ մի քանի տարի շարունակ հիպնոսացած եւ նրան փրկիչ համարող զանգվածը սկսում է կամաց- կամաց տհաճ հարցադրումներ անել եւ նրանից հաշիվ պահանջել` չկատարած խոստումների եւ ձախողումների համար: Ուստի նրա լեքսիկոնն այլեւս այնքան կոշտ չէ, որքան 2018-21 թվականներին, եւ երբեմն ինչ-որ շեշտադրումներ են հնչում` սեփական մեղքի ու սխալների, իր հեռանալու հավանականության մասին: Բայց առայժմ սեփական մեղքի գիտակցումը հեռուն չի գնում «ժամանակին պետք է ասեի, զգուշացնեի, չեմ ասել, չեմ զգուշացրել, քանի որ...» կառուցակարգերից:

Այսինքն՝ իր միակ «հանցանքն» այն է, որ 2018-ին պետք է ասեր` Ղարաբաղը մերը չի եւ չի կարող լինել, այն 1991-ին ճանաչվել է Ադրբեջանի կազմում, մենք պետք է Ադրբեջանին հանձնենք ոչ միայն 7 շրջանները, այլ նաեւ Տավուշից ինչ-որ հատվածներ, եւ եթե Ադրբեջանը ցանկանա գրավել Սեւ լճի ու Ջերմուկի սարերը, Ներքին Հանդի ու Սոթքի հատվածները, դրանք հետ պահանջելու իրավունք չենք ունենալու: Պետք է զգուշացներ, որ մենք կադաստրի վկայական եւ պետական սահմաններ չունենք: Պետք է ասեր, որ ռուսները պետք է հեռանան, եւ մեր սահմանները պետք է հայ անզեն սահմանապահները հսկեն, այլ ոչ թե զինծառայողները... Եվ այդ ամենը չի ասել մեն մի պատճառով․ որ չասեն՝ դավաճան է: